Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ԲԱՐԴ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՊԱՐԶ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

«ԲԱՐԴ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՊԱՐԶ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
25.02.2011 | 00:00

«Նոր դրսևորումներ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ` ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության փուլում». երեկ այս թեմայի շուրջ «Իրատես de facto» ակումբում լրագրողներին իր դիտարկումները ներկայացրեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Ընթերցողին ենք ներկայացնում ասուլիսից հետո քաղաքագետի հետ ունեցած մեր առանձնազրույցը։
ԵԱՀԿ-ՈՒՄ ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
-Ղազախստանից հետո ԵԱՀԿ նախագահությունը ստանձնեց Լիտվան: Միջազգային բոլոր կառույցներից, թերևս, ԵԱՀԿ-ն հատկապես հետաքրքրում է Հայաստանին, նկատի ունենալով Մինսկի խմբի հանգամանքը։ Ձեր կարծիքով` Լիտվայի նախագահությունը ինչո՞վ կառանձնանա:
-Երբ Լիտվան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը, հայտարարեց իր նախապատվությունները, որի առաջին կետը հակամարտությունների հաղթահարման աջակցությունն է, հատկապես նախկին ԽՍՀՄ տարածքի: Հաջորդը` ԶԼՄ-ների ազատությանն աջակցությունն է, երրորդը` էներգետիկ անվտանգությունը, չորրորդը` տարածաշրջանային համագործակցությունը:
-Լիտվայի արտգործնախարարն իր հարցազրույցներից մեկում Ղազախստանի նախագահությունը համարել էր անհաջող: Թեպետ Կանատ Սաուդաբաևն էլ շատ ակտիվ էր իր պաշտոնում` թե՛ հայտարարությունների, թե՛ այցերի առումով, այնուամենայնիվ, մեկ տարում հարցի լուծման բարձրաձայնված հաջողություններ չեղան, ի՞նչ երաշխիքներ ու նախադրյալներ կարող է ունենալ Լիտվան` ի տարբերություն Ղազախստանի ինչ-որ առաջընթաց արձանագրելու համար:
-Լիտվայի արտգործնախարարի գնահատականը վերաբերում է ոչ թե Ղազախստանի նախագահությանն ամբողջությամբ, այլ Աստանայի գագաթնաժողովում գործողությունների ծրագրի չընդունման փաստին: Չմոռանանք, որ Աստանայում ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ ներառված էր և Ղարաբաղի հարցը, և դա բավականին դրական քայլ էր: Շատ կարևոր էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները միացան Մեծ ութնյակի 2010-ի հունիսի Մուսկոկյան հայտարարությանը, դա նշանակում է, որ առաջընթաց կար:
-Ի՞նչ է առաջարկում Լիտվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման համար:
-Առաջին հերթին պաշտոնական Վիլնյուսը շեշտում է, որ հակամարտության հաղթահարման գլխավոր ձևաչափը, որի շուրջ պետք է համախմբվեն բոլորը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, երկրորդ` որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն: Շատ կարևոր է, որ նրանք հավասարազոր են ընդունում հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները` ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը, նրանք ողջունում են Մուսկոկում ընդունված հայտարարությունը: Լիտվան համոզված է, որ շփման գծում գործող մոնիթորինգային խմբի գործունեությունը, Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ, պետք է ուժեղացնել, ձևավորել վստահության մթնոլորտ, դիպուկահարներին հեռացնել շփման գծից...
-Բայց Ադրբեջանը որերորդ տարին է` դա չի ընդունում:
-Այո, հենց դա էլ մեծացնում է Լիտվայի` որպես ԵԱՀԿ նախագահող երկրի, առաջարկի արժեքը: Պարզ է, որ լարվածությունը նվազեցնելու համար նրանք կարևոր են համարում դիպուկահարների հեռացումը շփման գծից: Այս դիրքորոշումը բավականին օբյեկտիվ է և ներառում է այն բոլոր հարցերը, որ ընդունում է նաև Հայաստանը:
-Ի՞նչ օրինագիծ է քննարկում Լիտվայի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
-Լիտվայի խորհրդարանում, մեծ թվով պատգամավորների ստորագրությամբ, շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին» բանաձևը, որի քննարկումը նախատեսվում է մարտին:
-Այդ բանաձևը կրկնո՞ւմ է պաշտոնական դիրքորոշումը, թե՞ կան տարբերություններ:
-Տարբերություններ կան: Առաջինը` երբ նշվում է, թե հարցի լուծման հիմքում որ սկզբունքներն են, թվարկվում են տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և մարդու իրավունքների պաշտպանությունը, այսինքն` հստակ ձևակերպված չէ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Պարզ է, որ մեզ համար դա առնվազն տարակուսելի է: Բանաձևում հղում կա նաև 2010-ի մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի վրա: Արտաքին հարաբերությունների հարցերում Լիտվայի խորհրդարանը գլխավոր մարմինը չէ, բայց, այնուամենայնիվ, ճիշտ չեմ համարում, որ բանաձևն այս տեսքով ընդունվի:
-Ի՞նչ կարող է անել Հայաստանը բանաձևում փոփոխություններ մտցնելու համար:
-Բավական ժամանակ կա, Հայաստանը կարող է մի քանի քայլ անել համապատասխան փոփոխությունների համար: Առաջին քայլը Հայաստանի Ազգային ժողովինը պետք է լինի, հայ-լիտվական պատգամավորական բարեկամության խումբը կարող է մեկնել Լիտվա, ներկայացնել մեր դիրքորոշումը, բանակցել և բացատրել իրողությունները: Ես համոզված եմ, որ բանաձևը գրելիս Լիտվայի խորհրդարանականները շփվել են միայն ադրբեջանցի պատգամավորների հետ: Երկրորդը դիվանագիտական խողովակն է: Չմոռանանք, որ Լիտվայի խորհրդարանը բավականին անկախ մարմին է, և պետք է մի քանի ուղղություններով աշխատել: Ես գրեթե կասկած չունեմ, որ փոփոխությունը հնարավոր է:
-Աստանայում նախագահությունն ստանձնելիս Լիտվայի նախագահը նշեց իրենց գերակայությունները և ասաց, որ պատրաստվում է լինել նաև Հարավկովկասյան տարածաշրջանում: Ձեր կարծիքով` այցը կլինի մինչև խորհրդարանում քննարկո՞ւմը, թե՞ քննարկումից հետո:
-Մեր խորհրդարանը և դիվանագետները պետք է կարողանան այնպես անել, որ այցը նախորդի քննարկմանը: Մենք, իհարկե, կարող ենք ասել, որ Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը դրական է, դա բավական է: Բայց չմոռանանք, որ խորհրդարաններում արտահայտված տեսակետները մեծ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի վրա, մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Լիտվայի կամ բալթյան երկրների հասարակությունը ապակողմնորոշված լինի:
-Լիտվայի խորհրդարանում նման բանաձևի քննարկումը Դուք կապում եք ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահությա՞ն հետ, թե՞ այլ հանգամանքներ էլ կան:
-Հիմնականում նախագահության հետ: 1-2 տարի առաջ սովորաբար հայտնի են լինում միջազգային կառույցներում նախագահող երկրները, ես համոզված եմ, որ ադրբեջանցիները դա հաշվի առնելով, նախօրոք լավ աշխատել են Լիտվայի խորհրդարանի հետ: Բնականաբար, Լիտվայի խորհրդարանը ցանկանում է, որ իր դերը միջազգային ասպարեզում կարևորվի, և իր երկրի նախագահության ժամանակ նման բանաձևեր է մշակում:
-Ասենք բանաձևն ընդունվել է` չանդրադառնալով բովանդակությանը, հակամարտության լուծման համար նման փաստաթուղթը որևէ նշանակություն կարո՞ղ է ունենալ:
-Կոնկրետ որոշման վրա` ոչ: Ավելի մեծ ու ազդեցիկ երկրների խորհրդարանների որոշումներն էլ ուղղակիորեն կապ չունեն այն գործընթացի հետ, որ Մինսկի խմբի շրջանակներում է կատարվում: Բայց նման որոշումները և քննարկումները շատ մեծ դեր են խաղում մթնոլորտ ստեղծելու համար և նախադեպ են դառնում: Օրինակ` Եվրախորհրդարանի մայիսի 20-ի որոշումն արդեն հայտնվեց Լիտվայի խորհրդարանի բանաձևի մեջ: Քանի որ Լիտվան ԵՄ անդամ է և Եվրախորհրդարանում պատվիրակություն ունի, կապը ստեղծվում է: Դա նշանակում է, որ մենք չպիտի թույլ տանք մեր շահերից չբխող բանաձևերի ու որոշումների ընդունում, ավելին` պետք է կանխենք նման ավարտ ենթադրող գործընթացները:
-Ելնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցից հետո արված հայտարարությունից, որ որոշակի առաջընթաց է ձեռք բերվել, հնարավո՞ր է, որ մարտին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ ստորագրվի, որը կամրագրի ձեռք բերածը և կդառնա հետագա քայլերի ճանապարհային քարտեզ:
-Աստանայում ստորագրվածը ես համարում եմ առավելագույնը, որ հնարավոր էր անել այս ժամանակահատվածի համար: Այնտեղ մադրիդյան երեք սկզբունքները բաժանված են վեց քայլի: Այդ 6 կետերից այսօր ավելիին հասնել անհնար է: Ոչ միայն մարտին, այլև մոտ ժամանակներս սկզբունքային որևէ հարցում առաջընթաց չի լինի: Այդ վեց կետերի շուրջ ավելի խոր քննարկումների կարիք կա, ի վերջո` ճանապարհային քարտեզը հենց այդ 6 կետերի շուրջ վերջնական համաձայնեցումների ձեռքբերումն է: Ես նույնիսկ վտանգավոր եմ համարում արհեստական արագացումը, որովհետև իրոք շատ խնդիրներ կան հանգուցված: Պատահական չէ, որ Լիտվան էլ խնդիր է դնում ոչ թե հարցի լուծումը, այլ լուծմանն աջակցելը, և դա շատ ռեալիստական մոտեցում է:
-Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը, հայտնվելով փակուղում, երբ Հայաստանը և համանախագահներն ընդունում են 3 սկզբունքները համահավասար, իսկ ինքը պնդում է տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը, կամ կդադարեցնի բանակցությունները, կամ կդիմի հարցի լուծման ռազմական ճանապարհին, ինչի սպառնալիքը քանիցս բարձրաձայնել է:
-Մենք պետք է տարբերակենք Ադրբեջանի ստորագրած փաստաթղթերը և հայտարարությունները: Համանախագահ երկրները, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Աստանայի հայտարարությունը, որտեղ հստակ գրված է, որ հարցը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա: Ես հակված եմ հավատալու փաստաթղթերին, ոչ թե հայտարարություններին: Ես չեմ կասկածում, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են ռազմական գործողությունների հետևանքները, որոնց հավանականությունը պարբերաբար մեծանում-փոքրանում է, բայց մնում է ընդամենը հավանականություն: Առավել ևս արաբական աշխարհում լուրջ գործընթացների համապատկերում չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը հանդգնի նման քայլ անելու:
ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆԱՎԹԻ ՀԵՏԱԳԻԾԸ
-Արաբական աշխարհում համեմատաբար թավշե հեղափոխություններից Լիբիայի իրադարձություններով անցում կատարվեց բացահայտ բռնությունների, ինչո՞վ եք բացատրում:
-Տարբեր երկրներում, եթե ուշադիր եք եղել, տարբեր իրավիճակներ էին. արաբական աշխարհը համասեռ չէ, բայց կան ընդհանրություններ: Ընդհանուրը, որ շատ երկրների միավորում է, պատմությունն է` 50-60 տարի առաջ սկսվեց ապագաղութացումը, և այդ գործընթացում արաբական աշխարհի բոլոր երկրներն անկախություն ստացան մետրոպոլիաներից, բայց գրեթե բոլոր երկրներում ձևավորվեցին ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմներ: Հիմա տեղի ունեցողն ազատագրման երկրորդ փուլն է, երբ ազատագրվում են ոչ թե դրսից, այլ ներսից: Այստեղ ահա մեծ դեր ունեն պետությունների առանձնահատկությունները, քաղաքական ուժերի դասավորումները, ավանդույթները: Տեսեք, Թունիսը համեմատաբար փոքր երկիր էր, որտեղ շատ մեծ դժգոհություն կար, և գործընթացը երկար չտևեց, Եգիպտոսում ավելի երկար էր ու դժվար, զոհերի թիվը 300-ի հասավ, բայց շատ կարևոր դեր կատարեց բանակը` կանխելով ավելի մեծ արյունահեղությունը։ Լիբիայի դեպքում գործ ունենք տեռորիստական իշխանության հետ, որը կրակում է իր ժողովրդի վրա, և բանակը բոլորովին այլ դերում է, համենայն դեպս, շատ զինվորներ կրակում են համաքաղաքացիների վրա: Բարեկեցիկ Բահրեյնում առաջին պլան եկավ կրոնական գործոնը: Իսկ բոլորին միավորում է քաղաքական գործընթացը. մարդիկ ուզում են ազատ ապրել, ազատության նրանց հասկացությունը բավականին մոտ է եվրոպականին: Նրանք ուզում են ընտրել իշխանություն, ոչ թե 30-40 տարի ունենալ մեկ նախագահ: Իհարկե, կան նաև սոցիալական, կրոնական խնդիրներ: Նկատի ունեցեք, որ նոր սերունդն է գալիս ասպարեզ, որն ուսանել է եվրոպական երկրներում և հիմա իր երկրում ուզում է քաղաքակիրթ կյանք ունենալ: Վերջին 20 տարվա ժողովրդագրական պայթյունը իր քաղաքական ազդեցությունն է ցույց տալիս:
-Երբ քարտեզով եք քննարկում աֆրիկաարաբական հեղափոխությունները, ակնհայտ չի՞ դառնում, որ հեղափոխությունների ալիքը համընկնում է Իրաք-Մեծ Բրիտանիա, Իրաք-ԱՄՆ նավթային կարճ ճանապարհին` Սուեզի ջրանցքով, նավթառատ, հեղափոխվող բոլոր երկրների ափերով ու Միջերկրական ծովով։
-Իհարկե, նավթային գործոնը կա, բայց ԱՄՆ-ի վարչակարգի համար, իմ կարծիքով, այդ փոփոխություններն անսպասելի էին: Հիշեք ԱՄՆ-ի նախագահի արձագանքը եգիպտական իրադարձություններին: Նրանք բավականին պահպանողական վերաբերմունք ունեցան, ընդունում էին աշխարհիկ իշխանությունը, որը լավ հարաբերություններ ուներ Իսրայելի հետ, ուրեմն պետք էր աջակցել:
-Իսկ WikiLeaks-ի հրապարակո՞ւմը, որ տարիուկես առաջ բավականին պատկառելի գումար է տրվել Եգիպտոսի ընդդիմությանը...
-Ես չեմ բացառում նուրբ խաղերը, բայց փորձը ցույց է տալիս, որ բարդ իրադարձություններն ունենում են պարզ բացատրություններ: ԱՄՆ-ի բոլոր նախագահները խրախուսել են մարդու ազատությունների ու ժողովրդավարության համար պայքարը, տարակարծության առկայությունը: Հնարավոր է, որ տարբեր երկրներում տարբեր ուժերի հետ աշխատանք եղել է, բայց ակնհայտ է, որ իրադարձությունների նման մասշտաբներն անսպասելի էին նույնիսկ ԱՄՆ-ի համար: ՈՒսումնասիրեք նախագահի, պետքարտուղարի հայտարարությունները իրադարձությունների առիթով և կտեսնեք, որ անակնկալի գործոնը կա:
-Իսկ ես չեմ կարծում, որ նախագահի կամ նախարարի առաջին պարտականությունը պետք է անկեղծությունը լինի քաղաքականության կամ դիվանագիտության մեջ:
-Համաձայն եմ, բայց ակնհայտ է, որ, մասնավորապես Եգիպտոսի դեպքում, երկու շաբաթ ԱՄՆ-ը չէր կողմնորոշվում` ինչ անել: Եթե այսօր արևմտյան երկրները քայլեր ձեռնարկեն Լիբիայի դեմ, նրանց վարկանիշը շատ կբարձրանա: Միջամտել որևէ երկրի ներքին գործերին, իրոք, անթույլատրելի է, բայց երբ պետության նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ զորքն օգտագործում է ժողովրդի դեմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել: Ինչպե՞ս վարվեցին Սադամ Հուսեյնի հետ:
-Իսկ գուցե Իրաքում նա՞վթն էր շատ, ոչ թե Սադամն էր վտանգավոր:
-Դուք կարծում եք` քի՞չ նավթ կա Լիբիայում: Աշխարհում չորրորդն է նավթի պաշարներով: Երկակի ստանդարտների արևմտյան քաղաքականությունը, իհարկե, կա, բայց և արևմտյան երկրների համար դատարկ խոսքեր չեն մարդու իրավունքների պաշտպանությունը, ուժի չկիրառումը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ