Դեկտեմբերի 6-ին ՀՅԴ նախաձեռնությամբ գումարվեց «Միասնական օրակարգ նախագահական ընտրություններում» խորհրդաժողովը, որի նպատակը ամիսներ առաջ շրջանառության մեջ դրված ՀՅԴ 7 առաջարկներից բաղկացած փաթեթի քննարկումն էր արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Խորհրդաժողովին մասնակցում էին ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ԱԻՄ-ի, «Ժառանգության» անդամներ:
Արմեն Ռուստամյանի գնահատմամբ` խորհրդաժողովը կարելի է հաջողված համարել, որովհետև քննարկումների ընթացքում պարզվեց, որ ՀՅԴ մոտեցումը` նախագահական ընտրությունների գնալ միասնական օրակարգով, ընդունվում է լայն շրջանակներում: ՀՅԴ-ի առաջարկած 7 կետերը ոչ թե կոնյունկտուրային առաջարկներ են` պահի տակ արված, այլ վաղուց արծարծված են և ամփոփում են բոլորի ցանկությունը, թե ինչպես է պետք երկիրն այս վիճակից դուրս բերել: Վեհաժողովում իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորություն ունեցան ոչ միայն քաղաքական գործիչները, այլև փորձագետներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, և բոլորն ընդունում են, որ նախ առաջարկված օրակարգը իրատեսական է, երկրորդ` հնարավորություններ կան խորացնելու և հարստացնելու 7 կետերը, կազմելու ժամանակացույց և ճանապարհային քարտեզ, որից հետո միայն իմաստ ունի քննարկելու ընդդիմության միասնական թեկնածուի հարցը: «Ժամանակը կբավականացնի՞» հարցին պարոն Ռուստամյանը պատասխանեց հարցով. «Իսկ ի՞նչ ունենք շտապելու, առաջադրումների ժամկետը մինչև 2013-ի հունվարի 4-ն է»: Նա կարծում է, որ խորհրդաժողովը կարևոր արձանագրման հնարավորություն տվեց. միասնական օրակարգը կարող է հիմք ծառայել հասարակության համախմբման համար, ինչը կարևոր ձեռքբերում է քաղաքական մշակույթի տեսակետից` հարստացնում է մեր զինանոցը համաձայնության գալու մեթոդների և տեխնոլոգիաների առումով: «Հաջորդ քայլը լինելու է բոլորի կողմից միասնական օրակարգի և ժամանակացույցի համաձայնեցումը, որից հետո միայն ձեռնամուխ կլինենք անձի փնտրտուքին»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա համաձայն չէ այն տեսակետին, որ ընդդիմության միասնական թեկնածուն նախընտրական միֆերից է, և այդ թեկնածուի որոնումներում խելամիտ է համարում նախ միասնական օրակարգի համաձայնեցումը, նոր միայն թեկնածուի անձը, համոզված լինելով, որ հակառակը պարզապես փակուղի կտաներ: «ՀՅԴ-ն առաջադրելո՞ւ է իր թեկնածուն» հարցին ՀՅԴ խորհրդարանական խմբակցության դեկավարը պատասխանեց. «Մենք թեկնածու չենք առաջադրում, որպեսզի գործընթացը ռացիոնալ դաշտում պահվի, և քննարկումներն անցնեն բարենպաստ մթնոլորտում: Մենք օրինակ ենք տալիս: Կարևորը, որ գաղափարն ընդունվում է, ընթացքը ողջունվում է, և դա կարելի է համարել հաջողություն այս փուլում, որից հետո կմտածենք հաջորդ քայլերի մասին»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ