Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ՈՉ ՄԵԿԻ ՈՏՔԸ ՉԵՄ ՏՐՈՐՈՒՄ և ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱԼԻՍ, ՈՐ ՈՐևԷ ՄԵԿՆ ԻՄ ՈՏՔԸ ՏՐՈՐԻ»

«ՈՉ ՄԵԿԻ ՈՏՔԸ ՉԵՄ ՏՐՈՐՈՒՄ և ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱԼԻՍ, ՈՐ ՈՐևԷ ՄԵԿՆ ԻՄ ՈՏՔԸ ՏՐՈՐԻ»
01.04.2011 | 00:00

Կոալիցիայի ընդունած փոփոխված ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ այսուհետև անկախ պատգամավորներին պետք է առաջադրի որևէ կուսակցություն։ Փաստորեն, հաջորդ խորհրդարանական ընտրություններում բավականին դժվար կացության մեջ են հայտնվելու անկախ գործարար պատգամավորները։ «Երևան գարեջուր» ընկերության սեփականատեր, անկախ պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ վերջիններիս շարքում է։
-Դուք արդեն «նախազգուշացվե՞լ» եք, որ այլևս չեք ունենալու ԱԺ մանդատ։
-Այդ մասին խոսակցություններ, իհարկե, կան։ Գործող Սահմանադրությունը նաև արգելում է գործարարությամբ զբաղվող անհատներին պատգամավոր դառնալ։ Մենք օրենքով ենք շարժվում, ես հիմա գործարարությամբ չեմ զբաղվում։ Ճիշտ է, սեփականատեր եմ, բայց իմ բիզնեսով ուրիշներն են զբաղվում։ Առաջիկա ընտրություններին կրկին մասնակցելու եմ։
-Անկախ պատգամավորի կարգավիճակո՞վ, թե՞ կուսակցական ցուցակով։
-Անշուշտ, ցանկություն կա հանդես գալու որպես անկախ պատգամավոր, բայց ԸՕ-ի նոր փոփոխությունը ենթադրում է, որ կուսակցությունը պետք է առաջադրի թեկնածուին։ Այս պարագայում պիտի մտածեմ, որ կուսակցությունն ինձ առաջադրի։
-Հնարավո՞ր է` առաջիկայում անդամակցեք որևէ կուսակցության։
-Ո՛չ, պարտադիր չէ անդամակցել, պարզապես կուսակցության հետ պիտի համաձայնության գալ, որ իրենք ինձ առաջադրեն։
-Ո՞ր կուսակցության հետ եք ուզում «համաձայնության գալ»։
-Առայժմ վաղ է այդ մասին խոսելը։
-Նույնիսկ ՀՀԿ-ի՞ դեպքում։
-Երբ ժամանակը գա, կիմանաք։
-Պարոն Հակոբյան, բոլորն էլ գիտեն, որ խորհրդարանում բավականին զգալի տոկոս են կազմում գործարարները, չնայած նրանք մշտապես փորձում են համոզել, թե իրենք անձամբ բիզնեսով չեն զբաղվում։ Ի՞նչ եք կարծում, ընդհանրապես արժե՞ բիզնես աշխարհի ներկայությունն օրենսդիր մարմնում։
-Այսօր մեր երկրում վերևից ներքև քարկոծում են գործարարներին, առանց հասկանալու, որ այս երկիրն իր գործով, աշխատատեղեր ստեղծելով գործարարն է պահում։ Չի կարելի նման վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ։ Կարծում եմ` նորմալ գործարարը պետք է լինի ԱԺ-ում (կոնկրետ ինձ համար եմ ասում)։ Ես տնտեսական հանձնաժողովի անդամ եմ, ու եթե այդ նիստերին մասնակցեք, կտեսնեք, թե գործարար պատգամավորներն ինչքան ակտիվ են ոչ միայն այն օրենքների քննարկմանը, որոնք առնչվում են անձամբ իրենց, այլև բոլոր տնտեսական նախագծերին։ Մենք գործնականում շատ ենք շփվում տարբեր օրենքների հետ ու ավելի լավ ենք պատկերացնում դրանց դրական ու բացասական կողմերը։
-Ակնհայտ է, որ գործարար պատգամավորները ցանկացած տնտեսական օրենք փորձում են «իրենց հագով կարել», անկախ այն բանից, թե դա ինչ չափով կկանոնակարգի բիզնես դաշտը։
-Բնականաբար, ցանկացած մարդ ունի իր անձնական շահը, սա չի կարելի բացառել, բայց օրենքը, ի վերջո, ոչ միայն քվեարկող գործարարին է վերաբերում, այլև ամբողջ գործարար աշխարհին։ Այնպես որ, այստեղ ոչ մի վատ բան չպետք է տեսնել։
-Ստացվում է` Դուք կողմ եք, որ խորհրդարանում գործարարների թիվը չպակասի։
-Որքան շատ լինեն աշխատող գործարարները, այնքան լավ։ Խոսքս նրանց մասին է, ովքեր ակտիվորեն մասնակցում են նիստերին, հանձնաժողովների քննարկումներին։ Անձամբ ես այս երեք տարում հանձնաժողովի և ԱԺ նիստերից երեք անգամ բացակայած չկամ։
-Հետաքրքիր է, ինչպե՞ս է ստացվել, որ իշխանական որևէ կուսակցության չեք անդամակցում, բայց զբաղվում եք գործարարությամբ ու պատգամավոր եք։ Ճնշումներ չկա՞ն։
-Իմ հանդեպ ճնշումներ չեն եղել։ Երևի սա պայմանավորված է նաև ինձնով։ Չի եղել որևէ մեկը, որ ինձ ինչ-որ բան պարտադրի։ Եթե ինձ համար ինչ-որ բան ընդունելի չէ, ոչ մի պարտադրանք ուժ չունի։ Խորհրդային տարիներին եղել եմ հիմնարկի ղեկավար, աշխատել եմ առաջին, երկրորդ նախագահների հետ, հիմա էլ` երրորդ։ Ինչքան առողջությունս ների, կշարունակեմ աշխատել։ Իմ բիզնեսի հարցում ոչ մեկի կողմից խոչընդոտ չի եղել, որովհետև գործում եմ օրենքի շրջանակներում։ Ոչ մեկի ոտքը չեմ տրորում և թույլ չեմ տալիս, որ որևէ մեկն իմ ոտքը տրորի։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ