Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Մարդիկ սկսում են գիտակցել արհմիության իրական դերը»

«Մարդիկ սկսում են գիտակցել արհմիության իրական դերը»
03.03.2009 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԺԱՆ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԵՐԿԻՐ Է»
Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, որտեղ մասնավորապես ասված է. «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել նաև Հայաստանի տնտեսության համար՝ իր բացասական հետևանքներն ունենալով հանրապետության աշխատավորների սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ …Շարունակվող ճգնաժամը կարող է զգալիորեն ավելացնել գործազրկության մակարդակը հատկապես հանքարդյունաբերության, քիմիայի և շինարարության ոլորտներից ազատվող աշխատողների հաշվին։ Անհրաժեշտ է ճգնաժամի բացասական հետևանքների կասեցման այնպիսի միջոցներ ձեռնարկել, որպեսզի ողջ ծանրությունը չընկնի աշխատավորների ու նրանց ընտանիքների անդամների ուսերին…»։ Ճգնաժամի հետևանքները մեղմելու քայլերի, ինչպես նաև արհմիությունների դերի մասին է զրույցը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ հետ։
-Պարոն Թումասյան, ճգնաժամի հետևանքով մի շարք հիմնարկ-ձեռնարկություններում աշխատատեղեր են կրճատվել։ Արհմիություններն ի՞նչ են անում իրավիճակը մեղմելու և աշխատավորների շահերը պաշտպանելու ուղղությամբ։
-Ֆինանսատնտեսական ճգնաժամն աշխարհում սկսվեց բանկային համակարգից, սակայն Հայաստանում այդ ոլորտը բավականին կայուն է, ինչը հնարավորություն տվեց առժամանակ շրջանցել ճգնաժամը։ Նույնը չի կարելի ասել հանքարդյունաբերության մասին։ Համաշխարհային շուկայում մետաղների գների անկումը հանգեցրեց արտահանման ծավալների կրճատման, ինչն էլ իր հերթին բերեց հանքարդյունաբերական ոլորտում աշխատատեղերի կրճատման։ Բնական է՝ ցանկացած սեփականատեր, ով սովոր է գերշահույթներ ստանալու, չի ցանկանա զրկվել դրանցից, և սեփականատերերի հետ մեր բանակցություններն առաջին հերթին վերաբերում էին հենց դրան։ Մենք փորձում էինք նրանց համոզել, որ նախկինում ստացված գերշահույթը ծառայեցնեն աշխատատեղերը պահելուն կամ սառեցնելուն։ Չէ՞ որ կադրերին կրճատելու դեպքում հետագայում այդ մասնագետներին հետ բերելու խնդիր է առաջանալու։ Ի վերջո, ճգնաժամն անցնելու է, և մենք վերադառնալու ենք աշխատանքային բնականոն հուն։ Մեր հիմնական գործունեությունը ծավալվեց հանքարդյունաբերության աշխատողների համակարգը պահպանելու ուղղությամբ, ինչն առանց կառավարության միջամտության արդյունքներ չէր տա։ Ինչպես տեսաք, ՀՀ կառավարությունը 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի բյուջետային վարկ է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Զարգացումները հանքարդյունաբերության ոլորտում այսօր մեր հսկողության տակ են, որպեսզի զանգվածային կրճատումներ տեղի չունենան։ Գիտեք, որ 10 տոկոսից ավելի կրճատումները համարվում են զանգվածային, որի դեպքում գործում են օրենքի այլ պահանջներ, մասնավորապես 3 ամիս առաջ աշխատողները պետք է նախազգուշացվեն կրճատումների մասին։ Ճգնաժամը թափանցել է նաև քիմիական արդյունաբերության ոլորտ։ Վերջերս հանդիպել ենք «Նաիրիտի» արհմիության ղեկավարի հետ։ Այստեղ սեփականատիրոջ կողմից դրական մոտեցում է դրսևորվում աշխատավորների նկատմամբ, և աշխատատեղերն էլ ոչ թե կրճատվում են, այլ սառեցվում։ Մի շարք ձեռնարկություններում բարձր վարձատրվող արտասահմանցի աշխատողները վերադարձվեցին իրենց երկրներ։ Գիտենք, որ Հայաստանն էժան աշխատուժի երկիր է, և հաճախ արտասահմանցի ինժեներն այստեղ տասնապատիկ ավելի է ստանում, քան տեղացի մասնագետը։ Փաստորեն, նրա մեկ ամսվա աշխատավարձով կարելի էր ինժեներական մի ամբողջ խումբ պահել։ Շատ տեղերում սառեցվեցին կամ փակվեցին այդ աշխատատեղերը՝ զանգվածային կրճատումներից խուսափելու համար։
-Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան քանի՞ ճյուղային միություն ունի։
-Արհմիությունների կոնֆեդերացիան ունի 24 ճյուղային միություն։ Նախկինում արհմիությունները գործում էին ֆեդերատիվ սկզբունքով։ 1992-ից ի վեր գործում է կոնֆեդերատիվ սկզբունքը, այսինքն՝ յուրաքանչյուր ճյուղային միություն աշխատում է ավելի ինքնուրույն՝ իրավաբանական անձի կարգավիճակով, և կոնֆեդերացիան համակարգում է այդ աշխատանքը՝ ներկայացնելով նրանց պետական, օրենսդիր մարմիններում։
-Ի՞նչ բնույթի բողոքներ են ստանում արհմիությունները։
-Հիմնական բողոքները սկզբնական կազմակերպություններից են գալիս, որոնք գնում են դեպի ճյուղային միություններ։ Եթե այնտեղ հարցերը չեն լուծվում, բողոքները հիմնականում տեղափոխվում են կոնֆեդերացիայի ապարատ, որտեղ գործում է անվճար իրավաբանական ծառայություն, ունենք սոցիալ-տնտեսական բաժին, աշխատանքի տեսուչներ, ովքեր զբաղվում են այդ բողոքներով։ Մեկ տարվա ընթացքում բավականին շատ դիմումներ են գրանցվել իրավաբանական բաժնում, 3 գործ շահել ենք դատարանում, ինչն այսօրվա պայմաններում լուրջ ձեռքբերում է, քանի որ ոչ թե անձն է դիմել դատարան, այլ արհմիությունները։ Հիմնական բողոքները վերաբերում են չվճարված նպաստներին, աշխատանքից անօրինական ազատումներին, տեղափոխմանը, աշխատավարձի չվճարմանը։
-Ինչպե՞ս եք համագործակցում գործատուների և կառավարության հետ։
-Այդ հարցն այսօրվա մեր առաջնահերթություններից է։ Վերջին անգամ 12 տարի առաջ է կնքվել արհմիություն-կառավարություն համաձայնագիր։ Սոցիալական գործընկերության հիմք դնելու համար դիմեցինք ՀՀ կառավարություն, և արձագանքը եղավ բավականին դրական։ Այսօր մենք համագործակցում ենք թե՛ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, թե՛ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության հետ։ Ստեղծվեց եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվեց հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախագծի մշակմամբ։ Այդ փորձը կիրառվում է նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում, և Հայաստանը միակն է, որ չունի նման եռակողմ պայմանագիր։ Աշխատանքային խումբը պայմանագիրը ներկայացրել է կառավարությանը, սակայն ինչ-ինչ պատճառներով պայմանագրի կնքումը հետաձգվում է։
-Ինչքանո՞վ են իրենք` աշխատավորները, կարևորում արհմիությունների դերը։
-Խորհրդային տարիներին արհմիություններն ունեին լուրջ դեր, որովհետև պետական մոտեցում էր ցուցաբերվում այդ կառույցին։ Արհմիության վրա կուսակցական մարմինները դրել էին լրացուցիչ այլ պարտավորություններ՝ ուղեգրերի բաշխում, սոցիալիստական մրցություն, որպեսզի շեղվեր իր հիմնական գործառույթներից։ Ժողովուրդն էլ արհմիությանը նայում էր որպես սոցիալական բարիքներ բաշխողի։ Երբ քանդվեց համակարգը, և այդ բարիքներն այլևս չկային, անցանք շուկայական հարաբերություններին, արհմիությունների դերը միանգամից ընկավ։ Ամեն անգամ, երբ խոսվում է արհմիությանն անդամագրվելու մասին, առաջին արձագանքը լինում է՝ բա ի՞նչ եք տալու մեզ։ Սակայն այսօր մարդիկ սկսում են գիտակցել արհմիության իրական դերը, հասկանում են, որ այս կառույցը կոչված է իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու։ Շատ դեպքերում մեր միջամտությունն իրոք փրկում է տվյալ մարդու աշխատանքային պատիվը։ Ես արդեն նշեցի, որ 3 գործ շահել ենք դատարանում, ավելի քան 300 հարց մեր աշխատողների միջամտությամբ է լուծվել։ Մարդիկ պետք է հասկանան, որ կա կառույց, որը կկարողանա իրենց պաշտպանել։
Մենք բավականին լուրջ աշխատանքներ ենք կատարել արհմիությունների դերն ու նշանակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Արհմիությունների միջազգային և համաշխարհային կառույցներում մեզ արդեն տեսնում են, առաջարկվել է անդամակցել խոշոր արհմիութենական կառույցներին։ Միգրացիային, թրաֆիքինգին վերաբերող ծրագրեր ենք իրականացնում Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5906

Մեկնաբանություններ