ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արևմուտքը 200 միլիարդի խոստում տվեց․ Հայաստանով անցնող միջանցքի հարցը լուծվա՞ծ է

Արևմուտքը 200 միլիարդի խոստում տվեց․ Հայաստանով անցնող միջանցքի հարցը լուծվա՞ծ է
26.07.2024 | 09:27

G7-ի երկրները պատրաստ են մինչև 200 միլիարդ դոլար ներդնել Կենտրոնական Ասիայում ենթակառուցվածքային նախագծերում, և Ղազախստանը նման նախագծերի իրականացման հիմնական ուղղություններից է։ Այս մասին Ղազախստանի փոխարտգործնախարար Նազիրա Նուրբաևայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Համաշխարհային ենթակառուցվածքների և ներդրումների համար գործընկերության ծրագրի» ԱՄՆ-ի հատուկ համակարգող Հելաինա Մացան։

G7-ի «Համագործակցություն՝ հանուն գլոբալ ենթակառուցվածքների և ներդրումների ծրագիրն» իր առաջ խնդիր է դնում մինչև 2027 թվականը 600 միլիարդ դոլար ներդնել զարգացող երկրներում ենթակառուցվածքային նախագծերի համար։

Կարևորը մենք ենք ու Ամերիկան, Միջին Ասիան մեզ ի՞նչ

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս հանդիպումը և հնչած հայտարարությունը մեզ հետ կապ չեն կարող ունենալ, իսկ իրականում սա Հայաստանի ներկայի և ապագայի հետ շատ ուղիղ կապ ունի։ Միջին Ասիայի երկրներում նման ծավալի ներդրումները արդյունաբերական նոր հզորություններ են ստեղծելու, որը բերելու է արտադրության կտրուկ աճի։ Արտադրված ապրանքներն ու ծառայությունները չեն կարող սպառվել հենց Միջին Ասիայում, դրանք պետք է տեղափոխվեն Արևմուտք։ Հենց տեղափոխման հարցում է, որ նկատելի է Հայաստանի դերը։

Մեր նախորդ հրապարակումներից մեկում խոսել ենք ԱՄՆ-ի կողմից, այսպես կոչված, Միջին միջանցքի (դրա հայաստանյան հատվածն Ադրբեջանի գովազդած, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է) գործարկման անհրաժեշտության մասին։

Նախորդ ամիս Երևան և Բաքու կարևորագույն այցեր տեղի ունեցան, որի առանցքը միջանցքի հարցում համաձայնություն ստանալն էր։

Հունիսի 9-12-ը Հայաստանում էր գտնվում ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը։ Նա հանդիպեց Փաշինյանի հետ և ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացեց փակագծեր՝ իր այցի վերաբերյալ։ «Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարևոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը»,-հայտարարում է ամերիկացի պաշտոնյան՝ խոսելով, այսպես կոչված, Միջին միջանցքի մասին, որը նույն «Զանգեզուրի միջանցքն» է։

Հայաստան կատարած այցից հետո Օ’Բրայենն այցելեց Ադրբեջան։ Ալիևի հետ քննարկել է Միջին Ասիան Եվրոպային կապող միջանցքի հարցը, որը անցնելու է Ադրբեջանով և Հայաստանով:

«Նախագահ Ալիևի հետ մենք շատ պարզ ենք. եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի խնդիրն է, այլ նաև ողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է: Այս բոլոր երկրներն այժմ արտահանում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով։ Որպեսզի ելք ունենան, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանի տարածքով դեպի Սև ծով, իսկ մյուսը՝ պոտենցիալ շատ ավելի մեծ երթուղի, կանցնի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով: Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր՝ վերջ դնելու պատերազմին և սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ խաղաղության ժամանակն է»,-ԱՄՆ-ի սենատում հայտարարել է պետքարտուղարի օգնականը։

Օ’Բրայենի՝ Բաքու-Երևան վոյաժներից հետո նրա ղեկավար Բլինքենը հայտարարեց «երթուղիների» (պետք է հասկանալ «Զանգեզուրի միջանցք») բացման կարևորության մասին։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը և, ընդհանրապես, կարծում եմ՝ հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական հաղորդակցության, տնտեսական աճի, ինչպես Արևելքի և Արևմուտքի, այնպես էլ՝ հյուսիսի և հարավի երկրների միջև կապերի հաստատման համար: Ադրբեջանը վճռորոշ դեր ունի այս հարցում»,-ընդգծել է Բլինքենը Բրուքինգսի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ։

Մեր նախորդ հրապարակման մեջ արձանագրել էինք, որ ԱՄՆ-ը կարողացել է միջանցքի հարցում ստանալ Հայաստանի համաձայնությունը, և միակ կողմը, որի հետ դեռ քննարկումների մեջ են, Ադրբեջանն է։ Վստահաբար կարելի է ասել, որ Ադրբեջանն էլ ցանկանում է, որ իրեն Թուրքիային միացնող այդ միջանցքը բացվի, բայց հասկանալով, որ դրա բացման մասով մեծ հետաքրքրություն ունի Արևմուտքը՝ փորձում է դիվանագիտական խաղ խաղալ և հնարավորինս մեծ կտոր ստանալ աշխարհաքաղաքական այս խաղում։

Վերադառնալով միջանցքի հարցին՝ կարող ենք ասել, որ այն Արևմուտքը իր համար արդեն լուծված է համարում, հակառակ պարագայում «Համաշխարհային ենթակառուցվածքների և ներդրումների համար գործընկերության ծրագրի» ԱՄՆ-ի հատուկ համակարգող Հելաինա Մացան չէր հայտարարի Միջին Ասիայի երկրներում G7-ի երկրների (գլոբալ Արևմուտքի) կողմից 200 միլիարդ դոլարի ներդրում կատարելու ծրագրերի մասին։

Ի՞նչ խնդիր կա միջանցքի հետ

Տնտեսական միջանցքներ աշխարհում էլի կան, ու խնդիր չէր լինի այս դեպքում ևս, եթե չլիներ երկու հանգամանք։ Արևմուտքն այս միջանցքի գաղափարն առաջ է տանում՝ նպատակ ունենալով շրջանցել Ռուսաստանի Դաշնությունը և տնտեսական շրջափակման մեջ դնել ռուսներին։ Այս տեսանկյունից Միջին միջանցքը չի կարող անվտանգ անցնել Հայաստանով, քանի դեռ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակից, և այստեղ տեղակայված է մնում ռուսական ռազմաբազան։

Մյուս հանգամանքը կապված է Ադրբեջանի ցանկությունների հետ։ Ադրբեջանը ևս չի ցանկանում, որ միջանցքի հայաստանյան կտորը լինի Հայաստանի վերահսկղության տակ։ Ադրբեջանի դեպքում արդեն կարևոր էլ չէ՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակի՞ցն է, թե՞ չէ․ ինքը ցանկանում է իր վերահսկողության տակ ունենալ միջանցքի հայաստանյան հատվածը, որն իրենք «Զանգեզուրի միջանցք» են անվանում, կամ որ գոնե ադրբեջանցիների տարանցման համար լինեն հատուկ պայմաններ և, որ ամենակարևորն է, Հայաստանի զինված ուժերը չվերահսկեն այդ միջանցքը։ Ու քանի որ, ըստ ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենի, «Ադրբեջանը վճռորոշ դեր ունի Միջին միջանցքի» գործարկման հարցում, ուրեմն իրենք պետք է ինչ-որ կերպ բավարարեն այդ երկրի ցանկությունները։

Ադրբեջանի պահանջների մի մասը Հայաստանի իշխանությունները պատրաստ են բավարարել։ Սրա մասին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դեռ 2022 թվականի սեպտեմբերին, երբ խոսել է միջանցքի՝ Հայաստանով անցնող հատվածը մասնավոր կազմակերպության հսկողությանը հանձնելու գաղափարի մասին։ Հետո Փաշինյանի սատելիտները մանրամասնել են, որ այդ մասնավոր կազմակերպությունը լինելու է արևմտյան։ Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը սրանով չի բավարարվում և, ըստ ամենայնի, Ադրբեջանը հիմա ցանկանում է ստանալ նաև հատուկ պայմաններ իր երկրից տեղափոխվող բեռների համար։ Հաշվի առնելով այս ծրագրի կարևորությունը Արևմուտքի համար և դրանում Ադրբեջանի դերակատարումը՝ ըստ ամենայնի, նրանք կստիպեն Հայաստանին բավարարել Ադրբեջանի այս ցանկությունը ևս։

Փաշինյանի անելիքը

Փաշինյանը ամերիկյան պլանն իրագործելու համար այս պահին երկու անելիք ունի՝ քանդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները ու դուրս հանել Հայաստանից ռուսական ռազմաբազան և համոզել հայ ժողովրդին, որ տրվող միջանցքը միջանցք չէ, իսկ Ադրբեջանին հատուկ արտոնություններ տալը հանուն ինքնիշխանության է արվելու։

Ովքեր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, կարող են փաստել, որ Փաշինյանը ջանք չի խնայում տրված առաջադրանքը կատարելու համար։ Գործը գլուխ բերելուն բան չի մնացել։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 6420

Մեկնաբանություններ