«՚Ազատ դեմոկրատներ» կուսակցություն լրատվական ծառայությունից հայտնում են` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը, հավատարիմ մնալով 2012թ. դեկտեմբերի 29-ի կուսակցության վարչության հայտարարությանը և քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրում է, որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և սկզբունքներին:
Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը հայտարարում է, որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի սատարելու:
Միևնույն ժամանակ, դեմ լինելով քաղաքական գործընթացները բոյկոտելու մոտեցմանը, կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին»:
2012-ի վերջին Ազատ դեմոկրատները կողմնորոշվում էին` առաջադրել, թե ոչ սեփական թեկնածու և քննարկում էին կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի թեկնածությունն առաջադրելու հարցը, հետո որոշեցին նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցել, այնուհետև միանշանակ ժխտեցին, որ կարող են պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նախագահական ընտրություններին մասնակցության հավանական ձևաչափ հունվարի կեսին հնչեց Հրանտ Բագրատյանի թեկնածության պաշտպանությունը, հունվարի վերջին Ազատ դեմոկրատները որոշեցին առաջադրված թեկնածուներից ոչ մեկին չպաշտպանել, բայց և չբոյկոտել ընտրությունները: