Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ
03.03.2009 | 00:00

Թուրքական «Սաբահ» թերթն իր ընթերցողների շրջանում էլեկտրոնային սոցհարցում է անցկացրել` պարզելու համար, թե որոնք են այն հարցերը, որ ներկայումս հուզում են թուրքական հասարակությանը: Առաջադրված հարցը հետևյալն է. «Որո՞նք են Ձեր ամենավտանգավոր գաղափարները»:
Նախաձեռնության հեղինակ Էմրե Աքյոզին հարցման այս գաղափարը հուշել է 2007-ին հրապարակված ամերիկացի գրող և մտածող Ջոն Բրոքմանի «Ո՞րն է քո վտանգավոր գաղափարը» գիրքը, որում կարելի է հանդիպել տարբեր մտածելակերպ ունեցող անձանց վտանգավոր գաղափարներին: Աքյոզը նշում է, որ, «վտանգավոր գաղափար» ասելով, սովորաբար նկատի ունեն սպանությունները, զանգվածային սպանությունները, բռնությունները, թալանը, սակայն այս դեպքում խոսքը դրանց մասին չէ: Այդ վտանգավոր գաղափարներն առնչվում են երկրի բարոյական, սոցիալական, քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներին, խարխլում են կյանքի նկատմամբ մեր հիմնական պատկերացումները, ինչով էլ դառնում են վտանգավոր: Այս կապակցությամբ Էմրե Աքյոզը հարցնում է. «Ի՞նչ կլինի, եթե մի օր այդ գաղափարներն իրականություն դառնան»: Որպես օրինակ` Աքյոզը նշում է Աթաթուրքի բազմաթիվ ռեֆորմները կամ նրան հաջորդած Իսմեթ Ինենյուի` միակուսակցական ռեժիմից բազմակուսակցական ռեժիմին անցում կատարելու փաստը։ Նա նշում է, որ այս որոշումները ժամանակին ընկալվել են որպես վտանգավոր գաղափարներ, սակայն դրանք կյանքի կոչելուց հետո, ի վերջո, հաղթել է Թուրքիան:
Մատնանշվում է, որ էլեկտրոնային սոցհարցմանը բավականին բուռն են արձագանքել ոչ միայն Թուրքիայում, այլև, ինտերնետի շնորհիվ, ողջ աշխարհում: Ահա թե որոնք են թուրք հասարակության և արտերկրում ապրող թուրքերի առաջ քաշած 10 առավել նշանակալից վտանգավոր գաղափարները.
Ա. Քրդական արմատներ ունեցող Թուրքիայի քաղաքացիներին Եվրամիության (ԵՄ) նորմերին համապատասխան ազգային փոքրամասնության կարգավիճակ շնորհել, սակայն մինչ այդ միայն քրդերի մասնակցությամբ անցկացնել հանրաքվե: Այս վտանգավոր գաղափարի սկզբնաղբյուրը 1982 թվականի նոյեմբերի 7-ին` ռազմական խունտայի ժամանակ ընդունված Թուրքիայի սահմանադրության 66-րդ հոդվածն է. «Ամեն ոք, ով քաղաքացիական պարտականությամբ կապված է թուրքական պետության հետ, թուրք է»: Այս հոդվածով, փաստորեն, ժխտվում է Թուրքիայում այլ ազգությունների առկայությունը:
Բ. Դպրոցներում, Թուրքիայի պատմության փոխարեն, դասավանդել հայերի ու հույների պատմություն, այնտեղ չափազանց շատ է խոսվում թուրքերի մասին: Բնականաբար, թուրք հասարակությանը հուզում է հույների ու մեր պատմությանը ծանոթանալու խնդիրը, քանի որ դա բազմաթիվ աղերսներ ունի Թուրքիայի պատմության հետ: Սրանում իր ուրույն տեղն ունի Հայոց ցեղասպանության մանրամասներին տեղեկանալու ցանկությունը: Այս մասին է խոսում նաև այն, որ 2008-ի սեպտեմբերին «Թուրքիա-Հայաստան» ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու համար Հայաստան ժամանած թուրք ֆուտբոլասերներից շատերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան ու մեծ տպավորություններով վերադարձան Թուրքիա:
Գ. Անցում կատարել 200000-անոց արհեստավարժ բանակի, պաշտպանական ոլորտի ծախսերն ուղղել կրթական ու առողջապահական ոլորտներ: Ներկայումս Թուրքիայի բանակն իր թվաքանակով ՆԱՏՕ-ի երկրների շարքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (ԱՄՆ-ից հետո): 2006 թվականին Թուրքիայի կանոնավոր բանակի զինծառայողների ընդհանուր թվաքանակը եղել է 421000 մարդ, իսկ եթե հաշվի առնենք նաև ռազմականացված ստորաբաժանումները (ոստիկանական զորքեր և առափնյա պաշտպանության գնդեր), ավելի քան 652000 մարդ: Ռազմական բյուջեն էլ կազմել է ավելի քան 10,9 միլիարդ դոլար: 2008 թվականի դրությամբ Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 16,7 միլիարդ դոլար: Բանակի անձնակազմի թվաքանակի կրճատման այս ցանկությունը համապատասխանում է «Արդարություն ու զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) ու ԵՄ-ի շահերին: Իրականում թուրք բարձրաստիճան զինվորականները նույնպես դեմ չեն ցամաքային ուժերի որոշակի կրճատմանը, սակայն չեն հանդուրժի բանակի թվաքանակի նմանատիպ կտրուկ կրճատում: Չպետք է մոռանալ, որ թուրք զինվորականները մեծ ազդեցություն ունեն երկրի տարբեր ոլորտներում, և այդպիսի կտրուկ քայլը կարող է հանգեցնել ռազմական հեղաշրջման կամ էլ քաղաքացիական պատերազմի:
Դ. Թող քրդերենը դառնա կրթական լեզու, քրդերն էլ թող որպես երկրորդ լեզու թուրքերեն սովորեն: Հարկ է նշել, որ վերջին շրջանում այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում: 2009 թվականի աշնանն ԱԶԿ-ն նախաձեռնեց «Քրդական բարեփոխումները», որոնցում նշված էր, որ նախատեսվում է դպրոցներում քրդերենը ներառել որպես ոչ պարտադիր առարկա: Բացի այդ, ենթադրվում է քրդական լեզվի, գրականության ու պատմության ուսումնասիրման ամբիոններ բացել Մարդինի ու Դիարբեքիրի ինստիտուտներում: Ի դեպ, թուրքական Սահմանադրության 42-րդ հոդվածով արգելվում է Թուրքիայի ուսումնական հաստատություններում, թուրքերենից բացի, այլ լեզուներով դասավանդումը:
Ե. Թող հանրապետության նախագահ դառնա իր քրդական ծագումը չհերքող գոնե մի քուրդ, նախագահին ընտրելու համար ընտրեք 10 հոգու: Ներկայումս և մոտ ապագայում սա անհնար է, սակայն հեռանկարում կարող է իրագործելի լինել: Բանն այն է, որ այդ դեպքում ծագումով քուրդ նախագահի թեկնածուի օգտին, քրդերից բացի, իրենց քվեն պետք է տան ծագումով թուրք զգալի թվով ընտրողներ: Ի դեպ, մինչև 2007 թվականի ամառը Թուրքիայում նախագահին 4 փուլով ընտրում էր թուրքական խորհրդարանը: Այդ ամենը պետք է կատարվեր մեկ ամսվա ընթացքում, և եթե դա տեղի չէր ունենում, ապա խորհրդարանը ցրվում էր, և նշանակվում էին վաղաժամ խորհրդարանական ընտրություններ (ինչպես տեղի ունեցավ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահական ընտրության ժամանակ): Դա հանգեցրեց նրան, որ թուրքական խորհրդարանը որոշում ընդունեց նախագահի համաժողովրդական ընտրության մասին, ինչն էլ հավանության արժանացավ 2007 թվականի ամռանը Թուրքիայում կայացած հանրաքվեի ժամանակ: Ներկայումս շատ ազդեցիկ թուրք իշխանավորներ հերքում են իրենց հայկական, քրդական կամ այլ ծագումը և նույնիսկ համարում վիրավորանք: Մասնավորապես, երբ Իզմիրից ընտրված կին խորհրդարանական Զանան Արըթմանը նախագահ Գյուլին մեղադրեց հայկական արմատներ ունենալու մեջ, վերջինս այդ կապակցությամբ անմիջապես դիմեց դատարան և շահեց դատը:
Զ. Թող ընտրական արգելքը հասցվի 3-5 տոկոսի, խորհրդարանականների կեսն էլ թող կանայք լինեն: Թուրքիայում ընտրական արգելքը հիրավի բարձր է` 10 տոկոս: Այդ պատճառով շատ քիչ կուսակցությունների է հաջողվում հաղթահարել այդ արգելքը: 2002 թվականի խորհրդարանական ընտրություններում քրդական «դեմոկրատական հասարակարգ» կուսակցությունը (ԴՀԿ), որի գործունեությունը վերջերս կասեցվեց Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշմամբ, հավաքեց քվեների 6 տոկոսից ավելին, սակայն, բնականաբար, դա չբավարարեց խորհրդարան մտնելու համար: Իսկ ահա 2007 թվականի հուլիսի 22-ի վաղաժամ խորհրդարանական ընտրություններում ԴՀԿ-ն փոխեց իր մարտավարությունը և հանդես եկավ ոչ թե միացյալ կուսակցությամբ, այլ առանձին թեկնածուներով: Դա իր հերթին հանգեցրեց նրան, որ Արևելյան ու Հարավարևելյան Անատոլիայում, ուր հիմնականում քրդեր են ապրում, նրանք հասան նշանակալից հաջողության և խորհրդարանում ստացան շուրջ երկու տասնյակ մանդատ: Ինչ վերաբերում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) կանանց ներկայացվածությանը, ապա հարկ է նշել, որ գնալով այնտեղ ավելանում է կին խորհրդարանականների թվաքանակը: 2002-ին այդ ցուցանիշը 21 էր, իսկ 2007-ին (ներկայիս դրությամբ)` 48, որոնցից 27-ը ներկայացնում են ԱԶԿ-ն, 10-ը` ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ, հիմնադիր ու հավերժ նախագահ Քեմալ Աթաթուրք), 2-ը` «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ, «Գորշ գայլեր») և 9-ը` ԴՀԿ-ին աջակցող անկախ խորհրդարանականներ: 20-րդ դարում ԹԱՄԺ-ում կանանց ներկայացվածության գագաթնակետը գրանցվել է կանանց ընտրելու և ընտրվելու իրավունք ստանալու սկզբնական փուլում` 1935-1939 թվականներին, երբ 395 խորհրդարանականներից 18-ը (4,6 տոկոս) կանայք էին:
Է. Սահմանադրության մեջ չպետք է լինի «բարեփոխումներն արգելող» հոդված: Դա Սուրբ գիրք չէ: Այստեղ խոսքը Թուրքիայի Սահմանադրության 4-րդ հոդվածի մասին է. «Սահմանադրության 1-ին հոդվածը (հստակեցնում է պետության ձևը որպես հանրապետություն), 2-րդ հոդվածը (Թուրքիան դեմոկրատական, աշխարհիկ ու սոցիալական պետություն է, որը հավատարիմ է Աթաթուրքի գլխավոր սկզբունքներին) և 3-րդ հոդվածը (նվիրված է պետության տարածքային ամբողջականությանը, մայրաքաղաքին, պետական լեզվին, դրոշին ու օրհներգին) անփոփոխ են և, ընդ որում, չի թույլատրվում դրանցում ուղղումներ մտցնել»:
Ը. Թող Սահմանադրական դատարանի անդամների թվաքանակը հասցվի 21-ի: Հարկ է նշել, որ Թուրքիայի Սահմանադրության 146-րդ հոդվածի համաձայն` ՍԴ-ն բաղկացած է 11 հիմնական ու 4 պահեստային անդամներից, որոնց չեն կարող հեռացնել աշխատանքից կամ թոշակի ուղարկել` մինչև Սահմանադրության 147-րդ հոդվածով նախատեսված տարիքին (65 տարեկան) հասնելը:
Թ. Թող գլխավոր շտաբի պետի պաշտոնում կին նշանակվի: Սա կարելի է որակել որպես ֆանտաստիկա` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի գլխավոր շտաբի (ԳՇ) պետը, այլ երկրների իր գործընկերների համեմատ, ունի առավել բարձր իրավասություններ ու անկախություն: Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն` ԳՇ-ի պետին նախարարների խորհրդի առաջարկով նշանակում է երկրի նախագահը: Իր պարտականությունների ու լիազորությունների իրականացման ժամանակ նա պատասխանատու է երկրի վարչապետին:
Ժ. Թող մնա Աթաթուրքին պաշտպանող օրենքը: Աթաթուրքի (քեմալիզմի) պաշտպանության մասին թիվ 5816 օրենքն ընդունվել է 1951-ի հուլիսի 25-ին և օրենքի ուժ ձեռք բերել հուլիսի 31-ին։ Օրենքն Աթաթուրքի անձի պաշտպանության մասին է: Մասնավորապես, այս օրենքի 1-ին հոդվածով Աթաթուրքի հիշատակը վիրավորող անձանց համար նախատեսվում է 1-3 տարվա ազատազրկում: 2-րդ հոդվածով նախատեսվում է այդ պատժաչափի համամասնական ավելացում, եթե հասարակական վայրերում իրենց այդպիսի բան են թույլ տվել երկու կամ ավելի անձինք: 5-րդ հոդվածի համաձայն էլ` այս օրենքի իրագործմամբ պետք է զբաղվի ա րդարադատության նախարարը:
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2947

Մեկնաբանություններ