Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է բխի մեր երկարաժամկետ ազգային շահերից»

«ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է բխի մեր երկարաժամկետ ազգային շահերից»
19.12.2008 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐ ԵՐԿԻՐ Է, ԲԱՅՑ ՈՒՆԻ ՄԵԾ ՁԳՏՈՒՄՆԵՐ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Պարոն Բաղդասարյան, հետաքրքիր է` ի՞նչ մեխանիզմներով է իրականացնում ԱԱԽ-ն իր գործունեությունը և հատկապես` «ումո՞վ». աշխատանքների կոորդինացումը թե՜ դրսի, թե՜ ներսի համապատասխան կառույցների հետ ինչպե՞ս է տեղի ունենում:
-ԱԱԽ-ն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են պարբերաբար: Համաձայն նոր օրենքի` հանրապետության նախագահը հիմնել է իր երկրորդ աշխատակազմը` ԱԱԽ աշխատակազմը, որը կոչված է ապահովելու խորհրդի գործունեությունը և նրա ընդունած որոշումների իրագործումը: ԱԱԽ քարտուղարն ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը, կառավարում է աշխատակազմը, կազմում է երկրի անվտանգության տարեկան զեկույցը, համակարգում և վերահսկում խորհրդի որոշումների կատարման ընթացքը:
Աշխարհում գործում է 50-ից ավելի անվտանգության խորհուրդ, որոնք, որպես կանոն, պետության ղեկավարներին շատ սերտորեն առնչվող համակարգեր են և ունեն լայն լիազորություններ պետության ռազմավարական զարգացման գործում: Միայն վերջին մեկ տարում նման կառույցներ են ստեղծվել Ֆրանսիայում, Իտալիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում: Մենք արդեն սերտ կապեր ենք հաստատել մեկ տասնյակից ավելի երկրների անվտանգության խորհուրդների հետ, ինչը հնարավորություն է տալիս օպերատիվ լուծումներ տալ երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող շատ հարցերի: Հաշված օրեր առաջ Երևանում առաջին համաձայնագիրն ստորագրեցինք Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հետ:
-Տեսակետ կա, որ Անվտանգության խորհուրդը կրկին կարևորվեց, և փորձ արվեց վերջինիս ինստիտուցիոնալություն հաղորդել, որովհետև սպասվում են ղարաբաղյան խնդրով թեժացումներ, իսկ ԱԱԽ-ն թե՜ 1998-ին, թե՜ 1999-ին եղել է հրաբխային այն կենտրոնը, որտեղից տարածվել է «լավան»: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր են նման թեժ ժայթքումներ` նիստեր, նաև այս ժամանակահատվածում, որովհետև պնդում կա, որ ղարաբաղյան հարցի լուծումը չի ուշանա:
-ԱԱԽ-ում քննարկման ենթակա են երկրին, պետությանը, ազգին հուզող բոլոր կենսական խնդիրները, և ԱԱԽ դերի կարևորումը չարժե կապել սոսկ ԼՂ-ի խնդրի հետ: Մինչ այժմ քննարկված բոլոր հարցերն էլ խիստ էական և արդիական են, ընդունված որոշումները` նույնպես, ինչի մասին եղել են նաև մամլո հաղորդագրություններ:
-Տեսակետ էիք հայտնել, որ ղարաբաղյան խնդիրը պահանջում է համարձակ լուծումներ. ի՞նչ նկատի ունեիք: Ի դեպ, տպավորություն կա, որ եթե Սերժ Սարգսյանն ուժեղանա այնքան, որքան «պետք» է, կգնա լուծման, այո՞:
-Մենք պետք է գիտակցենք մի քանի պարզ իրողություններ։ 1-ին. ցանկանո՞ւմ ենք լուծել ԼՂ խնդիրը, թե՞ ցանկանում ենք այն ժառանգություն թողնել մեր սերունդներին: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ հակամարտությունների կարգավորումը լավ հնարավորություն է` երկիրը որակապես նոր զարգացումների տանելու, ուստի մենք կարծում ենք, որ պետք է գնալ համարձակ լուծումների, ինչը երկարաժամկետ առումով նշանակում է տնտեսական, քաղաքական զարգացման բացառիկ հնարավորություններ Հայաստանի համար: 2-րդ. խնդրի լուծման ինչպիսի՞ եղանակներ կան։ Կյանքը և վրացական վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ խնդրի լուծման երկու եղանակ կա. կամ` առճակատում, պատերազմ, կամ` փոխզիջում: Մեր կարծիքով` երկու կողմերի միջև ընդունելի փոխզիջումը միակ ճանապարհն է` այդ գործընթացին Ղարաբաղի ակտիվ մասնակցությամբ: Ինչ վերաբերում է հարցի այն մասին, որ եթե Սերժ Սարգսյանն ուժեղանա այնքան, որքան պետք է, կգնա հարցի լուծմանը, ասեմ հետևյալը. Սերժ Սարգսյանը բազմիցս ներկայացրել է իր մոտեցումները, և ամենակարևորն այն է, որ իշխանության ներսում կա քաղաքական որոշում` ԼՂ խնդրի լուծման ցանկացած տարբերակ դրվելու է համաժողովրդական հանրաքվեի: Սա արդեն նշանակում է խնդրի լուծման լեգիտիմության բարձրագույն աստիճան և հանրության ակտիվ մասնակցություն: Տա Աստված, որ մենք հանգենք այնպիսի փոխընդունելի լուծման տարբերակի, որ իշխանությունը որոշում ընդունի և հարցը ներկայացնի ժողովրդի դատին:
-Կասե՞ք` Ձեզ համար, որպես ԱԱԽ քարտուղարի, նաև որպես ՕԵԿ նախագահի, որպես մարդու, որտե՞ղ են սկսում փոխզիջումները և որտեղ` ավարտվում: Ինքներդ արագ լուծման կողմնակի՞ց եք և կարծո՞ւմ եք, որ Հայաստանը բավարար ռեսուրս ունի դիմակայելու այն հզոր «պրեսսինգին», որը մերթ կիրառում է Ռուսաստանը, մերթ` Արևմուտքը:
-Փոխզիջումները չեն կարող վերաբերել երեք հիմնական հարցերի` Ղարաբաղի անկախությանը կամ Հայաստանի հետ վերամիավորմանը, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքներով ամրագրմանը, Հայաստանի և Ղարաբաղի միջև ուղիղ սահմանային կապի ապահովմանը: Հայաստանի ռեսուրսները բավարար են, որոշում կայացնողների քաղաքական կամքը և խոհեմությունը` նույնպես, ազգաշահ հանգրվանի հասցնելու համար խնդրի լուծումը: Ցանկանում եմ կրկնել` խնդրի կարգավորումը պետք է բխի մեր երկարաժամկետ ազգային շահերից, և հաշվի է առնվելու ժողովրդի հավաքական կամքը: Սա է մեր մոտեցումը:
-Ճշտվե՞լ է արդեն, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկայում ե՞րբ և որտե՞ղ են հանդիպելու, ծանո՞թ եք տեխնիկական այն փաստաթղթին, որը վերջերս Հելսինկիում փոխանցվել է կողմերին: Եթե` այո, այնտեղ հավասարակշռությունը պահպանվո՞ւմ է:
-Հանդիպումը կկայանա արդեն հաջորդ տարի, և այդ մասին դուք ժամանակին կտեղեկացվեք: Ինչ վերաբերում է տարբեր նյութեր և մոտեցումներ փոխանակելու զուտ ընթացակարգային եղանակներին, որպես կանոն, դրանք կողմերի և եռանախագահների միջև պարբերական բնույթ են կրում: Հայաստանի նախագահը վերջին զարգացումների և մեր դիրքորոշման մասին խոսել է սպառիչ, այդ թվում` քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Այս ամենին ավելացնելու որևէ նոր բան չկա:
-Վրացական հնգօրյա բլիցկրիգը շատ բան փոխեց աշխարհում։ Ո՞րն է Հայաստանի դերն ու տեղը տարածաշրջանում` նոր ընթերցմամբ: Արդյո՞ք մենք հրաժեշտ ենք տվել բազմաչարչար կոմպլեմենտարիզմին:
-Վրացական իրադարձությունները, այո՜, նորովի ընդգծեցին Հայաստանի տեղը և դերը, ինչպես նաև ևս մեկ անգամ ի ցույց դրեցին հակամարտությունների` ռազմական ճանապարհով կարգավորելու վտանգավորությունը և անհեռանկարային լինելը: Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի մեծ ձգտումներ: Այդ մեծ ձգտումները կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ է նախաձեռնող լինել արտաքին քաղաքականության մեջ և հավասարակշիռ` աշխարհի ուժային կենտրոնների հետ հարաբերվելիս: Մենք առաջնորդվում ենք այս մոտեցումով, և ակնհայտ է, որ այս մոտեցումը փոխըմբռնման է արժանանում մեր գործընկերների շրջանում:
-Դուք իսկապե՞ս կարծում եք, որ Ռուսաստանն այսօր մեր ռազմավարական գործընկերն է։ Ի դեպ, Հայաստանում ռուսական կողմնորոշման շատ ուժեր վերջին շրջանում մեծ վերապահումներով են վերաբերվում դրան:
-Այն, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ակնհայտ է: Ավելին, այսօր Ռուսաստանն առաջին դիրքերում է Հայաստանի տնտեսության մեջ իր ներդրումային ծրագրերով, ինչո՞ւ ոչ` նաև ներուժով: Այսօր Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 մլն հայ, որոնք յուրօրինակ կամուրջ են մեր երկրների միջև: Ի վերջո, մենք նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամներ և կայուն գործընկերներ ենք: Այս առումով մեր երկրների և ժողովուրդների շահերից է բխում այս ռազմավարական գործընկերության զարգացումը:
-Բազմիցս է խոսվել և դեռ խոսվում է «Նաբուկո» ծրագիրը Հայաստանով անցկացնելու մասին: Ձեր մոտեցումը:
-Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրացիայի խորացումը, Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդումը կարևոր կռվաններ են: Մեր հայացքը պետք է միտված լինի ապագային, իսկ խաղաղ և ապահով ապագան քաղաքական, տնտեսական վերելքի հնարավորություն է տալիս, այդ թվում` տարածաշրջանային տարբեր ծրագրերի մասնակցելու առումով: Մենք պետք է գիտակցենք, որ տարածաշրջանային հակամարտությունները, հարևանների միջև լարված հարաբերությունների պահպանումը խոչընդոտում են տարածաշրջանային ծրագրերին մեր լիարժեք մասնակցությանը, հետևաբար նաև` տնտեսական լիարժեք զարգացումներին: Հենց սա հաշվի առնելով` մենք պետք է գնանք համարձակ, իրատեսական, ազգաշահ լուծումների` երկարաժամկետ տեսլականը հաշվի առնելով:
-Զարմանալի է, Ձեզ մեղադրում էին ՆԱՏՕ-ին «ուժեղ» հարելու համար, և դա Ձեզ վրա պաշտոն նստեց. և՞...
-ԱԱԽ վերջին նիստում հավանության արժանացավ Հայաստան-ԵՄ գործողությունների 2009-2011 թվականների ծրագիրը, Հայաստան-ՆԱՏՕ 2009-2010 թվականների ծրագիրը և ՀԱՊԿ-ի շրջանակում (Հայաստանը նախագահող երկիր է այս ռազմաքաղաքական դաշինքում) 2009 թվականի ծրագիրը: Այդ հարցերի քննարկումը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է համագործակցությունն ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Ես կողմնակից եմ եղել և հիմա էլ կողմնակից եմ, որ մենք ՆԱՏՕ-ի հետ ունենանք նորմալ, գործընկերային հարաբերություններ, և, ըստ էության, դա հենց այժմ տեղի է ունենում այն երկամյա պլանով, որ հաստատվեց: Խնդիրը շատ պարզ է. մենք ռազմաքաղաքական դաշինքի մեջ ենք ՀԱՊԿ-ի երկրների հետ և գործընկերային համագործակցության մեջ` ՆԱՏՕ-ի հետ:
-Բավականին հարափոփոխ են մեր հարաբերությունները Թուրքիո հետ. այդ «ուղղությունն» ավանդաբար համարվել է մեր անվտանգության ամենախոցելի կողմը։ Փոխվե՞լ է «այդ գետնին վրա» ռեալ ինչ-որ բան վերջին, հայտնի զարգացումներից հետո:
-Մենք հանդես ենք գալիս Հայաստան-Թուրքիա հարաբերություններն աստիճանաբար նորմալացնելու օգտին: Ի վերջո, մեր հարևանները մեր թշնամիները չեն, մենք չենք կարող հավերժ լարված հարաբերություններ ունենալ և այդ հարաբերությունների բեռը փոխանցել սերնդեսերունդ: Պետք է գտնենք Թուրքիայի հետ բնականոն քաղաքական երկխոսություն, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհը, որն անհրաժեշտ է և՜ Թուրքիային, և՜ Հայաստանին: Հայ-թուրքական հարաբերություններում առկա բոլոր խնդիրները պետք է քննարկվեն` նստելով սեղանի շուրջ և խոսելով բոլոր վիճահարույց հարցերի մասին: Ինչ վերաբերում է ցեղասպանության խնդրին, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Թուրքիայում նույնպես այսօր այս հարցով խմորումներ են տեղի ունենում: Այնպես որ մի խնդիրը պետք չէ կապել մյուսի հետ: Գերակա խնդիրը հետևյալն է` չպետք է նախապայման դնել հայ-թուրքական հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելու հարցում: Մեր մոտեցումը սա է: Իսկ հարաբերությունների նորմալացումը կբերի նաև շեշտադրումների փոփոխություն անվտանգության խնդիրների մասով:
-Օբամայի` Սպիտակ տուն մտնելուց հետո ի՞նչ կփոխվի մեզանում. չգիտեմ` արժե՞ հարցնել. կճանաչի՞ նա հայոց ցեղասպանությունը, թե՞... որովհետև ինքնին պարզ է «թե»-ն:
-Դա ցույց կտա ժամանակը: Թուրք-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական բնույթի են: Այսօր ԱՄՆ-ում կա ազդեցիկ հայկական համայնք, և մենք կարծում ենք, որ պատմական ճշմարտությունը հաստատելը վաղեմության ժամկետ չունի, բայց, կրկնում եմ, դա չպետք է նախապայման հանդիսանա, որ մենք հավերժ թշնամիներ մնանք մեր հարևանների հետ` դրանով իսկ բազմաթիվ հարցականներ առաջադրելով մեր սերունդների, մեր ներկայի և ապագայի համար:
-Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ի նոր խոսնակի դերակատարությունը` խորհրդարանի դերը բարձրացնելու ուղղությամբ:
-ԱԺ նոր խոսնակը դեռ 2 ամիս է զբաղեցնում այդ պաշտոնը: Պետք է սպասենք լավ արդյունքների, բայց դրա համար ժամանակ է պետք: Խորհրդարանում կուտակված են բազմաթիվ խնդիրներ, որոնք ուղղակի առնչվում են մեր հասարակությանը հուզող խնդիրներին, և ես կարևոր եմ համարում այն, որ ԱԺ ղեկավարությունը փորձում է բարձրացնել խորհրդարանի դերը: Մնացածը կախված կլինի ժամանակից, գործընթացներից:
-Հնարավոր համարո՞ւմ եք Ռ. Քոչարյանի վերադարձը, և ի՞նչ դերում:
-Այդ հարցը պետք է ուղղել Ռոբերտ Քոչարյանին, յուրաքանչյուր քաղաքական կամ պետական գործիչ ինքն է որոշում` վերադառնա՞լ քաղաքականություն, թե՞ ոչ, կամ` վերադառնալ ինչպիսի՞ դերակատարությամբ:
-Ի դեպ, «չար-թունավոր» լրագրողներն առավոտյան վեր են կենում, թե` կոալիցիան կքանդվի, երեկոյան նույնը` հաստատ կքանդվի՞:
-Այսօր ես կոալիցիայի փլուզման որևէ հիմք չեմ տեսնում: Կոալիցիան բնականոն գործում է, կոալիցիայի անդամ յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնում է իր մոտեցումները, ծրագրերը, և այսօր նման քննարկում կամ խոսակցություն չկա, որովհետև կոալիցիայի նիստերն անցնում են փոխըմբռնման պայմաններում:
-Բոլոր դեպքերում, Ձեր` ԱԱԽ քարտուղար դառնալով, ՕԵԿ-ը մի տեսակ պասիվացավ:
-ՕԵԿ-ը երբեք չի պասիվացել: Վերջերս հրապարակվեցին պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց ԱԺ խմբակցությունների մեջ օրենսդրական նախաձեռնությունների առումով ՕԵԿ-ն առանձնանում է: Վստահ եմ, առաջիկայում այդպես էլ կշարունակվի: Այլ խնդիր է, որ մյուս կարող է դա դիտարկել որպես ակտիվություն, մեկը` պասիվություն: Մենք ակտիվ մասնակցեցինք ՏԻՄ ընտրություններին, ունենք լավ արդյունքներ, ՕԵԿ-ն ակտիվ է նաև ԱԺ-ում և քաղաքական դաշտում: Այդ են վկայում «Գելափ»-ի հարցումները:
-Էդպես էլ չկայացավ երկխոսությունն ընդդիմության և իշխանության միջև, իշխանությունում չգտնվեց այն Հունան Ավետիսյանը, որը կփակեր թշնամության այսքան երկար «կրակող» «դզօտը»:
-Երկխոսության համար անհրաժեշտ է, որ ցանկացած գործընթացի երկու կողմերը ցուցաբերեն քաղաքական կամք կամ երկխոսելու ցանկություն ունենան: Ընդհանրապես` ես դեմ եմ նախապայմանների առաջադրմանը ցանկացած երկխոսության դեպքում, որովհետև եթե կա խնդիր, այն լուծելու լավագույն ճանապարհը քննարկելն է, ոչ թե փոխադարձ մեղադրանքներով կամ լարումներով արհեստական խոչընդոտներ հարուցելը: Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, մենք ծանոթ ենք ընդդիմադիր տարբեր գործիչների հրապարակային հայտարարություններին, որտեղ նրանք երկխոսելու յուրաքանչյուր դեպքի համար առաջ են քաշում կոնկրետ պահանջներ: Բնականաբար` այդ պահանջները կամ խոսելու նման ոճը չեն կարող ընդունելի լինել, և, թերևս, նաև դա է պատճառներից մեկը, որ այդ երկխոսությունն այդպես էլ չի կայանում:
-Բարեմաղթանք` այս պահին դատվող տղաներին և բոլորիս` Նոր տարվա առիթով:
-Ցանկանում եմ, որ 2009 թվականը լինի առողջության, խաղաղության, հաջողության տարի, որպեսզի կարողանանք արդյունավետ հաղթահարել գլոբալ ֆինանսական ճգնաժամը, որովհետև դա վերաբերում է հասարակության բոլոր խավերին: Մենք պետք է հնարավորն անենք, որպեսզի Հայաստանը շարունակի իր բնականոն զարգացումը: Դա կառավարությունից լուրջ ջանքեր է պահանջելու, և բոլորս պետք է նախանձախնդիր լինենք, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը տնտեսական, սոցիալական աղետ չբերի, կարողանանք անցնցում անցնել այս փուլը, իրականացնել մեր որդեգրած ծրագրերը և մեր ժողովրդին տված խոստումները:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 3091

Մեկնաբանություններ