«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, Դուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք դառնալ»

«Եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, Դուք  ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք դառնալ»
12.11.2013 | 00:10

«Ես հարց եմ տալիս, որ հանրությունն իմանա։ Իշխան Զաքարյանը չի ուզում հանրությանը բացատրել, թե որտեղից իրեն մի քանի միլիոն արժողությամբ տունը։ Ցրում է, թեման փոխում։ Պարոն Զաքարյան, ես պնդում եմ, որ, որպես Վերահսկիչ պալատի նախագահ, Դուք պատասխանեք։ Դուք տո՞ւն եք կառուցել, թե՞ արտադրամաս, ի՞նչ է նշանակում տանս ներդրում են արել։ Մեխանիզմը բացատրեք, թող բոլոր անտուն ՀՀ քաղաքացիներն իմանան՝ ի՞նչ անել, որ միջազգային ներդրողները գան ու իրենց տան հարցերը լուծեն։ Ինչպե՞ս է ստացվում, որ բյուջեի միջոցները կասկածի տակ դնող պաշտոնյան կարող է ունենալ նման առանձնատուն»,- երեկ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանին նշանակելու հարցի քննարկումների ժամանակ այս հարցադրումն արեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ինչո՞ւ եք թաքցնում, ասեք, թող բոլորը հարստանան։ Թե՞ մենակ Դուք եք ուզում հարստանալ»։ Իշխան Զաքարյանը պատգամավորի հարցին ի պատասխան հիշեցրեց, որ մի քանի անգամ անդրադարձել է այդ հարցին՝ ընդգծելով. «Չեմ կարծում, որ սա այն ամբիոնն է, որտեղ կարելի է գալ և ամեն ինչի մասին խոսել։ Ես կարող եմ ցանկացած փաստաթուղթ ներկայացնել»։
Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց նաև հայտնի «կաբելի» թեման։ «Հինգ ամիս առաջ այստեղ մեղադրանքներ էիք հնչեցնում, կառավարությունը հակադարձում էր դրանց։ Դուք կաբել էիք ցույց տալիս, իսկ կառավարությունը՝ բացատրություններ տալիս։ Հիմա, ի վերջո, ի՞նչ եղավ։ Այն կաբելը, որ ամիսներ առաջ բերել էիք, այսօր բերե՞լ եք։ Եվ այդ կաբելի հետ կապված ի՞նչ եզրակացության եք հանգել»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։ ՎՊ նախագահն այս հարցին, մեղմ ասած, «լղոզված» պատասխան տվեց՝ նշելով, որ ստուգումների արդյունքում գերատեսչությունները կամ համաձայնում են իրենց բացահայտումների հետ, կամ համաձայն չեն և դատական ճանապարհով են գնում։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթում Իշխան Զաքարյանին հիշեցրեց պետբյուջեի թալանի առնչությամբ հնչեցրած խոսքերը։ «Շատ անդուր վիճակ է ինչպես մեզ համար, հանրության, այնպես էլ պարոն Զաքարյանի համար։ Մի թատրոնից հետո ականատես լինել մեկ այլ թատրոնի շարունակության։ Դուք շատ լավ ցուցադրություն արեցիք ԱԺ-ում, բայց հետո ինչ-որ բան տեղի ունեցավ, և այդ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը Ձեզ «սխալ հանեց»։ Եթե դա քննարկում էր, չպետք է լիներ մոնոլոգի տեսքով։ Դուք պետք է արձագանքեիք և փաստարկներ ներկայացնեիք։ Դուք պետք է համարձակություն գտնեիք, թքած ունենայիք առանձնատան ներդրումների վրա և ասեիք, որ չեք ցանկանում առաջադրվել, որովհետև այն, ինչ Դուք ներկայացրել էիք, իրականություն էր, որի հետևից պետք է գնայիք»։
Ալեքսանդր Արզումանյանն ավելի հեռուն գնաց և Իշխան Զաքարյանին համեմատեց քրեակատարողական հիմնարկի «սմենի» պետի հետ, որը հսկում է քրեակատարողական հիմնարկի ներքին խնդիրները։ «Սա «նշանակում» է կոչվում, իսկ անկախ մարմինների ղեկավարներին չեն նշանակում»։ «Դուք լուրջ դեմքով ասում եք՝ անկախ մարմին եք, մենք էլ լուրջ դեմքով ձևացնում ենք, թե հավատում ենք։ Սա ընդամենը բեմականացում է։ Կոմսոմոլից սկսած Դուք միշտ եղել եք նոմենկլատուրա։ Չեմ էլ կասկածում, որ եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, Դուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք դառնալ»,- ասաց Արզումանյանը՝ հիշեցնելով, որ օրերս նաև տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանում մենաշնորհ չկա, քանի որ «Կոկա-կոլան» իր արտադրանքի համար շաքարավազ է բերում։ «Դա նույնն է, որ ասես` քաղաքացի Կիրակոսը շաքարաքլոր է բերել Ֆրանսիայից ու վերացրել մենաշնորհը»,- հեգնեց Ալեքսանդր Արզումանյանը։
Հավելենք, որ այսօր կլինի ՎՊ նախագահի փակ քվեարկությունը։ Դեմ են քվեարկելու ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն չի մասնակցի քվեարկությանը։ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՀԿ-ն «կողմ» են Իշխան Զաքարյանի թեկնածությանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ