Ծառուկյանի բրյուսելյան այցն ամբողջովին արևմտյան սիմվոլիկայով էր հագեցած. նա հանդիպել է Վիդալ Ալեխո Քուադրասին (այսպես է վերջինիս անուն-ազգանունը, որը ԲՀԿ հաղորդագրությունում ունի նաև Ռոկա «եզրույթը». եթե ստուգաբանենք` «Վիդալ Ռոկա», ապա կստացվի` Ծառուկյանը «տեսավ ճակատագրին»)։ Մի խոսքով, պարոն Վիդալը իսպանացի տղա է: Ոչ միայն Եվրապառլամենտի, այլև ԵԺԿ փոխնախագահ: ԵԺԿ-ն էն է, որին այդպես էլ չանդամակցեց ԲՀԿ-ն: Հիշենք` ԲՀԿ-ի հետ հանդիպումներից հետո ԵԺԿ փաստահավաք առաքելությունն այնպիսի զեկույց էր գրել ԲՀԿ-ի մասին, որ մի քիչ անհարմար էր դրանից հետո վեր կենալ-գնալ Եվրոպա, հետն էլ զբաղվել «սպիտակեղենահենությամբ»։ Պարոն Օսկանյա՞ն, էդ սպիտակեղենը հետներդ Հայաստանի՞ց էիք տարել, թե Ձեր նախարար եղած ժամանակվանից թողել էիք Եվրոպայում, մտածելով` պետք կգա, հիմա հետ վերցրիք ու, համարյա տղա բերելու հանգույն, ցուցանեցիք` էն էլ ի՜նչ թեմայով. կոռուպցիայի և կոռումպացվածների։ Ա՛յ-ա՛յ-ա՛յ։ Վիդալն էդ ցուցանքից ընկավ տրանսի մեջ ու ասաց. «Նաշ ցար սամիյ լուչշիյ ցար», իմա` «լյավ թեկնածու» է` նախագահի, Ծառուկյանը:
Պարոն Օսկանյան, բա ո՞վ Վիդալին ասաց` Ծառուկյանը թեկնածու է, եթե որոշում չկա. այդ մի սպիտակեղե՞նը որտեղ էիք պահել, որ հայաստանածին ձեր կուսակցությունում երեկ մոմն առած ման էինք գալիս, ու ոչ մեկը չէր կարողանում ասել, թե էդ ինչ որոշում է «видел» Վիդալը:
Այսպիսով, պարոն Վիդալը ԵԺԿ յոթ փոխնախագահներից մեկն է, այն ԵԺԿ-ի, որը մերժել է ԲՀԿ-ին, որովհետև վերջինս օլիգարխիկ-մեկ անձի շուրջ հավաքված կուսակցություն է` եվրոպական արժեքների և ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունեցող: Էս` մի կողմից: «Մույս» կողմից էլ` պարոն Վիդալը Եվրապառլամենտի 14 փոխնախագահներից ընդամենը մեկն է, հիմնականում «պրոտոկոլնի ուկլոնով», երրորդ կողմից էլ` նա ԵԺԿ յոթ փոխնախագահներից մեկն է` առանձնապես շատ բան չասող «ուկլոնով», որովհետև Իսպանիայի պատվիրակությունը ղեկավարում է ոչ թե ինքը, այլ Հայմե Մայոր-Օրեխան: Կարճ ասած, նա ԵԺԿ երկու հարյուր վաթսունինը պատգամավորներից մեկն է, որի հետ հանդիպել է անձամբ ինքը` Գագիկ Ծառուկյանը, և ցույց է տրվել, որ ԲՀԿ-ն «շիրակո շագայետ պո Եվրոպե»։
Հա, չմոռանանք, Եվրոպական պառլամենտը նման յոթ հազարից ավելի այցելու և «շագատել» է ունենում: Ամեն օր:
Ի դեպ, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Վիգենինն էլ էն է, որ Հայաստանից պատգամավոր չի եղել, որ գնա Բրյուսել, ցանկանա հանդիպել նրան, չհանդիպի. սոցիալիստ է, նորմալ տղա, հաճախ է լինում Հայաստանում, հանդիպում է Հայաստանի ՀԿ-ների, սոցիալիստների հետ:
Ինչ վերաբերում է Շ. Ֆյուլեին, ապա Արևելյան գործընկերության հանձնակատարը «պարտավոր» էր հանդիպել Ծառուկյանին և կատարել յուր պարտականությունը` «պտիչկա» դնել, որ իրենք, ախր, աշխատում են էս Արևելքի, նրա տարբեր շերտերի, մանավանդ էս «չկոռումպացվա՜ծ-ոչ օլիգարխի՜կ» խավի հետ (դե, մի հռհռացեք, զահլա չունեմ):
Մի խոսքով, Սերժ Սարգսյանի` ԵՄ քաղաքական բարձրագույն ներկայացուցիչ, անձամբ Հայաստան ժամանած Ժ. Բարոզուի քարտ բլանշից, Պուտինին հանդիպելու կողքին, պարոն Վիդալն էլ իր հերթին «դաբրո» տվեց Ծառուկյանին, ինչին պետք է անսասան լրջությամբ և անվերապահ վստահությամբ վերաբերվել:
ՈՒստի, «յուրոփներից» վերադարձած պարոն Ծառուկյանը կարող է այսուհետ հաղթականորեն առաջադրվել և նույնքան հաղթականորեն առաջ տանել «յուրոփական» արժեքների յուր տեսլականները` էս խեղճ ու թշվառ Հայաստանում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ