Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ԶԵՆՔ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱՐՎԵԼ ՆԱև ԽՈՍՔԸ»

«ԶԵՆՔ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱՐՎԵԼ ՆԱև ԽՈՍՔԸ»
04.03.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրը ՀՊՃՀ «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ է:
«ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԺԻՇԿՆԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ»
-Անդրանի՛կ, ի՞նչ դեր են կատարում ազգային երգն ու պարը հանուն իր հայրենիքի մարտնչող զինվորի համար:
-Հայրենասիրական երգերը և մարտական պարերը հայ զինվորի, հայ ազատամարտիկի, հայ ֆիդայու վրա ներգործող մի մեծ աշխարհ են, որոնց շնորհիվ ավելի ճիշտ են ընկալվում հող ու ջրի, երկրի, պետականության խորհուրդը: Այդ գիտակցումով զինվորը պայքարի մեջ է մտնում: Քո միտքը մատուցելու, մեկնաբանելու լավագույն ձևը հայրենասիրական երգերը, մարտական պարերը, խաղիկ-պարերն են: Դրանց շնորհիվ զարգանում է մարդկանց մտածելակերպը, մարդիկ մերձենում են իրական, խաղաղ դաշտին: Իսկ երբ այդ դաշտից հեռանում են, սկսվում է անցումը դեպի մյուս փուլը` զենք կրելու նախապատրաստությունը, որին էլ հաջորդում է թշնամուն ֆիզիկապես ոչնչացնելու իրավիճակը:
-Որպես Հայ առաքելական եկեղեցու սպասավոր` ինչպե՞ս եք մեկնաբանում եկեղեցու վերաբերմունքը զենք վերցնելու և հայրենի հողը պաշտպանելու իրողությանը: Հանուն հայրենիքի փրկության, մերձավորի պաշտպանության մղվող կռիվը բռնություն և թշնամանք մերժող եկեղեցին համարում է օրհնվա՞ծ կռիվ:
-Եկեղեցու կողմից արգելված չէ զենք վերցնելը: Ավետարանն ասում է, որ մարդն ամեն րոպե զենքը պիտի իր հետ ունենա: Մենք դա բառացի ենք հասկանում: Զենք ասելով ընկալում ենք ատոմային զենք, նագան կամ հրացան, որով ոչնչացնում են մարդկանց, բնությունը: Այնինչ զենք կարող է համարվել նաև խոսքը, ասելիքը: Արվեստն էլ է զենք: ՈՒստի և Ավետարանն ասում է, որ մարդու լեզուն հասկանալու համար նրա հետ իր լեզվով պետք է խոսես: Այսինքն` լեզուն զենք է: Եթե մարդը չի հասկանում ու չի ընդունում դա, չի ըմբռնում մատուցման այդ ձևը, ուրեմն սկսում ես չարի դեմ պայքարել այլ ձևերով: Ցանկացած պարագայում պետք է առաջնայինը լինի խոսքով, լեզվով պայքարելու մոտեցումը, բայց երբ տեսնում ես, որ մարդը չի հասկանում, այսինքն` հիվանդ է, պիտի այլ քայլերի դիմես: Հիվանդների համար բժիշկներ են հարկավոր: Հիվանդին պիտի հասցնես էն կետին, որ նա առողջանա: Իսկ երբ չի առողջանում, ավելին` ուզում է քեզ էլ հիվանդացնել, ոչնչացնել, արդեն դու պետք է ոչնչացնես: Եվ դա մեղք չի համարվում: Եկեղեցին դա ընդունում է: Երբ դու շարժվում ես ըստ կանոնադրության, ըստ տասը պատվիրանների, բայց տեսնում ես, որ այդուհանդերձ վիճակը չի շտկվում, ոչինչ չի մնում անելու, քան ոչնչացնելը, առողջ միջավայրը հիվանդից ազատելը:
«ԵԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ»
-Կանանց մեկամսյակի շեմին ենք: Բարձրաշխարհիկ Իտալիայում կանայք բողոքի ցույցեր են անում` հանուն իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության: Դարերից եկող ավանդույթները կրող հայ կնոջ համար ի՞նչ հասարակական դերակատարություն է վերապահում մեր եկեղեցին:
-Հայ կինը եզակի արարած է` Աստծու արարչագործության արդյունքը: Իսկ եթե ասելու լինենք, թե որն է նրա դերը հասարակության մեջ, ապա առաջինը պիտի նշենք դաստիարակելու ֆունկցիան: Կինն իր մեջ պտուղ է ձևավորում, աշխարհ բերում, և այդ պտղի կյանքում առաջնայինը դաստիարակության խնդիրն է, որը դրված է կնոջ ուսերին: Իսկ տան հետ կապված հարցերում կին արարածը պետք է լինի տնտեսվար: Մենք` հայերս, տնտեսվարության մեջ շատ գեղեցիկ խորհուրդ ենք դնում, որից երբեմն հրաժարվում ենք` ասելով, թե իբր դա հետամնաց սովորույթ է: Բայց իրականում էդպես չէ: Կինը պիտի հոգ տանի իր օջախի մասին, պիտի այդ օջախում կրակը միշտ վառ պահի: Այդ բանն անելու բոլոր շնորհները տրված են կին արարածին: Իսկ տղամարդն այդպիսին չէ: Կյանքում լինում են շատ ու շատ փորձություններ, տղամարդը միշտ չէ, որ կարողանում է լավ վաստակել, բերել-լցնել իր տան ամբարները: Այդ պատճառով էլ կինը պետք է կարողանա ժամանակին տնտեսել, որ երբ գա փորձության, նեղության պահը, երբ պատահի այնպես, որ ամուսինը չկարողանա վաստակել իր ընտանիքի ապրուստը, ընտանիքն ապրի կնոջ տնտեսած բարիքներով: Այսպես է և պետության մեջ: Եթե պետությունը տնտեսություն չունի, պետություն չէ, այն աստիճանաբար քանդվում է, նրանում աստիճանաբար պակասում է սերը: Մեզ մոտ ավանդաբար մինչև 15 տարեկան աղջիկները որոշ չափով պատկերացում են ունեցել տան տնտեսությունից, տնտեսվարության կանոններից, իմացել են ձեռագործ անել, ամբարները լցնել, մեծին ու փոքրին ճիշտ վերաբերվել, ընտանիքի բարօրությանը նպաստել: Իսկ այսօր 25-30 տարեկանում շատ աղջիկներ նոր-նոր են որոշում ամուսնանալ, ու ամուսնանալուց հետո էլ տնտեսվարության տարրական հարցերին չեն տիրապետում. դա բերում է ընտանիքի քայքայման: Եվ բնավ էլ այնպես չէ, որ հայ կինը պետք է միայն տուն մաքրի կամ ամուսնու, երեխայի պահանջները կատարի: Իրականում նա պիտի տնտեսություն վարի: Իսկ տնտեսությունը մի մեծ համալիր է, մի մեծ աշխարհ, որը պետք է կարողանալ պահել-պահպանել, որպեսզի ձևավորվի-կայանա ընտանիքը: Կանանցից շատերն ունեն կրթություն, մասնագիտություն, և նրանք ապրում են նաև այդ մասնագիտական աշխարհում: Բայց եթե ունեն զավակ, ապա ամենամեծ առաքելությունը նրա դաստիարակությունն է: Եթե զավակին բարձիթողի են անում ու ընկնում մասնագիտության հետևից, զավակը մի օր փորձանքի է գալիս: Եվ այս դեպքում ոչ մի մասնագիտություն չի փրկի:
«ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՄՈՐԹԱՊԱՇՏ, ԱՎԵԼԻ ՆՅՈՒԹԱՊԱՇՏ»
-«Սասուն» համույթը նախընտրական PR-արշավների կարծես թե չի մասնակցում: Սա մշակույթը քաղաքականությանը չխառնելու սկզբո՞ւնք է, թե՞ պարզապես չկա այն անձնավորությունը, որին կցանկանայիք սատարել:
-Ինձ համար հայ մարդը հայ մարդ է` անկախ նրանից` առողջ է, թե հիվանդ: Ես տեսնում եմ մի ընտանիք: Իսկ ընտանիքում կարող են լինել առողջ և հիվանդ երեխաներ: Առողջի համար ուրախանում եմ անսահման, իսկ հիվանդի համար ներքուստ տխրում եմ, աշխատում կրկնակի-եռակի ուշադրության արժանացնել, եղած լավը կրկնապատկել, որպեսզի կարողանամ առողջ վիճակ ձևավորել: Շատ են եղել առիթներ, երբ ինձ առաջարկել են դառնալ այս կամ այն կուսակցության անդամ: Ես ասել եմ, որ նախ և առաջ հայ մարդ եմ, ապա հոգևոր մարդ եմ, իսկ կուսակցությունն ինձ համար այլ աշխարհ է: Ես չեմ ուզում խառնվել էդ դաշտի մեջ: Ես «Քելե՜, լաո» եմ երգում: Էդ կուսակցությունները կարո՞ղ են բացատրել, թե ում համար եմ երգում: Ես երգում եմ բոլորի համար, բոլորին եմ ծառայում, բոլորն էլ իմն են: Ձեռքիս տասը մատներն էլ իմն են, ինչ գործողություն էլ կատարեն, ինձ են լրացնելու: Ես ոչ մեկի հետ էլ խնդիր չունեմ, բայց ցավում եմ, որ մեր մեջ միություն չկա: Առաջին հերթին կցանկանամ, որ ազգովին հասկանանք սուրբ երրորդության խորհուրդը, որպես քրիստոնյա` ողջ ժողովրդով դառնանք մի մարմին և մի հոգի ու հասկանանք, որ ինչ էլ կտրենք, մեր մարմնից ենք կտրելու, ինչ ցավ էլ տանք, մեր մարմնին ենք ցավ տալու:
-Ձեր կարծիքով` 2012 թվականի ընտրություններին մենք ավելի «առողջացա՞ծ» ենք գնում, քան նախորդ ընտրությունների ժամանակ էինք:
-Ամեն ինչ օր օրի ավելի է հիվանդանում: ՈՒ արդարության հասնելը հիմա շատ դժվար է, որովհետև մենք ինքներս դարձել ենք ավելի մորթապաշտ, ավելի նյութապաշտ և ուրացել ենք մեր սրբությունները: Մենք հիմա չենք կարող ստանալ մեր պահանջածը. դաշտը շատ պղտոր է: Ովքեր հիմա խաղում են, խաղում են մի անիմաստ խաղ: ՈՒ դա բոլորիս աչքի առջև է, տեսանելի: Եթե կային ժամանակներ, որ ամեն բան չէր հեռարձակվում, չէր բարձրաձայնվում, ապա այսօր, փա՜ռք Աստծո, ցանկացած մարդ, որ եթեր է դուրս գալիս, իր խոսքով, իր աչքերի արտահայտությամբ, իր առոգանությամբ արդեն իսկ մատնում է, թե ինչ է իր ուզածը: Դրան գումարած նաև այն հանգամանքը, որ արդեն քանի տարի նույն մարդիկ խաղում են նույն խաղերը, նույն իրավիճակներում: Ես ցավում եմ սրա համար: ՈՒ եթե մենք ազգ ենք, պետություն ենք, ժողովուրդ ենք, հատկապես` քրիստոնյա ենք ու գիտենք, որ գոյություն ունի մեղք հասկացությունը, էսպիսի խաղեր տալու, էս կարգավիճակում հայտնվելու իրավունք չունենք: Ամեն ժամանակ, երբ Աստված մեզ պետություն, պետականություն, ժողովուրդ, պատմություն, մշակույթ է տվել, մենք մեր երկիրը, մեր եսից, մեր անձնական շահից ելնելով, վաճառել ենք ու մեղքը դրել ենք ուրիշների վրա: Էս մեղքի պատճառով մենք միշտ վատաբանվում ենք, տուժում ենք, զրկվում ենք: ՈՒ ոչ ոք չի պատկերացնում, որ սա մեղքերի հետևանքն է: Եթե հոտի հովիվը ես եմ, ու ես բոլորի անունից ինչ-որ սխալ բան եմ երաշխավորում, ինչ-որ սխալ բան եմ ստորագրում, արդեն իսկ մեղք եմ գործում, իմ հոտը ենթարկում եմ ոչնչացման վտանգին: Մարդը չպիտի մոռանա, թե ովքեր և ինչ վիճակի մեջ են եղել իր մեծերը, իր հայրերը: Բայց երբ նա հայտնվում է «մաֆիայի» մեջ, արդեն չի ուզում դրանից դուրս գալ: Նա պիտի գիտակցի, որ եթե ինքն արդեն հիվանդացել է, ապա գոնե պիտի էն վիճակն ստեղծի, որ հասարակությունը, միջավայրն էլ չհիվանդանան:
-Արևմտյան Հայաստանի մասին ֆիլմ եք նկարել: Ինչպե՞ս պատկերացավ Ձեզ մեր նախահայրերի բնօրրանը:
-Ես արմատներով սասունցի եմ: Հորական կողմս Սասնո Կոռտեր գյուղից է, մորականը` Մշո Բլանուխից: Առաջին հայ ֆիդայու` Արաբոյի ցեղից եմ: Արևմտյան Հայաստանում մեր տոհմը կոչվել է Կարմիր երեցի տուն: Մեր վերջին հոգևորական նախնին մահացել է 1960-ական թվականներին, Թալինի Բազմաբերդ գյուղում: Ես շատ վաղ տարիքից իմ տատ Հոռոմից, նրա զարմուհի Հայկանուշից, քեռի Գևորգից ու մյուս մեծերից լսած պատմություններով իմ մեջ ուրիշ մի աշխարհ եմ կրել: Խորհրդային Միությունում արգելված էին հայրենասիրական, ազգագրական երգերը, ազգային ծեսերը, զրույցները Արևմտյան Հայաստանի մասին: Եթե նման բան էիր քեզ թույլ տալիս, անմիջապես աքսորում էին: Այս առումով էլ ասեմ, որ համատարած աքսորի, բանտարկության, գնդակահարության ամբողջ մեղքը Ստալինի, Բերիայի վրա բարդելը ճիշտ չէ: Ստալինն ու Բերիան, Կրեմլում նստած, ի՞նչ գիտեին, թե ինչ է անում իր գյուղում հայ մարդը: Մատնությունը տեղից էր լինում, չէ՞։ «Գողը որ տնից եղավ, կովը երդիկից կհանեն» առակի պատմությունն է: Միշտ էլ մենք ենք մեր տունը կառուցել, մենք ենք մեր տունը քանդել: Եթե մարդը մտածել է, որ ինքը պիտի դառնա վարչապետ ու դրան հասնելու համար պիտի քանդի, ավերի իր ճանապարհին ամեն ինչ, թող չմոռանա, որ իր մեղքը «գրանցվում» է: Այդպիսի մարդը կայուն չէ, որևէ ազգի, հանրության համար չի կարող հենարան դառնալ: Նա վաճառող մարդ է, ու երբ ուզենան, նրան կոչնչացնեն: Այդպիսին են «մաֆիայի» օրենքները: Եվ այդ օրենքները մեր ազգի մեջ բոլոր ժամանակներում էլ գործել են: 1975-ից սկսած զարթոնք ապրեց ազգային մշակույթը, ես սկսեցի մերձենալ ազգային երգ ու պարին: 1988 թվականին ստեղծեցի պոլիտեխնիկ ինստիտուտի «Սասուն» ազգագրական երգի-պարի խումբը, ավելի ուշ ստեղծել եմ Օշականի դպրատան «Օշական» երգչախումբը, ապա Աշտարակի մանկապատանեկան ստեղծագործական տան «Անդրանիկ» երգչախումբը և բժշկական համալսարանի «Սասուն» խումբը: Հետո սկսեցի Հայաստանում ու դրսում (Ֆրանսիայում, Հորվաթիայում, Հունաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, այլուր) տարածել մեր երգերն ու պարերը: Այսօր ունենք նկարահանված ֆիլմեր, տեսահոլովակներ, որոնք մատուցում են մեր ազգային ծեսերն ու բառուբանը, և դրանք նախ և առաջ անհրաժեշտ ենք համարել բաժանել մեր բանակի ծառայողներին: Ես ինքս շատ էի ուզում ճանաչել-հասկանալ Արևմտյան Հայաստանը: ՈՒ քանի որ վերջին շրջանում դա դարձավ հնարավոր, ես բաց չթողեցի այդ հնարավորությունը: Ինձ բախտ վիճակվեց իմ խմբի հետ` 26 հոգով, լինելու Արևմտյան Հայաստանում: Մենք որոշեցինք ամբողջ Տարոն աշխարհը ներկայացնել հինգ գավառով` Համշեն, Էրզրում, Վան, Մուշ, Սասուն: Ամեն գավառ ներկայանում է իր երգով, պարով, ազգային տարազով: Մենք եղանք պատմական վայրերում, նկարեցինք ֆիլմը` հաղթահարելով մեծ ու փոքր դժվարություններ: Օրինակ` Մշո Բլանուխում հայկական բան համարյա թե չէր մնացել: Մի մեծ տարածք մաքրվել էր բնակավայրերից, և այնտեղ արհեստական լիճ էր գոյացել: Հասկանալի է, որ որոշ ժամանակ անց կհաստատեն, որ այդտեղ գյուղ, բնակչություն չեն եղել: Հարսանեկան ծիսական «Թագավորական պար» խաղերգը, որում ներկայացվում են այդ տարածքի գյուղերի հատկանշական դրսևորումները, մենք նկարել ենք հենց այդ գյուղերի ֆոնի վրա: ՈՒ դա գրգռել էր տեղի քուրդ լամուկներին. քարերով հարձակվեցին մեզ վրա, կոտրեցին մեքենայի ապակիները: Գործին խառնվեց ոստիկանությունը: Դավթի բերդում մեզ իսկույն նկատեցին սահմանապահ զորքերը, մանրամասն խուզարկեցին, թեև թույլատրեցին նկարահանել, բայց աչալուրջ հետևում էին մեր աշխատանքներին: Մուշում համատեղ ելույթ ունեցանք տեղի «Մուշ» քրդական խմբի հետ, որի մասին գրվեց նաև «Ակոս» թերթում` «Սասուն էկավ Մուշ» վերնագրով: Դժվարին վիճակ էր Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում: Ընդհանրապես թույլ չէին տալիս նկարել: Ես էլ բարկացա, փարաջան հագա և իմ խմբի նորապսակ զույգի համար սկսեցի պսակադրության ծես կատարել: Այս պարագայում ինձ համար արժեք չուներ ո՛չ պաշտոն, ո՛չ դիվանագիտություն, ո՛չ իրավունք: Ես էի ու իմ Աստված: ՈՒ մենք նկարեցինք պսակադրության այդ արարողությունը: Այդ պահին ես դա էի համարում միակ ճիշտ որոշումը` անկախ քուրդ ու թուրք ոստիկանների սպառնալիքներից: Ինչո՞ւ են ինձ վրա բռնանում, ինչո՞ւ են պարտադրում, որ ինքս ինձնից հրաժարվեմ: Նույն կերպ էլ ուզում են համոզել, թե կոտորած չի եղել: Եթե ես Աղթամարում մի քիչ էլ համառեի, հենց տեղում կլիներ կոտորած: Իսկ ես իրենց ոչ մի վատ բան չէի անում, ընդամենն ուզում էի աղոթք անել իմ պապական հողում: ՈՒ հիմա աշխարհի բոլոր նախագահներն ուզում են հասկանալ` Արևմտյան Հայաստանում ջարդ եղե՞լ է, թե՞ ոչ: ՈՒ չեն կարողանում էդ հարցի պատասխանը գտնել: Ամեն ընտրությունից առաջ ի՜նչ ձևեր են թափում, ի՜նչ խոստումներ են տալիս, մարդու ազատության քարոզներ կարդում: Ընտրվում են, ամեն բան մոռանում: Իսկ փաստը մնում է փաստ. ես իմ նախնիների շարունակողն եմ: Թող մեկն ինձ ասի` ո՞վ էր ինձ կամեցել այդ «բարիքը», որ ես թողնեի իմ Մուշն ու Սասունը, գայի-նստեի Արագածի փեշերին: Փառատոնի՞ էի եկել, աշխատելո՞ւ, ամուսնանալո՞ւ: Ես և ինձ նման շա՜տ-շատերն ինչպե՞ս ենք հայտնվել այստեղ ու աշխարհի տարբեր երկրներում: Պետք չէ էս հարցերն էդքան բարդացնել: Կյանքն իրականում շատ պարզ է, շատ կոռեկտ: Մարդն է միշտ խնդիր ստեղծում ու, էդ խնդիրը խճճելով, ուզում անհասկանալի լուծում տալ:
-Հողը հայ պահողը մա՞րդն է, թե՞ հողի մեջ ապրող հիշատակները:
-Էդ հողի տերը մենք ենք: Աստված մեզ էդտեղ է ծնել: Ճիշտ է, մեզ էսօր զրկել-սպանել են, բայց հոգին չի սպանվում, հոգին արքա է: Երբ գնում էի ֆիլմը նկարելու, մեր գյուղում ապրող մի ծեր կին կար` Մարիամը, հանդիպեցի նրան ու մեր բարբառով ասացի. «Նանե՛, ըրտալ իմ էրգիր»: Զարմացավ, իր օրհնությունը տվեց, ասաց, որ էնտեղ հայեր կան, ապսպրեց հարցուփորձ անել, գտնել նրանց, իսկ հետո պատվիրեց թուրքերին ասել, որ էստեղ դեռ հայեր կան, թող չմտածեն, որ իրենք էդ հողը կվայելեն: ՈՒ ես գիտեմ, որ ի վերուստ էդպես է սահմանված, մերն է էդ հողը: Դա ոչ թե մարդկային, այլ աստվածային օրենքով է սահմանված:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ