«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ
-Պարոն Մանուչարյան, ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում Ռուսաստանը: Հարցնում եմ, որովհետև ժամանակներ առաջ մեզ հետ զրույցում ասել էիք` ելցինյան Ռուսաստանը մի անհեթեթություն էր, պուտինյանը` մեկ այլ: Մեդվեդևյանը նո՞ւյնպես անհեթեթություն է:
-Հայտնի արտահայտությունը` «ձՎՏՎ ՀՏրրՌ՚ վպ տՏվՑՖ», այսօր առավել քան կիրառելի է Ռուսաստանի համար: Ռուսաստանը, ինչպես ցանկացած երկիր, խիստ բազմաշերտ է: Սակայն այդ բազմաշերտությունն իր դեպքում հատուկ ընդգծված է. ՌԴ-ն մի կողմից կարող ենք համարել ստանդարտ-հզոր պետություն, որն ուզում է մտնել գերհզորների շարքը, մրցակցել նրանց հետ, ու դրա համար լծակներ կարծես արդեն իսկ գտել է...
-Այդ ի՞նչ լծակներ են:
-Դա և՛ ավանդական ռազմական պոտենցիալն է, այսպես կոչված` միջուկային լծակը, և, ըստ էության, ցամաքային մասշտաբային պատերազմի կարողությունը. աշխարհում այսօր նման պատերազմի պատրաստ է միայն Ռուսաստանը: Հաջորդ գործոնն էներգակիրներն են, և այդպես շարունակ: Վերադառնալով հարցին, պետք է ասել, որ Ռուսաստանի հետ կապված «անհեթեթ» բառը միշտ կարելի է օգտագործել: Բացատրեմ, թե ինչու։ Կան բարձր նպատակներ, որոնք ուղղված են մարդկության համար կարևոր առաքելություն իրականացնելուն. Ռուսաստանը նման առաքելություն մշտապես ունեցել է: Նա պարբերաբար ձեռք էր բերում այդ ֆունկցիան, հետո` կորցնում: Ժամանակին դա ուղղափառության մոդիֆիկացիան էր: Երկրորդ առաքելությունը սոցիալիզմն էր: Մեսիական իր առաքելությունը Ռուսաստանը փորձել է իրականացնել մոլորակով մեկ: Սակայն ելցինյան, ապա և պուտինյան ռուսաստանները կորցրել էին այդ գործառույթը: Առաջին անգամ Ռուսաստանն այլևս չուներ նման հարցադրում: Այսօրվա Ռուսաստանում մի փոփոխություն, այնուհանդերձ, կա. ինտուիտիվ զգալով դրա անհրաժեշտությունը, վերջինս փորձում է կրկին վերահաստատվել մարդկության համար կարևոր առաքելության մեջ, դառնալ ինչ-որ գաղափարի կրող, ինչի կոնկրետ առարկայացումը ես գոնե առայժմ չեմ տեսնում, և այնուհանդերձ, դա Ռուսաստանի համար կենսական անհրաժեշտություն է դարձել, որովհետև մնացած գործոններում` խորամանկություն, ուժ և այլն, իրենից ավելի լավ խաղացողներ կան:
-Դե չէ, պարոն Մանուչարյան, Ռուսաստանը մշտապես համարվել է «սապոգի», «սարտիրներում» լավագույնս «մոչիտ» անող երկիր. բառացիորեն վերջերս էլ հարգարժան «միսիոներն» սկսեց հետխորհրդային տարածքն այնքան խորամանկ, այնպես ուժային ձևերով հետ վերադարձնել, որ բողոքել նրա այդ կարողությունների պակասից առնվազն արդար չէ: Իսկ ամենատարօրինակն այս ամենում այն էր, որ Միացյալ Նահանգները մատն իսկ չշարժեց Ռուսաստանին դրանում խանգարելու համար: Ի՞նչ է, պարոն Մանուչարյան, ԱՄՆ-ն այլևս հավես չունի՞ հետխորհրդային փոքր երկրներում խաղի կողմ լինելու, մի պստիկ միսիա իրականացնելու, որովհետև ունի Իրանի, Իրաքի, Չինաստանի և վերջապես` Աֆղանստանի խնդիրնե՞ր:
-Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա վերջինիս համար, իրոք, շատ բարդ իրավիճակ է: Բայց միակ պատճառը դա չէ, որովհետև, մյուս կողմից էլ, Ռուսաստանի գործոնն է աշխարհում տարբեր պատճառներով դարձել շատ կարևոր: Դա ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան Ռուսաստանի պատճառով, այլ հենց համաշխարհային բարդ զարգացումների: Համաշխարհային քաղաքակրթությունը, ինչպես տեսնում եք, կանգնած է լուրջ երկընտրանքների առաջ. Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի միջոցով հարյուրամյակներ զարգացրած քաղաքական մոդելը, որն աշխարհում միանշանակ իշխող էր, այսօր արդեն չի աշխատում, և խիստ բաց տեքստով ու ամենաբարձր մակարդակներում խոսվում է համաշխարհային այդ համակարգի ճգնաժամի, այն է` անարդյունավետության, շահագործողական բնույթի մասին:
-«Համակարգ» ասելով` Դուք նկատի ունեք համաշխարհային, այն է` 300-ի կառավարությո՞ւնը:
-Ո՛չ: Խոսքը դրա մասին չէ: Ես խոսում եմ այլ խնդրից: Վերցնենք կոնկրետ աշխարհում գործող ֆինանսական համակարգը. այն շատ տարօրինակ ֆունկցիա է իրականացնում ամենուր. ասենք` ունի բաղկացուցիչ մաս, ունի որոշիչ մաս. որոշիչ մասն իրեն է ենթարկել բոլոր բաղկացուցիչ մասերը. նրանց ենթարկել է իր կամքին, նպատակադրումներին: Եվ այսօրվա ճգնաժամերը նման ենթարկման առկայությամբ են բացատրվում: Ընդ որում, կարծես, խոսվում է տնտեսական ճգնաժամի մասին, սակայն իրականում խնդիրներն առավել քան խոր ու քաղաքական են. խոսքն իրականում մարդու այն կերպի մասին է, որը տիրում էր աշխարհում: Այդ մարդն այլևս ի վիճակի չէ տանելու մոլորակի ծանրությունը: Տեսակն ավարտված է: Եկել է մեկ այլ տիպի մարդու ժամանակը:
-Մի պահ ճշտենք. ի՞նչն այլևս չի կարողանում տանել այդ մարդը:
-Մարդու այն տեսակը, որը բուծվում էր աշխարհում` վերը նշված ֆինանսական համակարգի ձեռամբ, իսկ այդ համակարգն ստեղծել էր, այսպես կոչված, «հաջողակ» մարդու տեսակ, որն անսահման ագահ ու սպառող էր, և մարդու մեջ բույն դրած այդ էությունը շահագործելով և՛ իրենք էին ավելի ագահ դառնում, և՛ մյուսներին էին այդպիսին դարձնում, այդ թվում և` նրանց, ովքեր այս աշխարհի անհաջողակներն էին: Եվ մարդն այլևս չի տանում այդ կարգի անտես-հոգևոր շահագործումը: Տեսեք` Օնասիսի թոռնուհին. Օնասիսը փորձում էր իր կարողությունը հանձնել նրան. վերջինս մերժեց, ասելով` այդ կեղտոտ փողերն իրեն պետք չեն: Օրինակները, ի դեպ, շատ-շատ են։ Նույնը` Գեյթսը. նա տարբեր «պրոյեկտների» մեջ է ներդնում իր գումարները, և ստանդարտ սխեման, երբ պետք է ժառանգները վերցնեն ու շարունակեն կուտակման գիծը, այլևս չի աշխատում:
-Ի՞նչ համակարգ է գալիս փոխարինման:
-Ահա և հարցերի հարցը: Ողջ աշխարհն է փնտրում այդ հարցի պատասխանը` ո՞ւր պետք է գնա այսուհետ մարդը:
-Ասել է` աշխարհը նոր տերե՞ր է փնտրում:
-Ոչ թե նոր տերեր, այլ կյանքի նոր մոդելներ: Ա՛յ, Դուք նկատեցիք ԱՄՆ-ի հետ քաշվելը, ուրեմն` պետք է տեսնեիք նաև Ռուսաստանի ու Գերմանիայի հնարավոր մերձեցումը: Զարգացման հնարավոր մոդելներից մեկը լայն Եվրոպայի առաջացման խնդիրն է: Ընդ որում, այսօր աշխարհում վերադասավորություններն ընթանում են ֆանտաստիկ արագությամբ, որի հիմքում չարտասանված պահը հետևյալն է` ո՞ր պրոցեսներն են ապահովելու մարդու ներքին զարգացումը, որն էլ բավարարում կտա նրա էությանը, որպեսզի մարդն իր համար ճանապարհ հարթի: Երկրորդեմ` ագահ մարդու ժամանակն ավարտվում է, գալիս է բանական մարդու ժամանակը, որը փորձում է հասկանալ ավելին, քան փողն է:
-Պարոն Մանուչարյան, որտեղի՞ց եք վերցրել այս ամենը: Ախր, այդ ամենը կար մարդու ծննդյան «փուչ օրից», միշտ էլ մարդը ցանկացել է լինել ավելին, քան նյութը, ֆիզիկական պլանը, որովհետև նուրբ աշխարհը («ուտանչյոննի միր») միշտ էլ գերել, «տարել» է մարդուն իր խորքերը: Եվ հետո` այս բոլոր հարցերի պատասխանն ունի Գիրք Գրոցը` Աստվածաշունչը. ի՞նչ նոր հեծանվի մասին է խոսքը:
-Այն, ինչի մասին ես խոսում եմ` նկատառում եմ լոկ համաշխարհային զարգացման տենդենցները. ավարտին գնացող աշխարհի ստեղծած մտավոր համակարգերից մեկը կոչվում է Հռոմեական ակումբ, որը մինչ այսօր էլ գոյություն ունի, չնայած հեղինակության որոշակի կորստին: 30 տարի առաջ աշխարհի պլանավորման բարձրագույն կենտրոններից մեկն էր այդ կենտրոնը, որը պարբերաբար զեկույցներ էր հրապարակում` աշխարհի ներկա անցուդարձին, ապագային միտված: Կոպիտ ասած` ստրատեգիական պլանավորման «պրոյեկտներ» հետապնդող կառույց էր: Ի շարս այլ մտքերի, ժամանակին այդ կենտրոնը գրել էր, թե 2010-2020-ական թվականներին մարդկությունն ու աշխարհը կկանգնեն մեծագույն ճգնաժամերի առաջ (թվարկված էին նաև ճգնաժամերի ուղղությունները), որոնք այսօր արդեն առկա են աշխարհում, և ասում էր, որ մարդկությունն ի վիճակի չէ հաղթահարելու այդ ճգնաժամերը, եթե մարդը չփոխի իր որակները:
-Ո՞ր որակները պիտի փոխենք:
-Վերցնենք Հայաստանը. 1988-ին Հայաստանում ուրիշ տիպի մարդ էր «ապրում»։ Դա մարդ էր, որն իր տնից ինչ կար-չկար հանում-բերում էր հրապարակ: Հիմա բոլորովին այլ է. հրապարակում ինչ կա-չկա, նա վերցնում ու տանում է իր տուն:
-Պարոն Մանուչարյան, եթե Ձեր նշած կենտրոնի զեկույցը թարգմանենք, ապա ստացվում է հետևյալը. մարդը, իր շրջապատը, տիեզերքը հանդարտ տեղափոխվում են Ձկան համաստեղությունից դեպ Ջրհոսի ժամանակաշրջան, ուր սովորական-ֆիզիկական մարդը բացվածք է ապրում` ենթագիտակցության մակարդակում: Իսկ ենթագիտակցությունն այնպիսի բան է, որ այնքան էլ հեշտ չի ենթարկվում ղեկավարման. մարդն ազատ է ստեղծվել, էդ ոնց են մոդել ստեղծելու, ասեն` հրես, առ ու այլևս ոչինչ մի տար ձեր տուն:
-Այլընտրանք չկա. միևնույն է` սպառող մարդու աշխարհն ավարտված է, պիտի առաջանա նոր որակի մարդ-աշխարհ, ուր մարդու համար բարձրագույն արժեքները բոլորովին այլ պետք է լինեն:
-Դուք կարծում եք` փող սիրող մարդը, նյութականին կպած էությունը գրչի մեկ հարվածով կարող է դառնալ ա՞յլ որակի մարդ-աշխարհ: Գիտե՞ք, պարոն Մանուչարյան, ես քրիստոնյա մարդ եմ ու փորձում եմ ապրել քրիստոնեական կանոններով. ու եթե պատկերացնեք` ապաշխարության ի՜նչ դռներ եմ մաշում մի փոքրիկ բանից ազատվելու համար, ու ինչ չնչին հաջողություններ արձանագրում, այդպես «բանական» ու հեշտ չեք ասի` «նոր որակի մարդ»: Դա ներքին արյան ու ոսկորի մաշման մեծ կռիվ է` լի նաև պարտություններով: Եվ եթե Ձեր ասածը մանկուրտիզմին չի վերաբերում (այն է` շտամպով նոր մարդ-կլոն ստեղծելուն չի առնչվում), ապա, կներեք, փոքր-ինչ ռոմանտիկ է:
-Գիտե՞ք, ինչ հետաքրքիր պահ կա։ Վերցնենք ոչ վաղ անցյալը. խորհրդային կոմկուսն իր առաջին ծրագրերը ձևակերպում էր այսպես` մարդու խելամիտ պահանջմունքների բավարարում: Չմերժելով անհատ մարդու գործունեությունը, պետք է նաև չմոռանալ միմյանց հետ փոխազդեցության գործոնը ևս, դրա խելամտության աստիճանը: Ես նկատառում եմ հանգամանքը, որ անհատի ձևավորած կյանքի արդյունքում ձևավորվում է նաև մնացած ամբողջական աշխարհը. դա նույն թատերաբեմն է, ուր ամեն ինչ ամենքի վրա ազդում է: Ես ընդհանուր ազդակների համակարգի մասին եմ խոսում: Ազդակների այդ համակարգը կարող է տանել այս կամ մեկ այլ ուղղությամբ. ես խոսում եմ ճշգրիտ ուղղությամբ տանելու մասին: Այդ ուղղության արդյունքում է ձևավորվելու նոր մարդը, որի դավանանքն ու արժեքային համակարգը բոլորովին այլ պետք է լինեն, քան է այսօր, որպեսզի մարդկությունը կարողանա կենսագործվել:
-Որքա՞ն է տևելու այդ պրոցեսը:
-Կդժվարանամ կոնկրետ պատասխանել, բայց որ խոսքը կարճ ժամանակի մասին է, աներկբա է: Այսինքն` մարդկությունը մտել է մի հորձանուտ, ուր շատ կոշտ պայքար է գնում, հասկանալու` մարդկությունը կարողանալո՞ւ է ապրել-շարունակվել, հաղթահարել այն, ինչն արգելակում է նրա գոյության պահպանմանը, թե՞ թույլ է տալու, որ ամեն բան կոտրվի-փշրվի, ինչն այժմ տեղի է ունենում: Եթե սրան նայում ենք պետականությունների մակարդակով, ապա նկատում ենք` շատ խոշոր տարաձայնություններ կան Արևմուտքի ատլանտյան հատվածի և ցամաքային Եվրոպայի միջև: Գերմանիան ու Ֆրանսիան ցանկանում են հաղթահարել այս արգելքները, նոր որակի մարդ «ստանալ», ԱՄՆ-ն ու Անգլիան (ես շատ կոպիտ դիտարկմամբ եմ այս ամենն ասում) փորձում են պահպանել եղածը և կատարելագործելով այն` ինչ-որ ձևափոխությունների ենթարկել: Ռուսաստանը ևս նոր որակի փնտրտուքի մեջ է: Ռուսաստանն այս պահին լրիվ հարմարված, ենթակա է իր փիլիսոփայությանը. նա ուզում է Արևմուտքի առաջարկած մոլորակային խաղերի մեջ գտնել իր ուրույն տեղը, որը տեղ կապահովի նաև նրա համար ընդհանուր արևի տակ:
-Իսկ Հայաստա՞նն այս ողջ խաղի մեջ որտեղ է:
-Առաջին զգացումն այն է, որ Հայաստանն այս խաղում չկա: Ի՞նչ է սա նշանակում: Երկիրը կա, եթե որոշակի հարցերում կոնսոլիդացված մոտեցում ունի. մի պաշտոնյայի կամ խմբի մարդկանց մոտեցումը չի կարելի համարել դիրքորոշում, որովհետև Հայաստանը մարդկանց ամբողջություն է: Այսպիսով, առաջին վտանգը, որն ունի Հայաստանը, այն է, որ մենք, որպես երկիր, չունենք ներքին ամբողջականություն. մոլորակի այս իրավիճակի տեսանկյունից սա իսկապես շատ վտանգավոր է: Նորից պետք է հիշեմ 88-ը. երբ իշխանություն և ժողովուրդ որոշակի խզումը կար, սակայն ժողովուրդն ամբողջական էր, մոտեցումների-հայացքների բազմազանությունը հսկայական էր, սակայն կար նաև ընդհանրականություն. կար իշխանություն, որ լինելով փնտրտուքի մեջ, ենթակա էր ժողովրդի կամքին: Ի դեպ, այն` 88-ի Հայաստանը, շատ ավելի էր պատրաստ նոր մոդելին, քան այսօրվանը:
-Բա վե՞րջը:
-Շատ ակտուալ է Հայաստանի համար այդ կոնսոլիդացված վիճակը հետ բերելը. դրա համար պետք են մեծ փոփոխություններ: Հնարավոր չէ այսպիսի Հայաստանով մասնակից լինել վերը նշված գլոբալ տեղաշարժերին: Ընդ որում, դա չպետք է անել ընդամենը կոչերով` «եկեք միասնական լինենք», դա չպետք է անել մեկը մյուսի գլխին տալով... չի լինում այդպես: Պետք է գտնել կոնսոլիդացման աշխատող բանաձևը, պետք է գտնել այն կյանքը, որով պետք է ապրենք բոլորս` հանուն դրա:
-Քայլե՞րը:
-Այսօր խիստ հստակ երևում է` կա մեծ փնտրտուք մտավորական և երիտասարդական շրջանակներում, սակայն նրանք կարծես թե կանգ են առել քննարկումների-փիլիսոփայության իմաստների վրա և ոչ մի կերպ չեն կարողանում հասնել «պրոյեկտները» կյանքի կոչելու փուլին: Սա շատ կարևոր անցում է: Պետք է կարողանանք գտնել, այսպես կոչված, «բրթող» մոդելը և շատ արագ, որովհետև ժամանակ չկա. բոլոր ժամացույցների կոճակները սեղմված են. պետք է զբաղվել կոնկրետ գործով:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ
Հ. Գ.- Քաղաքական հարցերի վերաբերյալ տեսակետները` հաջորդիվ։