Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մահը և մենք

Մահը և մենք
04.12.2023 | 09:24

(սկիզբը` այստեղ)

Շնորհակալ եմ բոլոր աձագանքողներին և մեկնաբանողներին։

Մահվան թեման երևի սիրո նման միշտ ուղեկցում է մեզ և արդիական է անկախ տարիքից։ Տարիների ընթացքում, մանավանդ, երբ անցնում ենք որոշակի փորձությունների միջով, փոխվում է մեր վերաբերմունքը սիրո, ընկերության, շրջապատող մարդկանց ու շատ ուրիշ բաների նկատմամբ։ Միակ բանը, որի նկատմամբ մեր վերաբերմունքը կայուն բացասական է, դա մահն է։

Բոլորս հասկանում ենք, որ մահն անխուսափելի է, բայց համարում ենք վատ ու անարդար։

Իմ միամիտ կարծիքով, եթե Արարիչն է բովանդակ գոյության հեղինակը, ապա նրա արարած բաներից ամենաարդարը մահն է։ Միակ բանը, որ անխուսափելի է բոլորի համար, միակ բանը, որի առաջ հավասարվում են բոլորը անկախ ամեն ինչից։

Վստահ եմ, եթե մեր լեզվամտածողության մեջ փոխվի վերաբերմունքը մահվան նկատմամբ, ապա շատ բան կփոխվի մեր կյանքում։

Քրիստոնեության ընդունումով ձևավորվեց հանուն հավատի մահ ընդունելու պրակտիկան ու այնպես արմատացավ անձնազոհ նահատակությամբ դրախտում հայտնվելու և ըստ արժանվույն գնահատվելու գաղափարը, որ մինչև հիմա շատ արժանավոր մարդկանց գնահատում ենք միայն մահից հետո։ Ինչու՞։

Գրեթե բոլոր կրոնները դատապարտում են ինքնասպանությունը և ինքնասպաններին չեն թաղում ընդհանուր գերեզմանոցում, բայց խրախուսում են դա, եթե անում ես հանուն կրոնի։

Ինչու՞։

Ինչու՞ ենք վախենում մեռածներից, երբ մեզ միշտ վնասում են ողջերը։

Շատ են ինչուները և այդ ինչուների հիմքում վախն է մահվան հանդեպ, իսկ վախի հիմքում մեր չիմացությունը։

Եթե մենք կարողանանք գիտակցել, որ մեր երեխան, որին ծնել ու սնել ենք, հիվանդ օրերին անքուն գիշերներ լուսացրել, հանուն նրա զրկել մեզ շատ բաներից, բայց նա Արարչի կողմից մեզ տրված փորձության մի մասն է, ինչպես մեր մարմինը կամ մեր բակում աճող ծառը, մեզ շրջապատող շնչավոր ու անշունչ ամեն բան, եթե միայն կարողանանք սա գիտակցել ու մեզ դրանց տերը չհամարենք, այլ այդ ամենի խնամակալը, ապա շատ բան կփոխվի մեր մեջ և մեր շուրջը։

(շարունակելի)

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3004

Մեկնաբանություններ