ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԱՎԵՐԺԱՀԱՅ «ԹՂԹԵ ՇԵՐԵՓԸ»

ՀԱՎԵՐԺԱՀԱՅ «ԹՂԹԵ ՇԵՐԵՓԸ»
08.07.2011 | 00:00

Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս սփռված մեր ոչ նյութական մշակութային ժառանգության բարբարոսական ոչնչացման անկասելիության ցավը նորոգվեց 2008-ի տարեվերջին։ Կինեմատոգրաֆիստների տանը Խաչատուր Մարգարյանի «Նախիջևան. կորուսյալ աշխարհ» փաստավավերագրական նոր ֆիլմի առաջնադիտումից հետո ծայր առած մորմոքուն զրույցում բարձրաձայնվեցին սահմանակից երկրներում պատմականորեն բանտված մեր հոգևոր-մշակութային արժեքների յուրացման և ոչնչացման բազմաթիվ այլ փաստեր։ Երբ պատմաբան Արգամ Այվազյանը հրապարակեց իր գիտահետազոտական պրպտումների որոշ արդյունքներ, հայ մշակույթի ծրագրված սպանդի ընդհանուր պատկերից սահմռկեց առավելապես վաստակաշատ մտավորականներից ձևավորված հանդիսասրահը։ Հայրենասիրական զգացմունքների ինքնաբուխ շիկացմամբ, սակայն, իրատեսական թվաց մոտալուտ համախմբումը` հանուն ազերի ու թուրք վանդալների նոր արշավանքների կանխարգելման։ Աղաղակող փաստերի համակարգված պաշտոնական մատուցմամբ միջպետական հեղինակավոր կառույցների խաղաղարար միջամտությունն էր ակնկալվում։ Անպատիժ մնացած գեթ ծանրագույն մեղքերի հատուցման տևական սպասումը, թվում էր, ուր որ է վերջակետվելու է արդարության համամարդկային հաղթանակով։ Մոռացության մատնվեց, թե «թղթե շերեփի» մեր կարծրացած կենսամտածողությամբ որքա՜ն նյութական ու հոգևոր անդառնալի կորուստներ ենք ունեցել։ Անհիշելի ժամանակներից ձգվող մեր գոյատևման ճամփի բախտորոշ շրջադարձերում որքա՜ն հաճախ ենք հուսախաբ եղել «քաղաքակիրթ» աշխարհից։
Երբևէ իրեն չարդարացրած մեր լավատեսությամբ կրկին ապավինեցինք միջազգային մեծահամբավ կազմակերպությունների գրչի մի հարվածով (ՅՈՒՆԵՍԿՕ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ, Եվրամիություն և այլն) մեր ազգային հիմնախնդիրների սահուն հաղթահարմանը։ Հերթական անհող ցնծությունն ապրեցինք, երբ 2010-ի նոյեմբերին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջպետական կոմիտեի 5-րդ նիստում, 47 ընտրյալ հայտերից մեկը մերն էր։ Փորձագիտական հետազոտություններով հերքվեց «աղվանական խաչերի հայացման» քենիական սադրանքը։ Կարծեցինք, թե մարդկության ամենահեղինակավոր գանձացանկում «Խաչքարի խորհուրդը, արվեստն ու խաչագործությունը» որպես հայկական մշակույթի անկապտելի մաս գրանցելով` փրկում ենք մեր ինքնության քարե վկայագրերը։ «Բարիդրացիական» հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը միջազգային տարբեր ատյաններում «նախապայմաններով» քանիցս հավաստած ազերիների ու թուրքերի հետագա վայրագություններից այլևս ապահովագրված ենք։ Մեզանում լայնամասշտաբ աշխատանքներ ծավալվեցին 2011-ի հունիսի 15-24-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Խաչքարի արվեստը. հայկական սուրբ քարեր» միջազգային ցուցահանդեսը կազմակերպելու ուղղությամբ։ Գրանցված հայտի անխոցելիությունը վերստին համակողմանի հիմնավորվեց։ Սրանում անվերապահորեն համոզեցին ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչության գլխավոր մասնագետ, պատմագիտության թեկնածու Երանուհի Մարգարյանի մանրակրկիտ պարզաբանումները։
Մինչ անվերջանալի պերճախոսությամբ ու գերառատ թղթաբանությամբ հիմնականում զբաղվող միջազգային կազմակերպությունների սահմանած չափորոշիչների համաձայն ձևավորված խնդրո առարկան հերթական բարձր ատյանի համաժողովը կքննարկեր, Ջուղայի մոտ 3 հազար խաչքարերի հետքն էլ չէր մնացել։ ՈՒշագրավ է, որ հայկական միջնադարյան մշակույթին բնորոշ այդ կոթող-հուշարձանների պատկերաքանդակային-ճարտարապետական արվեստի զարգացման պատմական ընթացքը Ջուղայի խաչքարերով է եզրափակվել (15-18-րդ դդ.)։
ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական ներկայացուցչությունն ու ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, կենտրոնակայանի երկու սրահներում զետեղեցին լավագույն խաչքարերի մոտ 60 լուսանկար (հեղինակ` Զավեն Սարգսյան)։ Տարբեր վայրերում հնուց անտի ստեղծված անզուգական նմուշների տեղանշմամբ կազմվեց խաչքարի արվեստի տարածման պատմաաշխարհագրական քարտեզը` արվեստի պատմության դոկտոր Պատրիկ Դոնաբեդյանի կազմած գիտական բացատրագրերով։ Նայրոբիի նիստից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային ընդդեմ հայկական հայտի հաստատման 143 բողոքի նամակներ հղած թուրքերն ու ազերիները պահանջեցին հանել «ոչ հայկական բնակավայրերում» եղած խաչքարերի ենթագրերը, ապա` քարտեզն ամբողջությամբ։ Ապաքաղաքական կառույց համարվող ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հակառակ մարդկության համաշխարհային ընտանիքում բոլոր «անդամ-ժողովուրդների» իրավահավասարության տարփողած մարտավարությանը, ընդառաջ գնաց ընդդիմադիրներին։ Փաստորեն, կրկին ֆիասկո ապրեց «թղթե շերեփի» հավերժահայ առասպելը։ Փոխարենը հայերի կողմից այցելուներին բաժանվեցին քարտեզի կրկնօրինակներն ու ցուցահանդեսի տարալեզու կատալոգները։ Ամբողջ շաբաթ նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Մինասյանը տեղում ցուցադրեց խաչքարի ստեղծման տեխնիկան ու վարպետությունը։
Փարիզյան ցուցահանդեսի թրքաբարո «վերաձևման» դեմ հայերի հղած պաշտոնական բողոքի նամակների ու դատական հայցի համար կազմակերպված էլեկտրոնային ստորագրահավաքի արդյունավետության մասին առայժմ որևէ լուր չի ստացվել։ (Գուցե ավելի ծանրակշիռ նախադրյալներ ենք զանց առել։ Երևի պատահական չէ, որ վիճակագրական տվյալների համաձայն, չկայացած պետությունների վարկանիշային ցուցակում ՀՀ-ն 101-րդ հորիզոնականն է զբաղեցնում։) Բարիդրացիության ինքնապաշտպանական դիմակը խոսքով ու ապարժեք թղթաբանությամբ պահպանող հարևան երկրներում, զորօրինակ, Վրաստանում, աննահանջ ու առավել համարձակ, բացահայտ կամ գաղտնածածուկ շարունակում են իրենց տարածքում եղած մեր կոթողային գանձերի սեփականացման ծրագրված գործընթացը։ Հայերը, խաղաղ համակեցության օդային ամրոցների նորաոճ հարդարանքով բազմազբաղ միջազգային կառույցների անաչառ մարտունակությանը կուրորեն ապավինելով, «թղթե շերեփով» շարունակում են շրջել միջազգային մի ցուցասրահից մյուսը, մի բազմալեզու համաժողովից մեկ այլ խորհրդաժողով։ Մի պահ հանգրվանում են Վրոցլավի ազգագրական թանգարանում, հրճվում «Հայացք դեպի Արարատ։ Հայերի ճակատագիրը Լեհաստանում» նորաբաց ցուցահանդեսով։ Երևանում հպարտությամբ են լցվում 40 հայ ճարտարապետների 100-ից ավելի գործերի լուսանկարներով, երկու տեսաֆիլմերով հավաստիանալով, թե ինչ ծանրակշիռ ավանդ են ունեցել տաղանդավոր հայրենակիցները Ստամբուլի կերպարի արևմտականացման մեջ։ Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված ցուցահանդեսն աշնանը ներկայացվելու է Գյումրիի, ապա Վանաձորի քաղաքապետարաններում։ Կարող եք ամառային կամ աշնանային մի օր այցելել։ Չեմ կարծում, թե մեր «բարեկամ-հարևաններն» այս ցուցահանդեսն էլ «կվերաձևեն»։
2009-ին խոնարհված Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու ճակատագիրը, ավաղ, նույնքան անորոշ է, որքան Ախթալայինն ու Աղթամարինը, չնայած վերջիններս դեռ հողին չեն հավասարեցվել։ Ասենք, ինչո՞ւ ենք հեռու գնում։ Երևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված 97 բնակելի շենքերից շատերն արդեն ապամոնտաժվել են։ ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային բազմաբազում կոթողներ տասնամյակներով բարձրարվեստ շինարարական ամոքում են երազում, իրենց բնօրրաններում մամռակալելով` քարե նախանձով աչք չեն կտրում հայ օլիգարխների նորակառույց եկեղեցիներից ու պալատաշուք առանձնատներից։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ