ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Խորհրդային տարիների ոգով, բայց կապիտալիստի ախորժակով

Խորհրդային տարիների ոգով, բայց կապիտալիստի ախորժակով
04.11.2012 | 19:41

Սարգիս Սահակյանի, Էդգար Ղազարյանի, Էդիկ Բարսեղյանի, Աշոտ Ղահրամանյանի, Արթուր Նալբանդյանի, Կովալենկո Շահգալդյանի և մնացած մարզպետների փոխարեն, ԱԺ կամարների ներքո ինքնաբավության վերջին ակորդը երախտագիտության նոտայի վրա «զիլ» հնչեցնելու պատիվը վստահված էր Արմեն Ղուլարյանին։ Ամենաերկարակյաց մարզպետը, չկարևորելով անգամ կիսադատարկ դահլիճի քնած վիճակը, մարզպետարանների պահպանման ծախսերի և համայնքներին տրամադրվող դոտացիաների առիթով ի սրտե անկեղծացավ. «Գոհ ու շնորհակալ ենք կառավարության հատկացումներից...»։

Իսկ ինչո՞ւ գոհ չպետք է լինեք, պարոնայք, դուք չե՞ք մարզպետական աթոռների հաշվին բարգավաճում կամ ձեր արքունիքներում կատարվող թալանի համար (վկա` Վերահսկիչ պալատի բացահայտումները) մարդը` երկրի նախագահը, հանդուրժում, ոմանց ականջները ոլորելու փոխարեն ընտրելով քաղաքակիրթ տարբերակը, «շանս» է տալիս` գնացեք ու Ձեր կերած-չմարսածը փակեք չորով կամ աշխատանքի տեսքով։
Բա որ օրերից մի օր ձեր ոտքը լրջով տրորի, ի՞նչ եք ասելու կամ անելու։ Փորձը ցույց է տվել. ճողոպրելու համար դիմել եք դավաճանական քայլերի, կամ սրտի հետ պրոբլեմներ ունենալու նպատակով մեկնելու եք արտերկիր, մինչև որ «կրակը» մի փոքր նստի։ Իհարկե՛, գոհ եք լինելու։ Դե, եթե ազնվության փշրանք կա ձեր մեջ, կամ «դուխներդ» տեղն է, ինչո՞ւ մի օր ձեր մարզերի բնակչության անունից չեք հայտնվում մեջլիսում` գովերգության սազը ձեռքներիդ։ Տարին մեկ անգամ հրավիրվում եք «հաշվետվության» և ամեն անգամ խորհրդային տարիների ոգով, բայց կապիտալիստի ախորժակով, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում նույն «երգը» երգում` նախորդ տարվա համեմատ ավելացել են մարզերին հատկացվող դոտացիաները։ Միանգամայն ճիշտ է, և 2013 թ. բացառություն չէ. 29 մլրդ 700 մլն դրամ դոտացիան, ինչպես նաև 1 մլրդ դրամի բնապահպանական սուբվենցիաներն էապես ոչինչ չեն փոխի, բայց համայնքային ճանապարհների կարկատման, մարզպետարանի աշխատակազմի գոյատևման, նախադպրոցական կրթության և այլ ոլորտներում ճկույթիկաչափ շարժերը բացառված չեն։ Եվ սրա համար տեղական իշխանիկները շնորհակալ են։ Մենք դա ըմբռնումով ենք ընկալում։ Իսկ իրենք տեղյակ չեն, որ բավարարված մարդը (խոսքը մարզպետներին չի վերաբերում) չի լքի տուն ու տեղը և էս լեն ու բոլ աշխարհում գաղթական դառնա, ու եթե 2,5 կամ մոտ 3 մլն ժողովրդի 35 %-ն աղքատ է, ուրեմն կեղծ գոհունակության փոխարեն նախընտրելի է լռակյաց կրկնել Նաիրա Զոհրաբյանին. «Էստեղ, էս դահլիճում քծնանքի, ձանձրույթի և տափակության էնպիսի համադրություն է, որ... ամաչում ես»։
Բայց և այնպես, գոհունակությունն այնքան էր երջանկացրել մեր մարզպետներին, որ քննարկման ժամանակ 10-ից ոչ մեկը հարց չուներ, ուրախությունից չէին լսում միմյանց, իսկ ընդհանրապես այն անցավ տաղտուկ ժխորի մեջ, ինչը նախագահողին ստիպեց թարմացնել մթնոլորտը. «Ես խնդրում եմ խոսել գոնե մի փոքր ցածր, իսկ եթե ոմանց հետաքրքիր չէ, կարող են գնալ»։
Որ գնալու տեղ լիներ, բոլորը միասին կգնային հենց սկզբից, փոխքաղաքապետ Կամո Արեյանի ռեզինաձիգ և մանրադիտակային ելույթի ժամանակ։ Չգնացին, որովհետև ոմանք դեռևս տպավորված Հրանտ Բագրատյան - ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյան բլից հանդիպումից, կրկնություն էին սպասում։ ՀԱԿ պատգամավորը, նեղելով «հակառակորդին», հավերժական «շախի» տակ էր գցել և ամեն կերպ պաշտոնյայի շուրթերից ուզում էր լսել, որ տնտեսական սխալ քաղաքականության պատճառով մեզանում ՏԻՄ-երը չեն կայանում։ Ի դեպ, նախկին վարչապետն իր ներածականում հասկանալ տվեց. գիտեմ, որ կոնկրետ պատասխան չեք տալու, բայց ախպոր պես, գլխիս լոլո չկարդաք։
Սաֆարյանին դիրքից հանելու «համարձակ» քայլն իր վրա վերցրեց երիտասարդ ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը. «ՏԻՄ-երը մեզանում կայացած են և շատ էլ լավ աշխատում են։ Ինչո՞ւ չեք ուզում մի դրական բան տեսնել»։ Մարզպետների ինքնաբավությունը խլած ԱԺ պատգամավորն այնուհետև դառնալով ավագ գործընկերոջը, կարծիք ակնակալեց։ Գալուստ Սահակյանն իրեն հատուկ զսպվածությամբ չուշացրեց` լավ էր։
Դե, եթե լավ է, ուրեմն կեցցե մեր հայրենի կառավարությունը, փա՛ռք հայ ժողովրդին։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2683

Մեկնաբանություններ