Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ադրբեջանն առաջնահերթ ռազմավարական գործընկերոջ կարիք ունի

Ադրբեջանն  առաջնահերթ ռազմավարական գործընկերոջ կարիք ունի
19.12.2008 | 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԽՍՀՄ-ի փլուզման հետ մեկտեղ նկատելի դարձավ, որ Հայաստանում ու Վրաստանում հայտնվել են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր անչափ մտահոգված էին «ազգային գաղափարի» որոնումներով։ Այդ գաղափարի անհրաժեշտության հետ կապված վստահությունը փոխանցվեց նաև նոր սերունդներին, ինչպես այդ երկու, այնպես էլ այլ ժողովուրդների, որոնց մտավորականները չկարողացան հաղթահարել ուշացած ռոմանտիզմը և ինտեգրացվել նոր պայմանների դաշտում։
Ադրբեջանում, սակայն, այդ գաղափարի որոնումները բնորոշ էին երկու-երեք մտավորականների, ովքեր անհուսորեն ռուսացած էին և բացարձակապես չէին համապատասխանում իրենց էթնոսի իրական իդեալներին։ Դեռ նավթային ծրագրերի իրագործումից շատ առաջ ադրբեջանական հասարակությունն ու վերնախավը միանգամայն գիտակցված և առանց որևէ ամոթխածության ընդունեցին այն իրողությունը, որ Ադրբեջանի համար «ազգային գաղափարը» նավթն է։ Այսպիսով, նավթը դարձավ բոլոր հնարավոր քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հոգևոր խնդիրների լուծման միջոց։ Ադրբեջանն արդեն զգացել է նավթային եկամուտների առավելությունը, սակայն միաժամանակ նավթի մեծ ծավալների արտահանման ժամանակաշրջանը կրճատվում է։ Մնում է միայն հինգ տարի, և 2012 թվականից հետո նավթի արդյունահանման ծավալները կտրուկ կնվազեն, իսկ բազային խնդիրների լուծումը դեռ շատ հեռու է։ Ներկայումս Ադրբեջանն առաջատար գործընկերների հետ իր հարաբերություններում բացել է բոլոր խաղաքարտերը։ Բաքուն, ըստ էության, ընդունել է բոլոր պայմանները, որ առաջադրել են արևմտյան գործընկերները նավթի ու գազի արդյունահանման առումով, անվտանգության և ռազմական համագործակցության ոլորտում։ Ղարաբաղի հարցում Ղարաբաղի իրական և ոչ դեկլարատիվ դիրքորոշումը, ըստ էության, նույնպես հանգում է արտաքին գործընկերների պայմանների ընդունմանը։ Ավելին` Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում իրենից ներկայացնում է հարկադրական համաձայնություն «կարգավորման» լավագույն տարբերակին։ Միաժամանակ նավթը շարունակում է մնալ բոլոր հիմնական պրոբլեմների լուծման միակ հույսն ու միջոցը։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը 1992-ի ամռանը զրահատանկային զորամասերի մասնակցությամբ ավարտեց Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ երկրորդ պատժիչ գործողությունը, պարզվեց, որ այդքանով հանդերձ, Ադրբեջանը չի կարողացել լուծել իր խնդիրները։ Բաքվում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որից հետո Հեյդար Ալիևը դրեց Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմքերն ու նախանշեց նրա հիմնական սկզբունքները, ինչն իր մեջ ենթադրում էր բազմավեկտորություն։ Սակայն ԱՊՀ-ի ոչ մի պետություն այդպես էլ չի կարողացել ձևավորել և ամբողջությամբ իրագործել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, քանի որ դրա համար անհրաժեշտ միջոցները, նյութական ու քաղաքական ռեսուրսներն անհասանելի են նորանկախ պետությունների, այդ թվում` Բալթյան երկրների համար։ Խնդիրը նույնիսկ ռեսուրսների մեջ չէ, ակտուալ էլիտաներն այդ երկրներում պատրաստ չեն և հետաքրքրված չեն այդքան բարդ արտաքին քաղաքականության իրականացմամբ, որն իր մեջ բարձր ռիսկայնություն ունի, այդ թվում` ներքին քաղաքականության առումով։ Ադրբեջանում վաղուց հասկացել են, որ արևմտյան հանրությունը դիտարկում է իրենց երկիրը բացառապես իբրև գազի ու նավթի մատակարարի ու բացարձակապես հետաքրքրված չէ ժողովրդավարության կայացմամբ։ Արևմուտքին ընդամենը պետք է, որ Ադրբեջանում լինի վարչական կարգ ու կանոն և ներքին կայունություն։
Արևմտյան հանրությունը բոլորովին չի պատրաստվում լուծել ղարաբաղյան խնդիրը և անկեղծորեն հայտարարում է, որ այդ պրոբլեմը չունի քաղաքական լուծում` կողմերի ներկա դիրքորոշումների պայմաններում։ Իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես դարձել է էթնիկ տարածաշրջանների անկախացման հզորագույն նախաձեռնողը, և Եվրոպայի երկրներում շատ քաղաքական ուժեր նպաստում են այդ ծրագրի իրականացմանը։ Երկար տարիներ Եվրոպայում քաղաքական հետազոտություններով զբաղվող փորձագետների համար վաղուց արդեն գաղտնիք չէ, որ առնվազն եվրոպական փորձագիտական հանրության մեջ որոշակի տարածված կարծիք կա Հարավային Կովկասի երկրների` Եվրամիության կազմ ինտեգրացվելու հետ կապված։ Կարելի է նշել առնվազն երկու տասնյակ եվրոպական փորձագետների, որոնք սերտ կապված են եվրոպական կառույցների և առաջատար եվրոպական պետությունների կառավարությունների հետ և հնարավոր են համարում Հայաստանի ու Վրաստանի ընդգրկումը Եվրոպական Միության կազմ, բայց ոչ մի դեպքում` Ադրբեջանի հայտնվելն այնտեղ։ Ընդ որում, բացարձակ անկեղծորեն, սակայն ոչ հրապարակային ռեժիմում բացատրվում է, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են ընդունվել Եվրամիություն, որպես, ոչ ավել-ոչ պակաս, քրիստոնեական պետություններ։ Եվրոպական անվտանգության հարցերով առաջատար բրիտանական մասնագետ Կլաուս Բեքերը պնդում է, որ նույնիսկ մի քանի տարի առաջ նման բան չէր ասվում անգամ գաղտնի շփումների ժամանակ։ Իհարկե, ներկայումս այս թեման դեռևս հրատապ չէ, և խնդիրը բոլորովին էլ քաղաքական որոշումների գործընթացների սելեկտիվությունն ապահովելը չէ։ Սակայն այն, որ Եվրոպան արդեն սկսել է առաջադրել ու քննարկել նույնիսկ այսպիսի «էկզոտիկ» հարցեր, միջազգային հարաբերություններում նոր իրողությունների արտահայտությունն է։ Առայժմ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության փոխհարաբերություններում Հարավային Կովկասի պետությունների հետ չկան ինստիտուցիոնալ տարբերություններ։ Բայց վաղ թե ուշ, հավանական է, որ նույնիսկ շատ արագ կառաջանա գործնական հարցը, թե ինչու է Եվրամիությունը մերժում Թուրքիային, բայց պատրաստ է իր կազմում տեսնել Ադրբեջանին, որը նույն էթնոկրոնական և քաղաքական մոդելի պետություն է։ Ցանկացած դեպքում Ադրբեջանը մշտապես զգում է իր անհավասարությունն արևմտյան հանրության հետ հարաբերություններում և գործնականում տարբերություն չի տեսնում Եվրամիության և ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների մեջ։
Ադրբեջանական հիասթափության հաջորդ օբյեկտը Թուրքիան է, նրա քաղաքականությունը։ Թուրքիան, որ մեծ դժվարությամբ է լուծում իր խնդիրներն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ և անիմաստ համարում խորքային ներթափանցումը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պրոբլեմների մեջ, երբ բուն Անատոլիան տարաբաժանված է մասերի, այդ գործընթացը շարունակվում է նոր առաջնահերթությունների որոնման ձևով։ Ադրբեջանական էլիտայի հավերժական գաղափարի համաձայն, Թուրքիան ոչ միայն պետք է օգնի Ադրբեջանին, այլև նրա փոխարեն լուծի բոլոր պրոբլեմները։ Այս գաղափարը շարունակում է մնալ ադրբեջանական սպառողական մտածողության արատավոր մասը։ Թուրքիայի նկատմամբ ադրբեջանական մոտեցումն ունի երկու բաղադրիչ` անատոլիական մոդելի կրկնօրինակումը և Թուրքիայի պահվածքի ընդօրինակումը։ Գումարած սպառողական մտածելակերպը, որը, ի վերջո, հանգեցրել է խոր հիասթափության Թուրքիայի նկատմամբ` իբրև ազգակից պետության և ռազմավարական գործընկերոջ։ Միանգամայն հասկանալի է, որ Թուրքիան բոլորովին չի շտապում լուծել Հայաստանի հետ կապված բոլոր պրոբլեմները, այլ ծրագրում է բոլորովին ուրիշ, էքսպանսիոնիստական խնդիրների լուծում ընդհանուր տարածաշրջանում։ Սակայն նույնիսկ դեպի Հայաստան ձեռնարկած Թուրքիայի սահմանափակ քայլերն Ադրբեջանում արդեն դարձել են ոչ միայն ծայրահեղ գրգռվածության առիթ, այլև Բաքվի առաջ դրել մի շարք կարևոր հարցեր։
Ռուսաստանի գործողությունները Վրաստանի նկատմամբ վերջնականապես հավասարակշռությունից հանեցին Ադրբեջանի ղեկավարությանը, իսկ նման հոգեվիճակը լավ խորհրդատու չէ արտաքին քաղաքականության մեջ։ Ադրբեջանը փորձում է բազմազանեցնել իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի հետ «նոր» հարաբերություններով, ինչն ԱՄՆ-ում, անգամ Թուրքիայում ոչ թե մտահոգություն, այլ քմծիծաղ է առաջացնում։ Շլացնելու նպատակ հետապնդող այդ փոխադարձ քաղաքական նախաձեռնությունը հանգեցրեց ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված «ռուսական նախագծի» հրատապ երևան գալուն։ Ավելի հարմար նախագահ Ռուսաստանում, քան Դ. Մեդվեդևն է, Ադրբեջանի համար այլևս չի գտնվի։ Բացարձակապես անփորձ քաղաքական գործիչ, կորպորատիվ հայացքներով ու կեցվածքով, որն ավելի շատ հիշեցնում է ահռելի փողեր տնօրինող կոմերցիոն ընկերության հաջողված մենեջերի, ում հետ կարելի է խոսել ինչպես բրոքերի հետ։ Գտնվելով բավական աննախանձելի վիճակում ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև սեփական կառավարության ներսում, Դ. Մեդվեդևը կարիք ունի արտաքին քաղաքական արագ ու ցուցադրական հաջողությունների, որոնք կհամադրվեին կոմերցիոն առավելությունների հետ։ Ղարաբաղյան թեման դարձավ մեծ կեղծիք հենց Դմիտրի Մեդվեդևի համար, քանի որ շատ շատերը Մոսկվայում այդ նախագծի ստեղծման ամենասկզբից հետ էին քաշվում նոր նախագահից` հասկանալով դրա կանխատեսելի տապալումը։ Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական լոբբինգը բավական ազդեցիկ գտնվեց, եթե նույնիսկ այդպիսի խայտառակ տապալումից հետո Հայաստանի վրա շարունակվում է ճնշումը Ղարաբաղի հարցով։ Անկասկած, Ադրբեջանը զգացել է Ռուսաստանին դիմելու իր նախաձեռնության ողջ ապարդյունությունը իբրև մի տերության, որն ընդունակ է լուծել ղարաբաղյան հարցը Բաքվի օգտին առանց իրեն էական վնաս պատճառելու։ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն ադրբեջանական սցենարով կհանգեցնի Ռուսաստանի համար Հարավային Կովկասի լիարժեք կորստին և արդեն հիմա Ռուսաստանը հասկացել է, որ հավերժ կորցրել է Հայաստանի ու հայերի նվիրվածությունն ու անկեղծությունը` ձեռք բերելով նոր ու շատ անցանկալի թշնամի, որը գտնվում է հենց ռուսական ճամբարում։ Այսպիսով, Ադրբեջանի բազմավեկտոր քաղաքականությունից ոչինչ դուրս չեկավ, ինչպես նաև նրա «բախտակից» մյուս ընկերների մոտ դա չստացվեց։
Ադրբեջանի պատմական ճակատագիրը շատ անորոշ է, նրա տեղը տարածաշրջանի ապագա աշխարհաքաղաքական դասավորության մեջ` անհասկանալի։ Ադրբեջանի ապագա նախապատվությունները կասկածելի են, իսկ նրա հասարակությունը, քաղաքական ու հոգևոր առումով, ընդհանրապես հասունացած չէ, որպեսզի այդ պետական կազմավորման վրա մեծ խաղագումարներ դրվեն իբրև ռազմավարական գործընկերոջ։ Եվրոպայի և Եվրասիայի «պատմական» պետությունների համար բազմաթիվ խնդիրներ կան Ադրբեջանի հետ հարաբերություններում, և նույնիսկ Թուրքիան Բաքվին չի դիտարկում իբրև լիարժեք գործընկերոջ` որոշակի զգուշավորությամբ ընդունելով նրա նախաձեռնություններն ու հավակնությունները։ Կան շատ նախանշաններ ու փաստեր, որոնք ապացուցում են ժամանակակից թուրքական և ադրբեջանական շահերի անհամատեղելիությունը։ Բաքվում սկսել են գլխի ընկնել, որ Թուրքիան ամենևին էլ շահագրգռված չէ ամբողջական քաղաքական կառույցներով ադրբեջանական պետության ձևավորման մեջ։ Թուրքիան շահագրգիռ է Ադրբեջանի ենթակայությամբ այն աստիճան, որ նա այնքան էլ չպնդի Ղարաբաղի հարցի լուծման իր պահանջը։ Անկարայում հիանալի հասկանում են, որ ղարաբաղյան հարցը հանդիսանում է և նույնիսկ ավելին` կարող է վերածվել ավելի լուրջ խոչընդոտի մոտակա միջնաժամկետ տարածաշրջանային և միջտարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Ղարաբաղյան թեման չի կարող շեղել Թուրքիային ավելի կենսական խնդիրների լուծումից, Անկարայի վերնախավի համար դա ընդամենն ադրբեջանական հավակնությունների հարց է, ոչ ավելի։
Ադրբեջանական պրոբլեմների եվրոպական ընկալումն այնքան անընդունելի ու օտար է ադրբեջանցիների աշխարհընկալմանը, որ Բաքվում վաղուց հասկացել են` երկիրն ամենասահմանափակ շանսերն ունի զարգանալու հենց եվրոպական վեկտորի ուղղությամբ։ Առաջին հայացքից եվրոպական առաջնահերթությունները, որոնք ենթադրում են «տարածքային ամբողջականության» հարգում և «փախստականների» վերադարձ, կարծես լիովին համապատասխանում են ադրբեջանական շահերին։ Սակայն Եվրամիությունը, մայրցամաքային Եվրոպայի առաջատար պետությունները չունեն տարածաշրջանում օպերացիոն կառավարման համակարգ, ոչ էլ պատրաստվում են այն ստեղծել։ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը մոտենալու Եվրամիության փորձերի յուրաքանչյուր փուլն ավարտվում է տապալմամբ, ինչը բացահայտում է այդ գաղափարի ու ջանքերի անհեռանկարայնությունը։ Արևմուտքում Ադրբեջանի միակ իրական գործընկերն ԱՄՆ-ն է` Մեծ Բրիտանիայի հետ նրա գործընկերային հարաբերությունները հաշվի առնելով։ Միայն ամերիկացիներն են Եվրասիայում կառուցում որոշակի աշխարհաքաղաքականություն և կարիք ունեն հուսալի գործընկերների, ինչպես նաև իրենց ռազմավարության ծավալման «հրապարակների»։
Գեոռազմավարական պայմանների ու առանձնահատկությունների տեսանկյունից Ադրբեջանը բնութագրվում է իբրև իդեալական տարածք տարբեր նշանակության ռազմական բազաներ ստեղծելու համար։ Եվ հավանաբար շատ շուտով ԱՄՆ-ը կշարունակի իր քաղաքականության իրագործումն Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն հարց է առաջանում, թե ինչ տեղի կունենա, որքանով կմեծանա Ադրբեջանի նշանակությունն ԱՄՆ-ի համար իբրև տարածաշրջանային գործընկերոջ։ Հնարավոր է, որ միայն ուժեղանա ԱՄՆ-ի ֆունկցիոնալ ներկայությունն այդ երկրում, իսկ դրանք բոլորովին էլ համարժեք հասկացություններ չեն։ Գործընկերոջ հետ տեղի է ունենում որոշակի երկխոսություն համապատասխան ձևաչափով, իսկ «հրապարակն» օգտագործվում է միայն տեխնիկական նպատակների համար։ 2005-07 թթ. իրադարձությունները, երբ Ադրբեջանն իրագործում էր Հայաստանի հետ պատերազմի վերսկսման իմիտացիայի իր ծրագիրը, ամերիկացիները բավական հասկանալի բացատրեցին ադրբեջանական առաջնորդներին, որ նրանք իրենց արժանիքների շնորհիվ չեն ստանում մեծ եկամուտներ և ձեռք բերում սպառազինություն, այլ արևմտյան պետություններն են ստեղծել այդ պայմանները։ Եվ նրանց համար ընդունելի տարբերակ չէ ռազմական գործողությունների վերսկսումը։ Սա դասական օրինակ է, թե ինչպես են տեխնիկական խնդիրների շուրջ «բանակցում» «հրապարակի» հետ։
ԱՄՆ-ը կարիք չունի Ադրբեջանն ընդգրկելու իր ռազմավարական գործընկերների ցանկում, չնայած Վաշինգտոնում գործող վարչակազմի` այդ թեմայով հնչեցրած պաշտոնական հայտարարություններին։ Ամերիկացիները շատ լավ հասկացել են, որ Ադրբեջանը ժամանակակից աշխարհում, ԱՄՆ-ից բացի, ռազմավարական գործընկեր չունի, ինչպես էլ «ռազմավարական գործընկերություն» բառակապակցությունը տարբեր ձևափոխումներով օգտագործվի տեխնիկականից մինչև քաղաքական հարցերի շրջանակում։ Իսկ Հայաստանը, ինչպես ոչ մի այլ պետություն, շահագրգիռ է, որ հենց ԱՄՆ-ը դառնա ոչ միայն Ադրբեջանի գործընկերը, այլև միակ գործընկերը։ Այն համատեքստում, որ «միակ» բառն էլ հենց նշանակում է ռազմավարական և ոչ ուրիշ որևէ բան։ Միաժամանակ կան սպասումներ, որ Վրաստանն է դառնալու ամերիկյան բազաների տեղակայման «հրապարակ» այս տարածաշրջանում, իսկ Ադրբեջանին կվերապահվեն հիմնականում տրանզիտային գործառույթներ։ Ադրբեջանի արտաքին հարաբերություններում ԱՄՆ-ի առաջատար դերը թույլ կտա Բաքվին պահպանելու հարաբերական ինքնուրույնություն արտաքին քաղաքականության մեջ, անվտանգության հարցերում, ինչպես նաև բովանդակային երկխոսության հնարավորություն այլ գործընկերների հետ։ Կարիք չի լինի փոխըմբռնման հասնել այլ տերությունների հետ, և Ադրբեջանը հարկադրված կլինի համակերպվելու այն իրողությանը, որ նավթը և միայն նավթն է ազգային գաղափարը, որը չի բավականացնի մեծ հավակնություններն իրագործելու համար, բայց միանգամայն բավարար է բարեկեցիկ գոյություն պահպանելու տեսանկյունից։ Բաքվում պետք է բավարարվեն այսպիսի հեռանկարով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3393

Մեկնաբանություններ