Ապրիլի 16-ին Հայաստանը տոնում է Ոստիկանի օրը, և, որպես անակնկալ, շքերթի մասնակիցները լինելու են նոր համազգեստներով։ Ո՞րն է վերջին տասը տարիների ամենամեծ ձեռքբերումը և ի՞նչն է կարևորում այս պահին ոստիկանապետ, գեներալ-մայոր ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
-Ինձ համար ամենամեծ ձեռքբերումը ոստիկանի մտածելակերպի փոփոխությունն է, ինչի դրական ազդեցությունը նկատվում է ժողովրդի վերաբերմունքի մեջ,- ասաց պարոն Սարգսյանը։- Այսօր ժողովուրդը մեզ ավելի շատ է վստահում և փորձում է համագործակցել։ Այսինքն, ժողովուրդը հասկանում ու գնահատում է ոստիկանության դերը և չի դիտում նրան որպես օտարի, ինչը բնական է` ոստիկանությունը մեր հասարակության մեջ օտար լինել չի կարող։ Որքան էլ մեծ է ոստիկանության դերը մեր պետության ամրապնդման, նրա շահերի պաշտպանության գործում, նրա հիմնական առաքելությունը ժողովրդին ծառայելն է։
-Ի՞նչ ունեք ասելու ոստիկաններին։
-ՈՒժ, կորով, համբերություն, խաղաղություն, որ կարողանանք մեր առջև դրված բարդ խնդիրները պատվով իրականացնել։ Ոստիկանության համակարգում բարդ ժամանակահատված է։ Ճիշտ է, երկրում խաղաղություն է, ճիշտ է, պետությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները մեր իղձերի ու բարեփոխումների իրականացման համար, սակայն համակարգում ներդրված նորարարությունն այնքան մեծ է, որ կարող է միանշանակ ճիշտ չգնահատվել, դրանց ոչ պատշաճ իրականացումը կարող է սպասված արդյունքները չապահովել։ Բայց, փառք Աստծո, ժողովուրդը մեզ հասկանում է, քանի որ երկրի ղեկավարությունը և, մասնավորապես հանրապետության նախագահը, իրենց աջակցությունն են ցուցաբերում բարեփոխումների իրականացմանը, ինչը մեզ վստահություն է ներշնչում` մեր առջև դրված նշաձողին հասնելու ճանապարհին։
-Համոզվա՞ծ եք, որ եթե դուրս գանք փողոց, մարդիկ լավ կխոսեն ոստիկանի մասին։
-Եկեք դուրս գանք և տեսնենք` որևէ մեկը ոստիկանին փնովելու մտադրություն ունի՞, թե՞ ոչ։
«ԱՊՐԵՍ, ՈՒՐԵՄՆ ՀԵՌԱԳԻՐ ԿԻՏԱՄ»
Մենք մեզ չէինք ների, եթե ոստիկանության պետի այս արտառոց առաջարկից չօգտվեինք։ Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի հետ դուրս եկանք կառավարության շենքից։ «Ժողովուրդ, բարև ձեզ» ասաց ոստիկանապետը, երբ մոտենում էինք դեպի մեզ քայլող տղամարդկանց, սակայն կառավարության նիստի օրերին շենքը պաշարողների մի մասը մեզ օղակի մեջ առավ։ Յոթանասունամյա տատիկի զրույցը Ալիկ Սարգսյանի հետ շատ հետաքրքիր էր։
-Էս ա 20 տարի ա` ինձի զրկած են սեփականությունից, հազիվ կոմիտեի նախագայը հարցը ճշտել ա, ամեն ինչ ըրավ։ Հիմա գյուղապետը էս մե պեչատը չի դնե։
-Մայրիկ ջան, ո՞ր գյուղից ես։
-Մարտունու, Ծաղկան։
-Որ խնդրեմ, կարո՞ղ ես դիմում գրել իմ անունով։ Հիմա ես քեզ լսում եմ, բայց հետո կմոռանամ։
-Խա, հեռագիր կիտամ քեզի։
-Հեռագիր կիտաք։ Ես էլ Ձեր դիմումին կպատասխանեմ։
-Անձամբ դո՞ւ։
-Անձամբ ես։
-Ապրես, ուրեմն հեռագիր կիտամ։
70-ամյա տատիկի հարցադրումից հետո ներկաներն իրենց տարբեր խնդիրներով` սկսած տանիքից, վերջացրած հարկայինի հետ կապված հարցերով, դիմում էին ոստիկանության պետին։ Ինչո՞ւ, չէ՞ որ դրանք հարցեր են, որոնք չեն առնչվում ոստիկանության համակարգին։ «Դիմել ենք համապատասխան պաշտոնատար անձանց, պահանջել ենք օրենքի կիրառում, ցավոք, պատասխան չկա, հուսով ենք` ոստիկանության միջոցով օրենքը կկիրառվի»,- մեր հարցադրմանն ի պատասխան նշեցին հավաքվածներից երկուսը։ Քանի որ հավաքվածների տարիքային ցենզը 45-ից բարձր էր, ոստիկանապետի հետ հարցախույզ անցկացրինք երիտասարդների շրջանում. «Մեր ոստիկանությունից գոհ ենք, եթե նրանք իրենց տեղում չլինեն` մեր վիճակը շատ ավելի վատ կլինի պաշտպանվածության առումով։ Իհարկե, համակարգում կան և՛ լավ, և՛ վատ աշխատողներ։ Ընդհանրացնել և ասել, որ բոլորը վատն են, սխալ է»,- նշում էին անցորդները։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ