«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Որ ընտրողներն իմանան, թե ում են գործուղում ԱԺ»

«Որ ընտրողներն իմանան,  թե ում են գործուղում ԱԺ»
03.05.2013 | 00:35

Երեկ ԱԺ-ում միանգամից մի քանի նորություն կար: Նախ ԱԺ-ի դերը բարձրացվեց` վերաբացվեց «եվրաչափանիշներով» բուֆետը: Սեղաններին` ծաղիկներ, իրար հերթ չտվող սպասարկող անձնակազմ, բա գնե՜րը. դրանք էլ «զարգացում» էին ապրել: Բայց առավել կարևոր փոփոխությունը «կոսմետիկ» չէր:
Քառօրյայի վերջին օրը մի օրինագծի քննարկում պիտի շարունակվեր, հետո քվեարկություն կազմակերպվեր: Հովիկ Աբրահամյանը, լավ ճանաչելով իր «ենթականերին» («Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ» հանգով) ասաց, որ քննարկումը կարճ է տևելու: Սակայն «բազմազբաղ», անհամբեր, կոճակ սեղմող պատգամավորների սիրտը մի տեսակ նեղվում էր: Ինչպե՞ս տասը րոպեից ավելի նստեն դահլիճում: Ոմանք չդիմացան ու գնացին, նրանց թվում էր հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, որին աստիճաններից ներքև սպասող լրագրողները փորձեցին մոտենալ ու հարց տալ: Այն է, պատրաստվում էինք առաջանալ, մեկ էլ գործարարի ոտքերը երերացին, ու նա աստիճաններից «հե՜ն ա, հա՛» պիտի ընկներ: Հարցերը «փորում» մնացին: «Գյաբրլամիշից» փրկված Ալեքսանյանը վազելով անցավ լրագրողների մոտով, նետելով՛ «վռազն եմ, վռազ»: Ա՜յ մարդ, կարևորը` չընկար, հարցերը` հեչ:
Նախագծերի քվեարկությունն ավարտելուն պես պատգամավորները «բիրիքով» հենց այն պահին դուրս եկան, երբ Հովիկ Աբրահամյանը ներկայացնում էր քննարկվող հարցերի հերթականությունը: Այս պահվածքը ԱԺ խոսնակին դուր չեկավ ու նա բորբոքվեց. «Տարրական կուլտուրա պիտի ունենալ, որ երբ ԱԺ նախագահը խոսում է, գոնե սպասեն ավարտի, նոր դուրս գան»: Ավելին, խոսնակը նշեց, որ այսուհետ քարտուղարությունը տվյալներ է հրապարակելու և ներկայացնելու է այն պատգամավորների ցանկը, ովքեր նիստի կեսից գնում են: «Հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին` այդ պատգամավորների անունները տարածել սոցիալական համակարգերով, բոլոր ցանցերով, որ ընտրողներն իմանան, թե ում են գործուղում ԱԺ»,- հավելեց Աբրահամյանը: Նիստի ընդմիջման ժամանակ մեր հարցին, թե ուշացած չէ՞ կարգուկանոնի հաստատումը ԱԺ-ում, խոսնակն ասաց. «Կարգուկանոն միշտ եղել է, հիմա փորձում ենք մի քիչ խստացնել»: Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահը նշեց, որ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն` պատվիրակությունների կազմում չընդգրկել, գործուղումներ չուղարկել և այլն: «Անկախ անուն-ազգանունից, ով չի մասնակցի, չի ստանալու»,- Ծառուկյանի բացակայություններին առնչվող լրագրողների դիտարկմանն էլ այսպես արձագանքեց Աբրահամյանը:
Մի ուշագրավ հանգամանք էլ. պարզվում է, Հովիկ Աբրահամյանն իսկապես հոգնել է խնամու` Գագիկ Ծառուկյանի «թիկունքը» մշտապես պահելուց: Երբ Մարգարիտ Եսայանի «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի շնորհանդեսին լրագրողները նրան տեղեկացրին, որ Եսայանի խնամին` Աղվան Վարդանյանը, ասել է, թե «գժանոց» բառի կողքը պիտի գիծ դնել ու ավելացնել «ԱԺ», Աբրահամյանը հակադարձեց. «Ինքը երևի իրեն նկատի ունի, ուրիշ պատգամավորների մասին ո՞նց էդպես կասի»: Հետո էլ, թե` «Խնամիներից պրծում չունենք»:
«Գրքի անվանափոխման Ձեր տարբերակին Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ»,- ասացինք Աղվան Վարդանյանին, ինքն էլ հեգնեց. «Այ, եթե գրենք գժանոց-ԱԺ-կառավարություն, հաստատ կհամաձայնվի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ