Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՅՈԹԾՈՎԻՄԵՐԱՆՆԵՐԻ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄ ՉԷ»

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՅՈԹԾՈՎԻՄԵՐԱՆՆԵՐԻ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄ ՉԷ»
18.03.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` անհրաժե՞շտ էր կոալիցիոն քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը, և դրանով ի՞նչ փոխվեց քաղաքական դաշտում:
-Կոալիցիոն կուսակցությունների համատեղ հայտարարության ստորագրումը միաժամանակ լուծեց 3 խնդիր: Այսօր Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել: Իսկ լուծողը, բնականաբար, իշխանություններն են, որոնց գործողությունները հաճախ պայմանավորված են ներքաղաքական իրավիճակով, փոխվստահությամբ, կանխատեսելիությամբ և համատեղ պատասխանատվությամբ առաջ շարժվելու, ոչ միայն ցանկությամբ, այլև կարողությամբ:
Երկրորդ խնդիրը բացարձակ ներքաղաքական է: Այն, ինչ կոչվում է ներքաղաքական կայունություն, ամբողջովին տեղավորվում է այս գործընթացի մեջ: Ստացվում է հետևյալը. իշխանությունը միասնական է, գիտի իր անելիքները, իսկ ընդդիմությունը փորձում է դառնալ ավելի պրոդուկտիվ ու կառուցողական: Ես միշտ այն կարծիքին եմ, որ ուժեղ ընդդիմությունը ուժեղ իշխանության գրավականն է:
Երրորդ խնդիրը, որը չափազանց կարևոր է, հասարակական կարծիքի, ընկալումների և ապագայի հստակ պատկերացումների ձևավորումն է: Սա տեղավորվում է նախընտրական տարվա տրամաբանության մեջ, երբ բոլոր քաղաքական ուժերը ճշգրտումներ են մտցնում իրենց գործունեության մեջ, որդեգրում նոր մոտեցումներ կամ առաջնորդվում նախկին սկզբունքներով:
Չպետք է խուսափել կամ ամաչել իրերն իրենց անուններով կոչելուց: Քաղաքական ուժերը պետք է հասարակության համար լինեն հասկանալի ու կանխատեսելի, այլապես ժողովուրդը «լավ» գնահատականներ նշանակելու հարցում բոլորովին էլ շռայլ չէ:
Հուշագիրը շատ հարցերի պատասխաններ տվեց, շատ հանգամանքներ պարզվեցին: Թվում էր, թե հուշագրի ստորագրումից հետո ավելի բարեխառն պետք է լինեն եղանակները, սակայն անթաքույց մնացին նախանձն ու չարությունը, որոնք որոշ քաղաքական շրջանակների համար արդեն ոչ թե գործիք են, այլ կենսակերպ:
-Կոալիցիոն կուսակցությունների վերաբերմո՞ւնքը նկատի ունեք միմյանց նկատմամբ, թե՞ ընդդիմության:
-Խոսքը վերաբերում է նաև ՕԵԿ-ի նկատմամբ տեղեկատվական հարձակումներին: Խնդիրը պետք է դիտարկել տրամաբանական հարթությունում: 2008-ի նախագահական ընտրություններից հետո ձևավորված կոալիցիան ստորագրեց փաստաթուղթ, ևս մեկ փաստաթուղթ ստորագրվեց փետրվարին: Պահել որդեգրած քաղաքական գիծը, վերաամրագրել ու շարունակել համատեղ աշխատանքը. սա է հիմնական գաղափարը: Այս ամենը որքան է կարևոր կամ ցավալի որոշ շրջանակների համար, դա այլ խնդիր է: Իսկ մեզ համար սա պարզ և վաղուց հայտնի ճշմարտություն էր. քաղաքականությունը ոչ թե կույր կրքի, այլ սթափ բանականության արդյունք է: Սթափ բանականությունը նաև հուշում է` քաղաքականությունը յոթծովիմերանների արկածախնդրության թատերաբեմ չէ։
-Ինչո՞ւ շատ հարձակումների թիրախ դարձավ հենց ՕԵԿ-ը:
-Երբ ժամանակին բաց ու հրապարակային հայտարարեցինք, որ մենք միշտ պահում ենք քաղաքական պայմանավորվածությունները, որ ազնիվ ենք համագործակցային հարաբերություններում, որ հաջորդ նախագահական ընտրություններում սատարելու ենք գործող նախագահին, որ միշտ անձնական ու այլ ամբիցիաները ստորադասում ենք պետության, հասարակության շահերին, միանշանակ չընդունվեցին: Բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց, ու ակնհայտ դարձան ՕԵԿ-ի գործողությունների կարևորությունն ու ճշմարտացիությունը: Բնականաբար, պետք է լինեին պատվիրված քննադատություններ, քանի որ խնդիր կար իրավիճակն ու հանգամանքները հասարակությանը մատուցելու այլ ենթատեքստով ու նպատակներով. սա մեկ: Եվ երկրորդ` բոլորը, ում կյանքի նպատակն է տեսնել ՕԵԿ-ին թույլ կամ ձախողված, այսօր ակնհայտ ցայտնոտի մեջ են: Հակառակ նրանց երազանքների` «Օրինաց երկիրն» ամեն օր ուժեղանում է: Մեր բազմաթիվ հանդիպումները ժողովրդի հետ ցույց են տալիս ժամանակին կատարած քայլերի ճշմարտացիությունը: Այսօր էլ շատերն են ասում, որ էլի ՕԵԿ-ը, էլի Արթուր Բաղդասարյանը զբաղված են ժողովրդին հուզող խնդիրների լուծմամբ: Պատահական չէ, որ ՕԵԿ-ն ավելի քան 150 օրենքների հեղինակ և համահեղինակ է: Կարծես արդեն սովորական է դարձել, երբ հաճախ «երկնքից երեք խնձոր է ընկնում…» հեքիաթի սցենարով հայտնվում է մի նոր դեմք կամ արդեն գործող, բոլորին ճանաչելի «հերոս» ու մտքեր արտահայտում, թերթերում հոդվածներ տպում ու էլի ինչ-որ «տպավորիչ» քայլեր անում: Նորերի դեպքում ինչ-որ տեղ հասկանալի է` մարդիկ փող են աշխատում: Բայց երբ ծաղրածուական բոլոր հնարքներն են բանեցնում վռամիկների (նաև արամիկների) նմանները, ովքեր ժամանակին իրենց չեղած բոյով մինչև ոտքի մատները խոնարհվում էին Արթուր Բաղդասարյանի առջև և փառաբանական ճառեր ասում, նաև ԱԺ-ում հայտարարությունների տեսքով (փաստերն առկա են), ազնիվ չէ ուղղակի: Նույնը վերաբերում է տերեր փոխողներին: «Տիրոջը» փոխելը քիչ չէ, այսօր նախկին «տիրոջը» քննադատողը վաղն էլ այսօրվա «տիրոջը» կքննադատի: Մարդու տեսակ է:
Անկախությունից հետո, մասնավորապես հետպատերազմյան շրջանում, երբ որոշ մարդիկ մեր ծնողների ստեղծածը ջրի գնով սեփականաշնորհեցին, վաճառեցին, դարձան երկրից հարուստ, այսօր իրենց մտավոր ու ֆիզիկական չափերին համապատասխան գնահատականներ են տալիս ՕԵԿ-ին և Արթուր Բաղդասարյանին, որոշ թերթերի` սատանային անգամ հոգին վաճառելու պատրաստ լրագրողներին մի քանի ոսկով կաշառելով` մարդկային երևակայության սահմաններից դուրս հոդվածներ պատվիրում: Թե՞ Արթուր Բաղդասարյանն էլ պետք է ալան-թալանին մասնակցեր, ունենար քրեածին անցյալ և մականուն (ես հպարտ եմ, որ իմ կուսակցության նախագահն այդպիսին չէ), որը բավականին լավ բնութագրում է այդ մարդկանց թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական, թե՛ արժեքային համակարգը: Շատ ավելի անտանելի է այն մարդկանց գործելաոճը, ովքեր ոչ միայն հասարակական ոլորտներում, այլև քաղաքականության մեջ ամեն ինչ վերածել են առուվաճառքի: Նրանց` ամեն ինչ փողով ձեռք բերելու սովորությունը տեղափոխվել է քաղաքական դաշտ և արատավորել ու փչացրել այն: Բազմիցս եմ նշել ու հիմա էլ կասեմ` Հայաստանի լուսավոր ու լավ ապագայի կերտողները բարձր ինտելեկտուալ հատկանիշներով և ընդունելի ու հասկանալի արժեհամակարգ ունեցող անձինք պետք է լինեն, այլ ոչ թե սափրագլուխներով շրջապատված մարդիկ, ում փողերի կապոցները «չեն խնայում» ո՛չ մտավորականին, ո՛չ էլ օրվա հացով ապրող գյուղացուն: Նույնը հավասարապես վերաբերում է նրանց, ովքեր իրենց իշխանության տարիներին կոպեկներով գնելով ժողովրդի ունեցվածքը, դարձել են ժողովրդից ու երկրից հարուստ, այսօր էլ քննադատում են, խաղում կամ հոդվածներ պատվիրում:
Ես համոզված եմ` հասարակությունը շատ լավ հասկանում է` ով ում դեմ է և ինչի համար: ՈՒզում եմ նշել` դա նաև ակնհայտ է, որ էլ գրելու բան չունեն, մտել են քաղաքական ուժերի «խոհանոց» և ջանասիրաբար հատակն են լվանում: Իրենց բուն խնդիրը պետք է լիներ խոսել այն սափրագլուխների տերերի մասին, որոնց մշտական հարվածների տակ են եղել իրենք: Դա թողած բեմադրում են իրենց պատվիրատուների նման անճաշակ ու բովանդակությունից դատարկ ներկայացումներ:
ՕԵԿ առաջնորդն այն քաղաքական գործիչների թվին է պատկանում, որը մեր նորանկախ հայրենիքի քսանամյա պատմության մեջ թողել է 17 տարվա անջնջելի ձեռագիր: Մարդ, ով իր գիտելիքներով, փորձով ու աշխատանքով գործել է միայն մեր պետության հզորացման համար ու այսպես էլ շարունակելու է: Արթուր Բաղդասարյանը թե՛ հիմա, թե՛ 20 տարի առաջ ունեցել է մեծ հնարավորություններ, ապահովված է եղել ամեն ինչով, բայց, ի տարբերություն շատերի, նա այդ ամենը ձեռք է բերել աշխատանքով, ոչ թե երկիրը թալանելով: Նրանք, ովքեր այսօր դարձել են երկրից հարուստ մարդիկ, ում վրայից ժամանակին գոմի հոտ էր գալիս, ովքեր հանկարծ Քաջ Նազարի բախտով իրենց տրիկոտաժե փալասները փոխարինել են թանկարժեք կոստյումներով ու մուշտակներով, իրենց իրավունք են վերապահում կեղտոտ տեխնոլոգիաներով քաղաքական դիվիդենդներ շահելու: Նրանց ողբերգությունն այն է, որ այս ժամանակահատվածում նրանք բավականին կերպարանափոխվել են, իսկ Արթուր Բաղդասարյանը մնացել է իր մշտական բարձրության վրա: Պատվիրատուներն ու կատարողները խղճուկ են, իսկ ձեռագիրը` ծիծաղելի:
-ՕԵԿ-ն ի՞նչ ակնկալիքներ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
-Վստահաբար կարող եմ ասել, որ հաջորդ խորհրդարանում ՕԵԿ-ն ունենալու է իր ծանրակշիռ ներկայությունը: Դա ոչ թե ցանկություն է, այլ կլինի հետևանք այն հսկայածավալ աշխատանքների ու բարեփոխումների, որոնք իրականացնում է կուսակցությունը: Այսօր հասարակությունը գնահատում է մեր աշխատանքը, իսկ ընտրությունները գնահատական են արված գործի, անցած ճանապարհի ու առաջիկա ծրագրերի:
-Գնաճի այս պայմաններում սոցիալական բողոքի բռնկումներ հավանական համարո՞ւմ եք:
-Այսօր շատ սոցիալական խնդիրներ կան կուտակված: Կա գնաճ, գործազրկություն: Հետճգնաժամային ժամանակահատվածը տնտեսական և սոցիալական շատ բարդություններ է առաջացրել: Սակայն իշխանություններն ամեն ինչ անում են, որ թուլանա սոցիալական լարվածությունը, մարդկանց խնդիրները մի քիչ թեթևանան: Այսօր, իհարկե, կան արդարացիորեն բողոքող հասարակական խավեր, բայց քիչ հավանական եմ համարում բողոքի համատարած բռնկումները, քանի որ Հայաստանում սոցիալական ու տնտեսական կաթվածահար վիճակ չկա: Մենք պետք է շարունակենք համարձակ բարեփոխումների քաղաքականությունը, որը դրական արդյունք անպայման տալիս է:
-Մարտի 5-ի հանդիպումից հետո հնարավոր համարո՞ւմ եք ԼՂ հարցի լուծման շրջանակային համաձայնագրի ստորագրումը:
-Մարտի 5-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ստորագրված փաստաթուղթը, ՀՀ նախագահի այդ հանդիպման վերաբերյալ հայտարարությունը կարծես թե փաստում են, որ կողմերը որոշակի համաձայնության են եկել երեք հիմնարար սկզբունքների շուրջ, այն է` ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Ցանկալի է, որ հնարավորինս շուտ վերը նշված սկզբունքների շուրջ ձեռք բերվի փաստաթղթային համաձայնություն, սակայն դա կախված է ոչ միայն հայկական կողմի դիրքորոշումից, այլև ադրբեջանական, որն իր գործողություններում կանխատեսելի չէ, իսկ հայկական կողմը բազմիցս է հայտարարել վերը նշված երեք հիմնարար սկզբունքները պաշտպանելու և ընդունելու և հռչակված սկզբունքներով առաջ գնալու մասին:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ