Սիրելի ու հարգելի ընկերներ,
Ինչպես գիտեք` «Ժառանգություն» կուսակցության կողմից իմ թեկնածությունն առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում: Համաձայն ԿԸՀ սահմանած ժամանակացույցի` նախընտրական քարոզարշավը սկսվում է նոյեմբերի 4-ից (կիրակի): Թեպետ, ցավոք, մինչ այժմ ԶԼՄ-ներում արդեն փաստեր ու ահազանգեր են հրապարակվել, որ ՀՀԿ թեկնածուն ոչ միայն ժամանակից շուտ է սկսել իր քարոզարշավը, այլև դրանում ներգրավել է հանրային ռեսուրսներ` քարոզչական միջոցառումներ ունենալով դպրոցներում, մանկապարտեզներում, թաղապետարաններում:
Դժբախտաբար, սա նորություն չէ հայաստանյան ընտրական պրակտիկայում, ի սկզբանե սպասելի է եղել իմ համար և ամենևին չի վախեցրել ինձ առաջադրվելու որոշում կայացնելիս: Չի վախեցրել. որովհետեւ ինձ ուժեղ եմ զգացել նախկին ընտրություններում ընտրողների տված տպավորիչ քվեից, ընտրատարածքի բնակիչների զորակցող խոսքերից ու իմ հնարավոր հաղթանակում ներդրում ունենալու բազմաթիվ ընկերների ու ծանոթների պատրաստակամությունից:
Խորապես կարևորելով ամեն մարդու ներդրումը, ես սիրով կընդունեմ աջակցության ու մասնակցության ցանկացած օրինական ձև: Նրանք, ովքեր պատրաստ են իրենց ժամանակը, մասնագիտական ու այլ կարողությունները, ռեսուրսները կամ դրանց մի մասը ներդնել իմ ընտրապայքարում, միայն շնորհակալ կլինեմ:
Քարոզարշավում որևէ կերպ ներգրավվելու կամ օգտակար լինելու համար կարող եք արձագանքել թե այս կոչիս ներքո, թե ֆեյսբուքյան մասնավոր հաղորդագրություններով, թե էլեկտրոնային նամակներով (էլ. փոստ` stiopasafaryan@yahoo.com), և թե նաև իմ շտաբ այցելելով, որը կբացվի երկուշաբթի օրվանից: Շտաբը կգործի Գայի պողոտա 8, բն. 1բ հասցեում` Գայի արձանի հարևանությամբ, նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում: Հեռախոսահամարն է` 67-42-61:
Նախընտրական հիմնադրամի հաշվեհամարը կհրապարակեմ երկուշաբթի օրը եւ երախտապարտ կլինեմ ցանկացած չափի աջակցության համար:
Խորին հարգանքներով` ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա (Ստեփան) Սաֆարյան