Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»
24.03.2017 | 11:14

(Դմիտրի Վոլկոգոնովի «Յոթ առաջնորդներ» գիրքն ընթերցելիս)

(սկիզբը`այստեղ)

Չենք կարող հատուկ չառանձնացնել Բեռլինի գրավման օպերացիան: Գերմանիայի վերջնական պարտությունը ակնհայտ էր և օրերի հարց: Եվ սկսվել էր մի անառողջ մրցակցություն 1-ին ուկրաինական ռազմաճակատի (հրամանատար` մարշալ Ի. Կոնև) և 1-ին բելոռուսական ռազմաճակատի (հրամանատար` մարշալ Գ. Ժուկով) զորամիավորումների միջև՝ մարդկային կորուստները հաշվի չառնելով Բեռլին առաջինը մտնողի դափնեպսակին տիրանալու համար: Եվ միայն Ստալինի բավականին կոշտ միջամտությամբ այդ հարցը լուծվեց հօգուտ Ժուկովի, բայց ոչ հօգուտ առողջ բանականության: Ցանկացած գնով ամերիկացիներից և բրիտանացիներից ավելի շուտ Բեռլին մտնելու խնդիրը լուծվելու էր աներևակայելի մեծ թվով զոհերի գնով: Եվ արդեն 25 միլիոնից ավելի զոհերին գումարվեցին ևս 500000-ը: Սա ոչնչով չարդարացված բարբարոսություն էր, որն իրականացվեց ամբողջովին ականապատված տարածքը զինվորների կյանքի գնով ականազերծելով և տխրահռչակ «солдат не жалеть, бабы ещё нарожают» հակամարդկային կոչ-կարգախոսով: Ոչ մի նման բան հնարավոր չէ պատկերացնել Տրումեն-Էյզենհաուեր կամ Չերչիլ-Մոնտհոմերի տանդեմների գլխավորությամբ կամ մասնակցությամբ: Եվ պատահական չէ, որ ռուս մտավորականներից շատերը (Աստաֆև, Սոլժենիցին, Ն. Նիկուլին և ուրիշներ) երբևիցե չարդարացրին նման «հաղթանակները»։


Ստալինի կենսագրության ամենափառավոր էջերից մեկը համարվում է հենց այդ, այսպես կոչված, Հայրենական մեծ պատերազմը: (Պատմագիտական գրականության մեջ այդպիսի անվանում գոյություն չունի: Այդ պատերազմի անխուսափելիությունը պայմանավորված էր նախ և առաջ երկու ավազակապետությունների՝ բոլշևիկյան բռնապետական ԽՍՀՄ-ի և ֆաշիստական Գերմանիայի տիրակալներ Իոսիֆ Ստալինի և Ադոլֆ Հիտլերի արյունարբու, մարդակեր էությամբ): Այդ դաժան, գրեթե չորս տարի տևած և ի վերջո իսկապես Հայրենականի վերաճած պատերազմում հաղթեց ժողովուրդը՝ աննկարագրելի զրկանքների և առնվազն 27 միլիոն զոհերի գնով, ցուցաբերելով խիզախություն, իր Հայրենիքը պաշտպանելու աննկուն կամք և վճռականություն: Այո, հենց ժողովուրդը և զավակների բանակները իրենց տաղանդավոր զորավարների գլխավորությամբ, այլ ոչ թե «հանճարեղ գեներալիսիմուս» Ստալինը:


Մենք` հայերս, անթաքույց հպարտությամբ ենք նշում հայ ժողովրդի մեծ ավանդը այդ հաղթանակում, հիշում նրա պանծալի զավակներ Հովհաննես Բաղրամյանին և Հովհաննես Իսակովին, Արմենակ Խանփերյանց-Խուդյակովին և Համազասպ Բաբաջանյանին, անվեհեր օդաչու, Սովետական Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին և հարյուրից ավելի մյուս հերոսներին, հիսունից ավելի գեներալներին, դաշնակից երկրների զինված ուժերի կազմում մարտնչած հազարավոր հայորդիներին (Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյան, ԱՄՆ-ի ռազմական ավիացիայի օդաչու, հետագայում ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյան և շատ ու շատ ուրիշներ):
Մեծագույն ցավով պետք է խոստովանենք, որ խիստ անհամամասնական էին մեր կորուստները: Միայն Կերչի մսաղացում զոհվեցին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, իսկ ՀԽՍՀ-ից ռազմաճակատ մեկնածներից տուն չվերադարձան ավելի քան 200 հազարը: ԽՍՀՄ մնացած տարածքից ունեցանք մոտ 100 հազար զոհ ևս և, այդպիսով, հայազգի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 324000 մարդ, ուղղակի սարսափելի մի թիվ, մանավանդ որ մեր հանրապետությունը հեռու է եղել ռազմական գործողությունների թատերաբեմից և չի ենթարկվել ավիացիոն ռմբակոծումների:


Ներկայացնեմ մայրիկիս ծննդավայրի (Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղ)` Հայրենական մեծ պատերազմի մասնակցությանը վերաբերող որոշ տվյալներ:
Սարուխանը Հայաստանի երեք ամենամեծ գյուղերից մեկն է: Անցյալ դարավերջին (մինչև չարաբաստիկ արտագաղթը) բնակչության թիվը հասել էր մոտ 10 հազարի, գյուղն ուներ չորս միջնակարգ դպրոց: (Հպարտությամբ ուզում եմ նշել, որ 1897 թ. գյուղում առաջին դպրոցը հիմնել և երեխաներին անվճար տառաճանաչություն ու գիր է սովորեցրել իմ պապը՝ վարժապետ Նահապետ Դեղոյանը):
1939 թ. մարդահամարի տվյալներով` Սարուխանն ուներ 942 ծուխ և 4635 բնակիչ, իսկ ռազմաճակատ էր զորակոչվել 1252 հոգի, որոնցից 425-ը տուն չվերադարձան: Մասնակիցներից մոտ 40 հոգին մեր ազգականներն էին, միայն Դեղոյան ազգանունով՝ 20-ը, իսկ զոհվածների թվում՝ 9-ը: Արդյո՞ք շատ չէ մի գյուղի և մի գերդաստանի համար:
Չեմ կարող իմ հարգելի ընթերցողներին չներկայացնել մի զարմանալի «թվաբանություն»: Ամբողջ պատերազմի ընթացքում Մեծ Բրիտանիայի զոհերի ընդհանուր թիվը կազմում էր մոտ 400 հազար մարդ (303 240 զինվորական, 67 100 քաղաքացիական բնակչություն և 30 000՝ ձկնորսական և առևտրային նավատորմներում): Եվ դա այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիան Գերմանիայի հետ պատերազմի մեջ էր 1939 թ. սեպտեմբերից, անգլիական քաղաքներն օր ու գիշեր ենթարկվում էին գերմանական ֆաուների հրթիռակոծությանը և ավիացիոն ռմբահարումներին, անասելի դաժան կռիվ էր ընթանում երկու երկրների ռազմածովային նավատորմների միջև, գերմանական սուզանավերը ամենուր էին, երկու երկրների ցամաքային զինված ուժերը կռվում էին Միջերկրածովյան Աֆրիկայի երկրներում, իսկ 1944 թ. հունիսից` նաև Եվրոպայում ՝ մինչև պատերազմի հաղթական ավարտը: Այո, պարզվում է, որ այդ տխուր ցուցանիշով ԽՍՀՄ-ում ապրող հայությունը (1939 թ. մարդահամարի տվյալներով` 2 152 860 մարդ) նույնիսկ «գերազանցել» է այդ տարիներին բնակչության թվով իրեն ավելի քան 20 անգամ գերազանցող Մեծ Բրիտանիային (1940 թ. տվյալներով՝ 46 029 200 մարդ): Այս «հանելուկի» պատասխանը մեկն է. նրանք ունեին ՈՒինսթոն Չերչիլ, իսկ մենք՝ Իոսիֆ Ստալին: (Այդքան էլ հեշտ չէ համեմատության եզրեր գտնել Մարլբորոյի դուքսի VII սերնդի շառավղի և «թիֆլիսցի նեղճակատ կինտո», նույնիսկ գերեզմանի տեղն անհայտ, փողոցային հարբեցող Բեսո Ջուղաշվիլու որդու միջև, թեկուզ նա տիրացել էր իշխանության աներևակայելի բարձունքների): Մնացած եզրակացությունները թողնենք մեր հարգարժան ընթերցողներին:
Հիմա, մեր օրերում, շատ հաճախ ենք առնչվում տարօրինակ և իրականության հետ աղերսներ չունեցող երևույթների հետ, երբ դիտում ենք ռուսական մի քանի հեռուստաալիքների որոշ հաղորդումներ, բանավեճեր, ինչ-ինչ զրույցներ, պատմություններ: Բերեմ մի թարմ օրինակ. հենց վերջերս, այդպիսի մի հաղորդման ժամանակ, Ռուսաստանի մշակույթի նախարար, գիտությունների դոկտոր Վ. Մեդինսկին առանց աչքը թարթելու պնդում էր, որ հիտլերյան Գերմանիան 1940 թ. ընդամենը մի քանի շաբաթում ջախջախեց Ֆրանսիան՝ իր 6-միլիոնանոց բանակով: Թե ինչպես կարող էր ընդամենը 40 միլիոն բնակչություն ունեցող երկիրը 6-միլիոնանոց բանակ ունենալ, այն էլ առանց համընդհանուր զորահավաքի, կարող է պատկերացնել միայն Մեդինսկու պես «հանճարը»: Եվ հեռուստաէկրաններին տիրացած մյուս «մեդինսկիները» (Կիսելյով, Կուրղինյան և էլի մի քանիսը), անամոթաբար, անազնիվ մեթոդներով, «անկեղծ հայրենասերի» դիմակ հագած, խեղաթյուրելով պատմական փաստերն ու իրականությունը, շարունակում են հասարակության դեբիլացման իրենց «վսեմ» առաքելությունը: Այս դեպքերում է, որ չես կարող չհիշել Սեմուել Ջոնսոնի հայտնի խոսքը. «Հայրենասիրությունը ստահակների վերջին ապաստարանն է»:


Աշխատում են չհիշել հենց Ստալինի մեղքով կրած խայտառակ պարտությունները, պատերազմի նախօրեին նրա գործած ոճիրները (միայն 1937 թ. մարտից մինչև 1938 թ. նոյեմբեր նրա անմիջական հրահանգով և անհիմն մեղադրանքներով մահվան դատապարտվեց 38679 զինվորական՝ գեներալներ և սպաներ), տարաբնույթ բազմաթիվ կոպիտ սխալները, առաջին օրերի ողորմելի պահվածքը, պատերազմի առաջին վեց ամիսներին «անպարտելի Կարմիր բանակի» հինգմիլիոնանոց անձնակազմի 4 միլիոն 800 հազարի կորուստը (2,8 միլիոն սպանված, 2 միլիոն գերի հանձնված), որ գերմանացիները հասցրին զավթել ԽՍՀՄ եվրոպական տարածքի հսկայական մասը, 80 միլիոնից ավելի մարդ մնաց օկուպացված տարածքում, եղան 800000, 600000-անոց շրջափակումներ («котел»-ներ )։


Աշխատում են ամեն կերպ նսեմացնել դաշնակից պետությունների դերը, համարյա երբեք չեն հիշում Ամերիկայի հսկայական ռազմական և պարենային օգնությունը՝ ԼԵՆԴԼԻԶԸ։
Տարիներ շարունակ սովետական, իսկ մինչև հիմա էլ ռուս պատմաբանների մեծ մասը պնդում է, որ ԱՄՆ-ը և Անգլիան դիտավորյալ ձգձգում էին Երկրորդ ճակատի բացումը: Չնայած իրենք էլ պարտավոր էին իմանալու և, իհարկե, գիտեին, որ պատերազմական գործողությունները Անգլիայի դեմ ու Անգլիայի կողմից մի օր իսկ չեն դադարեցվել, իսկ Հյուսիսային Աֆրիկայում Անգլիան ու Ամերիկան իրենց լավագույն զորամիավորումներով պատերազմում էին գերմանական և իտալական միացյալ ուժերի դեմ, որոնց գլխավորում էր գերմանական ռազմական փառքի և քաջության խորհրդանիշ ֆելդմարշալ Էրվին Ռոմելը:


Եվ 1943 թ. մայիսին Թունիսում տարած փայլուն հաղթանակից հետո, երբ գերեվարվեցին 250000 գերմանական ու իտալական զինվորներ (140000-ը՝ գերմանացիներ, հսկայական էին նաև թանկարժեք ռազմական տեխնիկայի կորուստները), աֆրիկյան մայր ցամաքն ազատվեց գերմանական վերջին զինվորից: Իսկ երբ ապակողմնորոշող փայլուն գործողության շնորհիվ դաշնակիցներին հաջողվեց դեսանտ իջեցնել Սիցիլիա կղզում, ապա եվրոպական մայր ցամաք ներխուժելը ռազմական տեսակետից արդեն բարդ խնդիր չէր և այն դարձավ մոտակա շաբաթների լուծելիք հարց: ՈՒժերի հարաբերակցությունը Միջերկրական ծովի ավազանում որոշակիորեն անգլո-ամերիկացիների օգտին էր, որը, անշուշտ, խիստ կարևոր գործոն էր:
Ո՛չ Չերչիլը, ո՛չ Ռուզվելտը, ո՛չ էլ դը Գոլը Ստալին չէին, որի համար ոչ թե մեկ, այլ 100 հազար զինվորի կյանքն առ ոչինչ էր, և որին երբեք չէր հետաքրքրում զոհերի թիվը: Նրանք երեքն էլ հստակ գիտակցում էին, որ գերմանական զինուժի ափամերձ պաշտպանական զորեղ պատնեշի հաղթահարումը դժվարագույն, գրեթե անլուծելի խնդիր է և «ափալ- թափալ» դրան գնալը հղի էր ոչ միայն հսկայական կորուստների իրական սպառնալիքով, այլև հիմնովին ձախողման մեծ հավանականությամբ: Եվ միայն հսկայական նախապատրաստական աշխատանքներից հետո, աներևակայելի քանակությամբ ծովային փոխադրամիջոցների օգտագործումով (5300 միավոր, որի 1/4-ը ռազմանավեր էին) և, չնայած գծանավերի, հածանավերի, կործանիչ նավերի անխնա հրետակոծությանը, գերմանական ափամերձ պաշտպանական պատնեշը լիովին չոչնչացվեց և, ցավոք, միայն մեծաքանակ զոհերի գնով, 1944 թ. հունիսի 6-ին դաշնակիցներին հաջողվեց դեսանտավորվել ֆրանսիական ափերին, որից հետո մեկ տարի էլ չտևեց Գերմանիայի վերջնական պարտությունը:


Մեր ժողովուրդը որոշակի հույսեր էր կապել Պոտսդամի կոնֆերանսի հետ: Հայտնի է, որ հենց այնտեղ է դրվել Թուրքիայից հայկական հողերի մի մասը վերադարձնելու հարցը: (Խոսքը Թուրքիային վիժվածք Լենինի նվիրած տարածքների մասին է): Բայց պատերազմի ավարտին Եվրոպայում Ստալինի ծավալապաշտական մոլուցքն ուղղակի կատաղեցրել էր դաշնակիցներին, և նրանք տրամադրվել էին կոշտ դիմադրության, մանավանդ որ հենց այդ օրերին ԱՄՆ-ը հաջողությամբ իրականացրեց ատոմային զենքի փորձարկումը: Իսկ շատ չանցած նրա կիրառումը Ճապոնիայում ստիպեց Ստալինին զսպել ախորժակը, և Թուրքիան շարունակեց իր անօրինական տիրապետությունը պատմական անվիճելիորեն հայկական տարածքների վրա: Եվ ստացվեց շատ տարօրինակ մի բան. ատոմային ռմբակոծումներից շահեցին բոլոր երկրները, նույնիսկ Ճապոնիան, և տուժեց միայն Հայաստանը: Իսկական «հայի բախտ»:


Պատերազմի ավարտից հետո առաջին տարվա հիշարժան իրադարձություններից է Անգլիայի նախկին (և ապագա) պրեմիեր-մինիստր ՈՒինսթոն Չերչիլի ճառը 1946 թ. մարտի 5-ին ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Ֆուլտոնի Վեստմինստրյան քոլեջում, որը պատմության մեջ մտավ «Ֆուլտոնյան ճառ» անունով:
Ես շատ կուզեի, որ իմ սիրելի «Իրատես» թերթը ունենար «Պատմության հիշարժան էջեր» խորագրով հոդվածաշար, որտեղ փորձեին նորովի, ազնիվ, անաչառ, առանց «մարքս-լենինյան ամենահաղթ ուսմունքով զինված» սովետական կեղծարարների մեկնաբանությունների ներկայացնել մեր ոչ այնքան հեռավոր անցյալի իրադարձությունները, որոնց ծանոթանալով մեր բնակչության ավագ ու միջին սերնդի մարդիկ հնարավորություն կունենան ազատվելու տասնյակ տարիներ իրենց պարտադրված խեղաթյուրումներից, ստերից և զրպարտանքներից: Եվ ամենակարևորը. պարտավոր ենք անել մեզնից կախված ամեն ինչ, որ մեր կրթվող սերունդը դաստիարակվի «ճշմարտություն, միայն ճշմարտություն և ոչինչ, բացի ճշմարտությունից» կարգախոսով:


Նույնիսկ մեր օրերում, այսինքն` 70 տարի անց, գտնվում են «պատմաբաններ, քաղաքագետներ», որոնք «Եվրոպա աշխարհամասի վրա Բալթիկայից մինչև Ադրիատիկ իջած երկաթե վարագույրի» մասին Չերչիլի ասած խոսքերին վերագրում են սառը պատերազմին սկիզբ դնելու պատիվը, դույզն-ինչ չհասկանալով, որ մեծն անգլիացին արձանագրել է միայն եղած փաստը, իսկ բուն «փաստով» աշխարհը պարտական էր բոլշևիկյան բռնապետությանը և նրա «իմաստուն» առաջնորդին:
Չերչիլը ճարտասանության, հռետորական արվեստի մեծ վարպետ էր: Նրա բոցաշունչ կոչ-դիմումը բրիտանական ժողովրդին 1940 թ. պրեմիեր-մինիստրի պաշտոնին անցնելիս, հռչակավոր ելույթը Թունիսում անգլո-ամերիկյան զինված ուժերի տարած հաղթանակի առթիվ («սա վերջի սկիզբը չէ, այլ վերջն է սկզբի»), փայլուն ելույթները համայնքների պալատում կարող են պատվավոր տեղ ունենալ հռետորական արվեստի մասին ուսումնական ձեռնարկներում:


Իսկ նրա «ֆուլտոնյան ճառը» հռետորական արվեստի իսկական գլուխգործոց է, խորաթափանց մտքի, պատմության զիգզագներում կողմնորոշվելու և նրա հետագա ընթացքը կանխագուշակելու բացառիկ դրսևորում: Դրանում կհամոզվի ցանկացած ողջախոհ մարդ, ով հնարավորություն կունենա անձամբ ծանոթանալու հանճարեղ անգլիացու այդ դարակազմիկ ելույթին: Եվ բոլորովին պատահական չէր, երբ 1953 թ. «...պատմական և կենսագրական բնույթի ստեղծագործությունների բարձր վարպետության, ինչպես նաև փայլուն հռետորական արվեստի համար, որի օգնությամբ պաշտպանվել են մարդկային բարձրագույն արժեքները» բանաձևումով գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացավ ՈՒինսթոն Չերչիլը:
(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 13907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ