Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՇՔ Է` ԶՈՒԼԱԼ ՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՎ ԼԻ»

«ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՇՔ Է` ԶՈՒԼԱԼ ՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՎ ԼԻ»
28.09.2010 | 00:00

ՎԱՐԴԱՆ ՄԵՐՋԱՆՅԱՆ, գեղանկարիչ, խառնվածքով` հախուռն, տեսակով` պայքարող` հանուն քաղաքակիրթ ու ժողովրդավարական հանրապետության։ Նրա հետ զրույցում շոշափում ենք կերպարվեստի ու դրա շուրջն ընթացող բազմաբնույթ խնդիրներ։ Ի դեպ, ծնվել է Երուսաղեմում, ապրել Կիրովականում, սովորել Երևանում։ ՈՒ 14 տարի դադարել նկարելուց։
-Վանաձորում բնակվող և ստեղծագործող նկարչի համար հեռուստախցիկն առանձնակի կարևորություն է ստանում. կապ աշխարհի, երկրի ու ժամանակի հետ։ Հեռուստացույցով ինչի՞ն եք հետևում և ո՞ր ալիքին եք նախապատվություն տալիս։
-Ոչ մեկին։ Երբ Հ1, Հ2 կամ «Արմենիա» ես դիտում, թվում է` երջանկության հանգրվանում ենք։ «Ազատություն» ռադիոկայանն եմ ունկնդրում դեպքից դեպք։ Երբեմն էլ «Շանթ» եմ դիտում։ Առհասարակ, գավառը կարծես դուրս է երկրից։ Մշակութային կյանքը կա այնքանով, որքանով կան նրա անդուլ մշակները։
-Կենսագրությունդ ուշագրավ է. Թերլեմեզյանի գեղարվեստի ուսումնարան, Էչրումչյանի արհեստագործական ուսումնարան և գեղարվեստաթատերական ինստիտուտ։
-Ինստիտուտում շատ հետաքրքիր էր։ Մի ուրույն նկարչական միջավայր էր` Անատոլի Պապյան, Ֆրանց Սիմոնյան, Կարլեն Նուրիջանյան, Ռաֆայել Պետրոսյան, Արտո Չաքմաքչյան... Նրանցից սովորում էինք, նրանց հետ աշխատում, մի զարմանալի ընկերություն էր` սկսնակ կերպարվեստագետների և կյանքի ճանապարհ անցած վարպետների։ Այսօր ցավով եմ տեսնում, որ ընկերությունները... սուպերմարկետներում են։
-Վանաձորում, Լոռվա հեքիաթում ինչպե՞ս է զուգահեռվում նկարիչը։
-Նկարչությունը, առհասարակ, հրաշք է` զուլալ ու խորհուրդներով լի։ Սա, երբ քո միջավայրում ես, կտավիդ առջև ու վրձնիդ հետ։ Բայց դու հաճախ միայնակ չես. կան ընտանիք, զավակներ, պարտավորությունների մի շղթա։ Նաև դու քո երկրի, քո քաղաքի քաղաքացին ես։ Քաղաքացիությունն է, որ գրեթե չկա, ես զգացմունքային տեսակ եմ, և սուտը, կեղծիքը` իր բոլոր դրսևորումներով, մերժում եմ, չեմ հանդուրժում։ Ես պայքարում եմ, ես հայ եմ ու քաղաքացի և Վանաձորը լքելու որևէ ցանկություն չունեմ, չկա նման մի այլ եզերք։
-Դուք հաջողությամբ ցուցահանդեսներ եք ունեցել և հնարավորություն` ապրելու, թեկուզ, ժամանակավոր, դրսում։ Սակայն վերադառնում եք ու ապրում մեր դժվար իրականությամբ։ Տեսակի խնդիր է։ Հայ կերպարվեստի Ձեր տեսլականը. ի՞նչ է այն, որտեղի՞ց է գալիս և ո՞ւր է ճանապարհ բռնում։
-Բարդ ու ընդհանրական հարց է։ Ի՞նչ է նշանակում հայ գեղանկարչություն։ Յուրաքանչյուրը պիտի իր մեջ դա փնտրի ու պատասխանը փորձի գտնել։ Եթե իսկական, զարգացած նկարիչ է, նա համամարդկային արժեքային համակարգում է, հայ լինի, թե եթովպացի։ Ասում են` ազգային ծրագիր, ազգային չգիտեմ թե ինչ։ Սա մի քիչ հին է ու սին։ Եթե ես հայ եմ, բնականաբար, կրում եմ հայկական արժեքները, չպետք է կառչեմ ինչ-ինչ մտացածին երևույթներից։ Նկարիչը, առհասարակ, երկխոսության մեջ է աշխարհի հետ։
-Ձեր գեղագիտական չափանիշները, ընկալումները, արժեքները։
-Սարյանը հայտնություն էր։ Սա հանրահայտ է։ Նա մի ամբողջ Արևելք ընկալեց ու կերպավորեց, քանզի պոետ էր և խոսեց հայերեն։
-Վանաձորյան գաղափարագեղագիտական Ձեր միջավայրն ովքե՞ր են ձևավորում։
-Նկարիչներ Վիլիկ Գաբուզյանն ու Արամ Նազարյանը։ Ամփոփեմ այսպես։ Բայց դա մի աշխարհ է...
-Ո՞Ւմ գնահատանքն եք արժևորում։
-Գրել են ու լավ են գրել արվեստաբան Պողոս Հայթայանը, նկարիչ Հրանտ Թադևոսյանը։ Հայաստանի ազգային պատկերասրահից արվեստաբան Արմեն Գասպարյանն է վերջերս գրել։ Հիմնականում, անշուշտ, համամիտ եմ։ Առանձնապես հակված չեմ ներկայանալու և ներկայացումների։
-Ձեր եղբայրներից մեկը և՛ հովանավոր է, և՛ աջակից, և՛... եղբայր։
-Շատ կարևոր մարդ է ինձ համար Ղազարոս Մերջանյանը։ Համակարգչային բիզնեսում ներդրումներ է կատարում, շատ նուրբ ու աչալուրջ։ Եվ անում է ամենը, որ ես ստեղծագործեմ։ Մոնտե Կառլոյի և Փարիզի հաջող ցուցադրություններում նրա, այսպես ասած, մեղքի բաժինը մեծ է։ Ապրում է Ֆրանսիայում և, կրկնում եմ, անում ամեն բան, միայն թե նկարեմ։
-Շնորհակալություն զրույցի համար և նյութը եզրափակենք Արմեն Գասպարյանի վերջին, դեռ լույս չտեսած հոդվածի մի հատվածով.
«Վարդան Մերջանյանի համար կարևորը միջավայրն է։ Նա խոստովանում է, որ եթե իրեն հանկարծ կտրեն իր միջավայրից, դա կնշանակի դադարել գոյություն ունենալուց։ Եվ համարում է, որ իրականության մեջ ոչինչ տգեղ չկա, եթե ապրում է, արդեն գեղեցիկ է։ Նրա ողջ նկարչությունը մարդու մասին է։ Նույնիսկ նատյուրմորտների հասարակ առարկաները մարդու մասին պատմելու, մարդուն ներկայացնելու միջոց են։ Հիրավի երազկոտ են այս ազնիվ նկարչի ստեղծագործությունները։ Նրանցում տեսարանները կարծես լողում են մեղեդային շղարշում և գտնվում են իրականության տրամադրած լիցքային դաշտում»։
Զրույցը` Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5839

Մեկնաբանություններ