«Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Թերևս, այս թեմայով ոչ թե վայնասուն բարձրացնել է պետք՝ այն հիմքով, որ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը, այլ մարտահրավերն ընդունելու անհրաժեշտություն կա:
Յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է ներկայացնել նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների իր տեսլականը:
Մենք, որպես քաղաքական թիմ, ունենք մի քանի սկզբունքային մոտեցումներ.
* ՀՀ Սահմանադրությունը, դրանից բխող օրենսդրությունը, որոշումներ կայացնելու մեր ինքնիշխան իրավունքը ենթակա չեն վերանայման արտաքին որևէ ուժի թելադրանքով, ինչքան էլ ակնհայտ է Հայաստանի ծանր պարտությունը 44-օրյա պատերազմում: ՀՀ Սահմանադրությունը չի կարող լինել հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացի, Ադրբեջանի կամ միջազգային այլ դերակատարների պահանջների թիրախ:
* ՀՀ նոր Սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների հարցը պետք է քննարկվի ոչ թե հայ-ադրբեջանական կարգավորման, այլ բացառապես մեր ներքին քննարկումների համատեքստում:
* 1990-ին ընդունված Անկախության հռչակագրին հղումը ՀՀ Սահմանադրության նախաբանում չի ենթադրում տարածքային պահանջ հարևան որևէ երկրի հանդեպ, ուստի այս մասով Բաքվի ու Ադրբեջանի իշխանության ռևիզիոնիստական մոտեցումը հիմնազուրկ է: Միով բանիվ, որպես սահմանադրական կարգավորման ելակետ՝ պետք է ընդունել պետության այն տարածքը, որը ՀԽՍՀ-ից ժառանգություն է մնացել ՀՀ-ին և, թերևս, անտեղի չի լինի սահմանադրորեն ամրագրել, որ ՀՀ-ն տարածքային պահանջ չունի որևէ երկրից: Սա պետք է լինի մեր հանրային քննարկումների և կոնսենսուսի արդյունքը:
* Պետք է ձևավորվի քաղաքական համախոհություն՝ կառավարման կիսանախագահական մոդելին անցում կատարելու հարցում:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ