Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ոնց որ իմ տանը, արվեստանոցում կարգուկանոն կա, այնպես էլ ազգային պատկերասրահում»

«Ոնց որ իմ տանը, արվեստանոցում կարգուկանոն կա, այնպես էլ ազգային պատկերասրահում»
01.09.2009 | 00:00

«ՊՂՏՈՐԵԼՈՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՄԻՏՔԸ, ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՆՐԱՆ ԱՇԽԱՏԵԼ»
«Կարծես տասնչորս տարեկան պատանու աշխատանքներ չլինեն»,- այսպես արտահայտվեց Էդուարդ Իսաբեկյանը 1964-ին, ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ` Երևանի Կիրովի անվան մշակույթի պալատում կազմակերպված առաջին անհատական ցուցահանդեսը դիտելուց հետո: Մի քանի տարի անց նկարիչն ընդունվեց Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա` Անդրեյ Միլնիկովի մոնումենտալ գեղանկարչության արվեստանոցում պրոֆեսիոնալ հիմք ստեղծելով հետագա գործունեության համար: Դիպլոմային աշխատանքով` Կոմիտասին նվիրված պաննոյով, արժանացավ արվեստասեր հասարակայնության ուշադրությանը և հրավիրվեց Հայաստան` այստեղ շարունակելու ստեղծագործական ճանապարհը: 1975-ից սկսեց դասավանդել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում` 1989-2002 թթ. ղեկավարելով գեղանկարի ամբիոնը: 2002-ից ստանձնելով Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենությունը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի Պետրովսկու անվան ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը հաջողությամբ համատեղում է գեղանկարչի, տնօրենի և դասախոսի գործունեությունը: Լինելով մոտ երկու հազար ստեղծագործությունների հեղինակ` ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս նոր անհատական ցուցահանդեսներով:
«ԱՅՍՕՐ ԷԼ ՎԹԱՐԻ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ»
-Վերջին տարիներին Հայաստանի ազգային պատկերասրահը նոր շնչով է ներկայանում: Հարթվե՞լ են, արդյոք, լիարժեք գործունեության մշտառկա խոչուխութերը։
-Լինելով պետության, կառավարության ուշադրության կենտրոնում` այն դարձել է երկրի գիտամշակութային կյանքի կարևոր հանգույցներից մեկը: Պատկերասրահի շենքն ի սկզբանե չի ունեցել թանգարանին անհրաժեշտ պայմաններ: Նման հարուստ հավաքածուով թանգարանները տեղակայված պիտի լինեն երկու-երեք հարկերից բաղկացած առանձին, ընդարձակ շենքերում, կուտակված չլինեն մեկ կետում: Դա անհրաժեշտ է, առաջին հերթին, ճիշտ ցուցադրության կազմակերպման համար: Քանիցս նշել եմ` ներկա վիճակը սխալ է ստրատեգիական առումով և վնասում է թանգարանի աշխատանքին: Սա պատիվ չի բերում հնագույն մշակույթ ունեցող ազգին: «Լինսի» ծրագրի շրջանակներում կատարված վերանորոգումը զուտ կոսմետիկ էր: Խոնավության, օդափոխության, անվտանգության համակարգերը պետք է բարեկարգվեին հիմնովին` նկուղից մինչև իններորդ հարկ: Ազգային պատկերասրահը միայն թանգարանային նմուշների պահպանության և ցուցադրության վայր չէ (չնայած սա է թանգարանի առաքելությունը): Այստեղ անցկացվում են դասախոսություններ, կազմակերպվում են միջազգային սիմպոզիումներ, կինոդիտումներ, շնորհանդեսներ, «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը, տարբեր երկրների մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ։ Մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությունը լիարժեք դարձնելու նպատակով սերտացնում ենք կապը դպրոցների, բուհերի հետ: Մեր հիմնական ֆունկցիաներից մեկը ֆոնդերի մշակումն է, լրացումն ու պահպանումը: Չգնահատված նոր արժեքներ են բացահայտվում նույնիսկ ճանաչված վարպետների ստեղծագործությունների մեջ: Նրանց հոբելյանները նշանավորող ցուցահանդեսները թողած ժառանգության վերարժևորման առիթ են դառնում:
-Մշտապես և հետևողականորեն անդրադառնալով արդի կերպարվեստում տեղի ունեցող իրադարձություններին, հաճախ եմ բողոքներ լսել, թե ազգային պատկերասրահը, միայն իր ֆոնդերով զբաղվելու փոխարեն, նկարիչների միությունից խլել է ընթացիկ ցուցահանդեսներ կազմակերպելու նախաձեռնությունը։
-Միության շենքի եռամյա վերանորոգման ընթացքում միայն: Չէր կարելի Գրիգոր Խանջյանի, Սարգիս Մուրադյանի, Գրիգոր Աղասյանի 80-ամյա և հանրահայտ մյուս արվեստագետների հոբելյանները մոռացության մատնել` հետաձգելով: Նկարչի տան վերաբացումից հետո ՀՆՄ անդամների ցուցահանդեսներով կզբաղվի միությունը, մենք` արտերկրի նկարիչների: Սերտորեն համագործակցում ենք դեսպանատների հետ: Հրատարակել ենք մի քանի կատալոգ, որոնք ներկայացնում են պատկերասրահում պահվող իտալական, գերմանական, ֆրանսիական արվեստի հավաքածուները: Ողջ Այսրկովկասում Օտտո Դիքսի ստեղծագործությունների նման ցուցահանդես չէր կազմակերպվել, նաև` Մաքս Էռնստի գրաֆիկական և լուսանկարչական աշխատանքների: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի հետ համատեղ բացվեց նաև իրանական արվեստի սրահը: Վերջապես կարողացանք գրաֆիկական արվեստի, քանդակագործ Հակոբ Գյուրջյանի վաթսուն տարի առաջ նվիրաբերած ստեղծագործությունների առանձին ցուցասրահներ ունենալ միջազգային չափանիշներով: 18-20-րդ դարերի արևմտաեվրոպական ժամացույցների մեր հավաքածուի ժամանակավոր ցուցահանդեսը թե՛ թանգարանային աշխատողներիս, թե՛ այցելուներին այնքան դուր եկավ, որ որոշեցինք պահել որպես մշտական ցուցադրություն: Ցավոք, տարածքների լուրջ խնդիր ունենք: Ցուցադրության արժանի հրաշալի քանդակներ կան մեր պահոցներում։
-Չէի՞ք կարող վերանորոգման ժամանակ որոշակի փոփոխություններ անել:
-Ամեն ինչ որոշված-հաստատված էր արդեն: Կարողացա լուսավորության հարցը կարգավորել, սրահների ձևավորման որոշ խնդիրներ: Եթե ներգրավված լինեի նախապատրաստական փուլում, անպայման կխնդրեի դիզայներներ, պրոֆեսիոնալներ ընդգրկել, և ստիպված չէինք լինի ջեռուցման հարցը վերաբացումից հետո «Հայաստան» հիմնադրամի օգնությամբ լուծել: Օդափոխության, անվտանգության հարցերը կարգավորված պետք է լինեին նախապես: Վերանորոգման ժամանակ խողովակները չեն փոխվել, և ջրի ճնշման հետևանքով ցանկացած պահի կարող են պայթել քառասուն տարվա վաղեմության խողովակները: Ահազանգս ժամանակին ուշադրության չարժանացավ:
-Եղե՞լ են վթարի դեպքեր:
-Մի քանի օր առաջ գիտական մասում խողովակները չորս-հինգ տեղից ճայթել էին: Մինչ այդ էլ` ցուցասրահում: Որքան էլ ուշադիր լինենք, կանխատեսել վթարը չենք կարող: Ի վերջո, սրահները փակում ու տուն ենք գնում, կարո՞ղ ենք գիշերվա համար պատասխանատու լինել:
-Վերջին տարիներին ազգային պատկերասրահում ակտիվ հրատարակչական գործունեություն է իրականացվում …
-Բացի թանգարանային գործունեությունից (գիտական անձնագրերի պատրաստում, դրանց տվյալների պարբերական լրացումներ, ֆոնդային գործունեություն և այլն), յուրաքանչյուր գիտաշխատող կատարում է նաև որևէ հավաքածուի գիտական մշակում, զեկուցումներ, համապատասխան ցուցահանդեսի կազմակերպում, ինչպես նաև տվյալ նյութի լուսաբանում մամուլում: Հնարավորության սահմաններում յուրաքանչյուր ուսումնասիրված հավաքածու ներկայացնում ենք առանձին կատալոգով, ալբոմով: Առաջինը, որ տպագրվեց, հին հունական արվեստի հավաքածուի կատալոգն էր, որին հետևեցին «Ռուսական արվեստը», «18-20-րդ դդ. արևմտաեվրոպական ժամացույցներ» (ի դեպ, հնաոճ ժամացույցները հայերեն ներկայացնող առաջին աշխատանքը), «Հակոբ Գյուրջյան», «Ճապոնական ՈՒտագավա դպրոցի ուկիո-է փորագրություն», «Գևորգ Բաշինջաղյան» և այլ աշխատանքներ: Մեր գրահրատարակչական գործունեության խոշոր նվաճումն էր «Հայաստանի ազգային պատկերասրահ» ստվարածավալ ալբոմը, որում առաջին անգամ ընդգրկվեցին բոլոր բաժինները` յոթ հարյուր իլյուստրացիաներով:
«ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ»
-Անվանի մեծերին արժանի հետնորդներ կա՞ն արդյոք նոր սերնդում:
-Դժվար է ստույգ գնահատել դեռ չկազմավորված մարդկանց ստեղծագործական ներուժը: Ամեն մի ժամանակ ինքն է ստեղծում մշակութային (և ոչ միայն) իր դեմքը, որի ամբողջական պատկերն էլ անմիջապես չի հստակվում: Տարբեր սերունդների մերօրյա արվեստագետների գործերում ազգային արմատներից հեռանալու միտում եմ նկատում: Մեր երիտասարդությունն ավելի շատ տարված է ամերիկյան, եվրոպական շուկայում մրցունակ նկարչությամբ` այսօրվա թելադրանքով ապրելու համար: Որդեգրում են հոլանդացու, ֆրանսիացու ճաշակն ու մտածողությունը: Այլազգի լուրջ արվեստագետները երկմտում են` «ո՞րն է հայկականը»: Համամարդկային արժեք է դառնում ազգային արմատներ ունեցող ինքնատիպ մշակույթը: Իրենք իրենցն անում են մեզանից լավ, ի՞նչ կարիք կա ընդօրինակելու, կապկելու: Մեծերից սովորելով` պիտի քո ժողովրդի համար արարես: Ցավոք, օտարամոլությունը ներկայիս հայ մշակույթի բոլոր ոլորտներում է բնավորվել: Մշտապես նախազգուշացնում եմ իմ ուսանողներին` նկարչությունը կոմերցիոն չափանիշներով գնահատելը «սկիզբն է վերջի»: Երբ նկարելիս շահույթի մասին ես մտածում, արվեստ չես ստեղծի: Ես էլ եմ վաճառում իմ գործերից, իհարկե, բայց դա չպիտի լինի գլխավոր նպատակը:
-Հայ արվեստագետները, նրանք, ովքեր մեզ հետ չեն արդեն, բավարա՞ր են գնահատված:
-20-րդ դարասկզբին արվեստագետներն իրենց ժամանակի մեջ այլ կերպ էին գնահատվում, այսօրվա հեռվից մենք այլ հայացքով ենք նայում։ Խաչատուր Եսայանի ցուցահանդեսի բացմանը հիշո՞ւմ եք ինչ ասացի: Արվեստագետի հարյուրամյակը լրանալուց հետո ես միայն կարողանում հստակ որոշել նրա տեղն ու դերը ժամանակում, մեծության սահմանները սերունդներն են որոշում: Իհարկե, ստեղծագործողը պետք է ուշադրության արժանանա, նկատվի իր կյանքի օրոք, բայց ուռճացված մեծարանքը միայն վնասել կարող է, էլ չեմ խոսում արժեզրկող չարակամության մասին:
-Հաճախ ենք չափազանցության գիրկն ընկնում` անժամանակ գերագնահատմամբ: Անցնում են տասնամյակներ, և ժամանակի անաչառ քննությանը չեն դիմանում օրվա կուռքերը։
-Հաջորդ տարի կազմակերպելու ենք Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված ցուցահանդես: Հայ կերպարվեստի մեծերից մեկն է: Պատկերացնո՞ւմ եք, նրան նույնիսկ չենք կարողացել պատշաճ ներկայացնել համաշխարհային կերպարվեստում: Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի նրա նկարազարդման 100-ամյակն է լրացել: Որևէ մեկը չի հիշում այդ մասին: Արշակ Ֆեթվաճյանի 145-ամյակն է լրացել: Մեր երիտասարդ նկարիչները նրա անունն անգամ չգիտեն, այնինչ հայ կերպարվեստում ջրաներկի երկրորդ նման վարպետ չի եղել: Ազգային պատկերասրահում նրա գործերից առանձնակի կարևորության մի հավաքածու է պահպանվում` 19-րդ դարի վերջի Անի քաղաքի ճարտարապետության գիտական ուսումնասիրության գծանկարները` անգնահատելի և՛ ճարտարապետների համար, և՛ նկարիչների: Նպատակ ունենք հաջորդ տարի գիտաժողով անցկացնել դրա հետազոտության համար:
-Ենթադրում եմ, որ տարածքային անհարմարության, սղության պատճառով է նման արժեքավոր հավաքածուն ստվերում, չցուցադրված մնացել, այնինչ ավելի քան հիսուն տարի այն պատկերասրահում է:
-Այդուհանդերձ, ակտիվ գիտական աշխատանք է կատարվում պահոցներում: Ի դեպ, փոփոխվում են նաև գիտական անձնագրերը, լրացվում են գունավոր լուսանկարներով (նախկին սև-սպիտակ խունացած լուսանկարների փոխարեն), կրկին ստուգվում և լրացվում են գիտական անձնագրի տվյալները: Համակարգչային ծրագիր ենք մշակել. առարկան ունենալու է գիտական անձնագրի ավանդական, շոշափելի և էլեկտրոնային տարբերակներ:
-Երբևէ հակված չեմ եղել բամբասանքներ շրջանառելու կամ վերծանելու, բայց քանի որ Ձեր անձի շուրջ դրանք գունեղացվում են, եկեք մեր զրույցով սպառենք նոր «լեգենդների» սիրահարների երևակայությունը: Ասում են` Նահանգներում շքեղ տուն ունեք, որտեղ Ձեր ցուցահանդեսներն եք կազմակերպում։ Եվ, կարծեմ, նույն` Գառնիում կառուցված դղյակի թանկարժեք քարից է։
-Մի գաղտնիք ասե՞մ: (Ծիծաղում է): Դժվար եմ տանում ինքնաթիռային ուղևորությունը։ Ամերիկայում դեռ չեմ եղել: Եթե իմ տունն ուրիշ տեղ «կառուցած» լինեին, շատ կուրախանայի: Ասում եք` դղյակի թանկարժեք քարի՞ց: Գառնիում արվեստանոց ունեմ, որի մի մասը երեսպատված է ձորում թափված քարերից: Գիտե՞ք, զարմանում ու ցավ եմ ապրում մարդկային երևակայության սլացքը տեսնելով: Ինքս ուրախանում եմ, երբ շուրջս ճաշակով, շքեղ կառուցված առանձնատներ, շինություններ եմ տեսնում: Գառնիի գետափին կիտված այդ քարերով տեղի բնակիչները քառասուն-հիսուն տարի իրենց տների բակերը, մերձակա տարածքներն են երեսպատել: Իսկ Գառնիում տուն երազել եմ ունենալ դեռ 70-ականներին, երբ դիպլոմային աշխատանքիս էտյուդներն էի անում այնտեղ, այդ տեղանքն ինձ համար ներշնչանքի աղբյուր էր: Լրագրողները տարօրինակ աշխատաոճ են որդեգրել մեր օրերում: Ստույգ տեղեկություն, անաչառ վերլուծություն և, ինչո՞ւ չէ, քննադատություն ներկայացնելու փոխարեն տարված են սենսացիոն հորինվածքների մասսայականացմամբ, միայն թե աղմուկ բարձրանա։ Բայց ինչի՞ հաշվին: Պրոֆեսիոնալ խղճի՞… Եվ, պղտորելով արվեստագետի միտքը, խանգարում են նրան աշխատել:
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3671

Մեկնաբանություններ