(«ընդդեմ» գործելակերպի հոգեվարքը)
«Իրատես de facto»-ին հյուր է ԱԺ անկախ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
-Պարոն Դալլաքյան, այսօր հաճախակի է հնչում այն տեսակետը, թե 2012-ի խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունը կընթանա Հայաստանի 3 նախագահների միջև: Ո՞րն է Ձեր կանխատեսումը։
-Իմ գնահատականով` նորանկախ Հայաստանի առաջին, մասամբ երկրորդ, և երրորդ նախագահների բացահայտ, քողարկված կամ միջնորդավորված մրցակցությունը կարող է դառնալ 2012-ի խորհրդարանական ընտրությունների առանցքը, և այն քաղաքական ուժը կամ ուժերը, որոնք վճռական դերակատարություն կստանձնեն ապագա խորհրդարանում, թերևս հենց նրանց թեկնածուն էլ առավել մեծ շանսեր կունենա հաղթելու 2013-ի նախագահական ընտրություններում: Եվ քանի որ 2005 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում իշխանությունը գերազանցապես կոնցենտրացվել է պառլամենտում, ապա քաղաքական ճակատամարտերի, լարվածության և դիմակայության առումով 2012 թ. խորհրդարանական կամպանիան կլինի աննախադեպ: Ընդհանրապես Հայաստանի քաղաքական համակարգի անկատարության պայմաններում ցանկացած կարծր դիմակայություն հիմնվում է պետության համար անհեռանկարային և փակուղային «ընդդեմ» սկզբունքի վրա, և այդ պայմաններում երկրի զարգացման և ապագային միտված ծրագրային մոտեցումների ու հայեցակարգերի վերաբերյալ գաղափարական մրցակցությունը ստորադասվում է անձնավորված դիմակայությանը: Եվ քանի որ Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահներն իրենց հետևում ունեն աջակից ֆինանսատնտեսական շրջանակների, կուսակցությունների ու «կարգավիճակով մտավորականների» ամբողջական «փնջեր», Հայաստանում առաջ է եկել անձնավորված դիմակայության մի ներփակ համակարգ, որի «սուր անկյունների» ազդեցությամբ երկրի քաղաքական դաշտը հայտնվել է մի յուրահատուկ «բերմուդյան եռանկյունու» արանքում: Գրեթե յուրաքանչյուր անհատ կամ կուսակցություն քաղաքականություն մուտք գործելու, կամ քաղաքականության մեջ մնալու և «չխորտակվելու» համար ինչ-որ առումով ստիպված է լինում այս կամ այն կերպ հաշվի առնել նման «բերմուդյան եռանկյունու» առկայությունը:
-Արդյոք Ձեր նշած բերմուդյան եռանկյունին և փակ համակարգն անհեռանկարային և անհամատեղելի չե՞ն ազատ մտածողության հետ:
-Հասկանում եմ Ձեր մտահոգությունը և կարծում, որ այդ ներփակ, արհեստականորեն սևի ու սպիտակի բաժանված, պարզունակ ու խիստ վտանգավոր եռանկյունու ներսում կենսագրություն ու որոշակի սկզբունքներ ունեցող չկաղապարված, նախապաշարումներից զուրկ և անկախ մտածողություն ունեցող գործիչները որևէ լուրջ դեր չեն կարող ունենալ: Ո՛չ անհատապես, ո՛չ էլ տվյալ համակարգի պտուտակը դարձած որևէ կուսակցության միջոցով հնարավոր չէ հաղթահարել այն անձնավորված դիմակայության մթնոլորտը, ուր, չգիտես ինչու, յուրաքանչյուր ոք ընկալվում է ոչ թե ըստ իր գործի կամ համոզմունքների, այլ առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահի մարդը լինելու կեղծ, բայց ինչ-որ առումով պարտադիր մտասևեռումի: Եզակի են այն գործիչները, որոնց ուղղակի հնարավոր չէ տեղադրել այս պարզունակ ու անհեռանկարային պատկերացումների շրջագծում: Քաղաքականության ու քաղաքական ուժերի ներառումն անձնավորված հարաբերությունների նման եռանկյունու մեջ սպառնում է Հայաստանում ևս ձևավորել ասիական ու աֆրիկյան երկրներում առկա քաղաքական հայտնի համակարգերը:
Հանրապետությունում արմատավորվող նման քաղաքական մշակույթը չի համապատասխանում 21-րդ դարի պահանջներին: ՈՒստի մեր երկրին հարկավոր է նոր քաղաքական դաշտ, որի ձևավորման համար նախ և առաջ հսկայական ինտելեկտուալ աշխատանք է պահանջվում: Նորացման, արդիականացման հրամայականը կախված է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, սակայն դրա հիմքը եղել ու մնում է քաղաքականությունը: Ինչ-որ մեկի «հետ լինելու» կամ մյուսին «ընդդեմ» գործելու «սկզբունքները» ներկայումս լրջորեն սպառնում են նորացման, արդիականացման հասունացած պահանջմունքի իրականացման գործին: Հայ մարդուն բնորոշ վառ անհատականությունը քաղաքական հարաբերությունների տվյալ համակարգի ներսում վերածվում է պարզունակ անհատապաշտության և նույնիսկ արևելյան տիրասիրության: Անհատապաշտությունն անհագուրդ կերպով կլանում է նորացման, արդիականացման համար անհրաժեշտ մեր կենսական էներգիայի նշանակալի մասը: ՈՒ թեև մենք` հայերս, չնայած հազարամյակների պատմությանը, կենսական էներգիայի պակասի խնդիր չունենք, բայց, ցավոք, այդ անսպառ էներգիայի մեծագույն մասը ծախսվում է անձնական ու խմբակային հակասությունների ոլորտում: Պարզունակ քաղաքական լաբիրինթոսներում այնքան է չարչրկվում «ընդդեմ» սկզբունքը, որ շատ հաճախ մոռացության է տրվում այն քաղաքական կոնկրետ նպատակը, հանուն որի այդ քաղաքական գործիչները պայքարում են միմյանց դեմ: Մեր երկրում այսօր ակնհայտորեն բացակայում են «հանուն» սկզբունքով գործելու քաղաքական մշակույթը և նրա իրացման համապատասխան աշխատակարգերը:
-Ձեր գնահատականները, ըստ իս, բավականին կոշտ են:
-Գուցե իմ գնահատականները կատեգորիկ հնչեն, բայց Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական արատներից մեկը ներկուսակցական իրական դեմոկրատիայի բացակայությունն է, որը թերևս բնորոշ է բոլոր կուսակցություններին: Պատկերավոր ասած, Հայաստանում ոչ թե կան կուսակցություններ, որոնք ունեն լիդերներ, այլ կան «լիդերներ», որոնք ունեն կուսակցություններ: Ակնհայտ է, որ միայն այն կուսակցությունը կարող է երկրում հաստատել իրական դեմոկրատիա, որն իր ներսում գործում է ներկուսակցական իրական դեմոկրատիայի սկզբունքներով: Ներկուսակցական դեմոկրատիայի զարգացումը, քաղաքացիական հասարակության կայացումը և ոչ կուսակցական կամ վերկուսակցական քաղաքացիական շարժումների ու նախաձեռնությունների բյուրեղացումը առավել քան կարևոր են ներկայումս, երբ գոյատևման խնդիրներից զարգացման ծրագրերին անցնելուն զուգընթաց Հայաստանը ոչ թե վերականգնողական, այլ նորարարական գաղափարների ու նախագծերի կարիք ունի: Բնական է, որ նման խնդրի լուծումը պահանջում է սկսել հասարակության դրական սպասումները գեներացնող և դրանք կոնկրետ լուծումների փնտրտուքի դաշտ տեղափոխող մտավորական-ինտելեկտուալների համախմբումը:
-Ի՞նչ ասել է մտավորական-ինտելեկտուալներ, և ո՞րն է նրանց դերը պետականության կայացման գործում:
-Տեսեք, թե իրականում ինչ էր տեղի ունենում մեր մտավորականության մեծամասնության հետ վերջին տասնամյակներում: Ասպարեզը հիմնականում գրավել էին խորհրդային շրջանում ճանաչում ստացած կարգավիճակով մտավորականները, որոնց մի մասը նոր պայմաններում վերածվել էր իշխանությանը գովերգող և նրա զանազան ձեռնարկները «զարդարող» յուրահատուկ «հարսանյաց գեներալների»: Որպես «զարդարանք» նրանք թերևս խաղում էին իրենց դերը, սակայն որպես նոր գաղափարների, առաջարկների, ծրագրերի ստեղծողներ, ակնհայտորեն որևէ լուրջ ասելիք չունեին: Մյուս կողմից, երիտասարդ ու միջին տարիքի կարող ուժերի որոշակի հատվածը, ունենալով ինքնադրսևորման պրոբլեմներ, հայտնվել էր կուսակցությունների գրասենյակներում ու պետական ապարատի ստորին օղակներում:
Արդյունքում նոր մտավորական-ինտելեկտուալները մեզանում որոշ իմաստով չդարձան պետության կառավարման հոգեմտավոր ֆունկցիայի կրողները, իսկ հասարակությունը, զրկվելով արժեքային կողմնորոշիչների կայուն համակարգից, հայտնվեց լճացման ու անտարբերության և նրան հաջորդող պերմանենտ ցնցումների հորձանուտում: Այսինքն` «խաղից դուրս» հայտարարվեց այն ստեղծագործ տեսակը, որն իրականում պատմական բոլոր դարաշրջաններում եղել է պետականաստեղծ գործառույթի հիմնական կրողը: Քաղաքական գործչի իմ իդեալը հենց այդ տեսակի ամենավառ ներկայացուցիչներն են, որոնք պատերազմներից, հեղափոխություններից և այլ մեծ ու փոքր ցնցումներից հետո կառուցել-ստեղծել են հզոր պետություններ: Որպես կանոն, նրանք հանդես են եկել «քաղաքական երկրաշարժերից» հետո: Օրինակ` ժամանակին ԱՄՆ-ի Անկախության դեկլարացիայի հեղինակը դարձած նույն Թոմաս Ջեֆերսոնը երկրի ղեկավարի ղեկը ստանձնեց բազում ցնցումներից հետո` դառնալով նրա երրորդ նախագահը և դրեց այդ պետության կայացման ու հզորացման հիմքերը: Երկրորդ համաշխարհային պատերազմում ավերակների կույտի վերածված Արևմտյան Գերմանիան ոտքի կանգնեցրեց նույն տեսակի մեկ այլ ներկայացուցիչ` կանցլեր Կոնրադ Ադենաուերը: «Կուլտուրական հեղափոխության» արդյունքում ավերված Չինաստանը անցնցում նոր տնտեսական հարաբերությունների ռելսերի վրա տեղափոխեց, աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրներին հավասարեցրեց և անգամ նրանց շրջանցելու հնարավորություններ ստեղծեց իմաստուն ու հեռատես Դեն Սյաո Պինը: Եվ վերջապես, չեմ կարող չնշել ժամանակին Չինաստանից մազապուրծ եղած Չան Կայ Շիի որդու` Ցզյան Ցզինգոյի մասին: Նա բարաքներում ապրող փախստականների երկիր դարձած Թայվանն իսկական դրախտի վերածեց: Ցզյան Ցզինգոյի մահից հետո միայն պարզվեց, որ երկիրը ծաղկեցրած այդ սակավապետ ու ինտելեկտուալ առաջնորդի այրին ապրելու համար ոչինչ չունի, և պետությունը ստիպված էր նրան նպաստ նշանակել:
-Բայց ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր մատնանշած տեսակի համախմբման ու նրան պետականաստեղծ գործառույթներ հատկացնելու առաջադրանքի լուծումը ներկա իրականության պայմաններում, երբ քաղաքական դաշտում չկան համապատասխան «սելեկցիոն մեխանիզմներ»:
-Այո, նման մեխանիզմներ, ցավոք, չկան: Բայց իմ պատկերացմամբ` երկրի մտավոր-ինտելեկտուալ սերուցքը, Հայաստանի առջև կանգնած խնդիրների լուծմանը ներգրավելու դասական, այն է` հիմնովին ռեֆորմների ենթարկված կուսակցական եղանակից բացի, կարող է լինել նաև քաղաքացիական նախաձեռնությունների կամ շարժումների վերկուսակցական համակարգը:
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ