Այն, որ Վարդան Ղուկասյանը դիմում է գրել նաև ՀՀԿ-ից դուրս գալու «մոմենտով», պարզ էր արդեն շաբաթ օրը, սակայն, չգիտես ինչու, թե՛ ինքը, թե՛ ՀՀԿ-ն տևական ժամանակ չէին հրապարակայնացնում այն: Երեկ արդեն ՀՀԿ-ում հասկացան, որ «մախաթը մեշոկում» չի պարտակվի, և, մեր հարցմանն ի պատասխան, կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադևոսյանն ասաց` այո, Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել:
Մնում է պարզել` կինքնառաջադրվի՞ պարոն Ղուկասյանը, նույն ինքը` Վարդանիկը, թե՞ ոչ: Առաջադրվելը կոլապս է ՀՀԿ-ի համար: Առաջին հերթին` Հովիկ Աբրահամյանի: Որովհետև այս ամենի «քավորը» նախ ինքն է: Ճիշտ է, «ձեռագիրն» անսահման նման է Սամվել Բալասանյանին. 2008-ի նախագահական ընտրությունների «տակ» նա էլի շատ արագ ու կազմակերպված կողմնորոշվեց դեպ Սերժ Սարգսյան` ջնջելով ՕԵԿ դաջվածքը յուր ճակատից, յուր «կերած օրթումը»` Սևանա վանքից, ու հարկավոր ժամին հայտնվեց հարկավոր տեղում` նոր գիր «ճակատին»: Այսօր էլ նա կրկին շառից-փորձանքից ազատագրեց իր ճակատը` ԲՀԿ-ՀՀԿ տանդեմում կողմնորոշվելով խիստ անվրեպ: Չհաշված այն հանգամանքը, որ նրա որդիները շատ ավելի մոտ են ՀՀԿ երիտասարդների (տրվում է Սամվել Ֆարմանյանի անունը), քան ԲՀԿ-ի «անհարվարդ»-բարեգործների հետ:
Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ն կանգնած է երկընտրանքի առաջ. եթե Վարդանիկն առաջադրվի, ապա շատերի մոտ ՀՀԿ «մունդիրի» նկատմամբ վերապահումներ կառաջանան:
Եվ հետո, ինքնառաջադրվող (Ղուկասյանն ասել է` ապրենք, տեսնենք) Ղուկասյաններին չափի բերելու, ՀՀԿ-ի պարտադրված քայլը (քրեական հետապնդումների մասին է խոսքը) ՀՀԿ շահերից չի բխելու: Նախագահական ընտրությունների շեմին դա ուղղակի նոնսենս է: Մանավանդ որ Վարդանիկը վերջերս սկսել է խոսել նաև «իրեն խփած ժամանակ ընկճված չլինելու», ինչ-ինչ անուններ տալու մասին:
Եվ այնուհանդերձ, հետաքրքիր է, ինչպե՞ս պատահեց, որ Վարդանիկին իր մոտ կանչած Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց այս բոլոր հարցերը փակել «չորով», մինչև վերջ ու հանգամանալից «բացատրել», թե որտեղ են ձմեռում ՀՀԿ խեցգետիններն այն դեպքում, եթե նա դիմում է գրում ու դուրս է գալիս կուսակցությունից, հետո էլ փորձում է ինքնառաջադրվել: Էլ չենք ասում այն մասին, որ նույն նախագահական ընտրությունների տակ Վարդանիկը կարող է և փորձել «այլ կոնկուրենտ ֆիրմաների» թիմերի հետ խաղերի մեջ մտնել` հանուն մթնոլորտ պղտորելու, ՀՀԿ-ից վրեժ լուծելու:
Չէ՞ որ Հովիկ Աբրհամյանն այժմ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է` քաղաքական գծով, պատասխանատու` տեղական կառույցների և նրանց գործունեության համար, ինչին ձգտում էր ճիշտ այնքան, որքան վարչապետի պաշտոնին: Թե՞ Վարդանիկի այս պահվածքով իր համար լիքը անելիք, լայն դաշտ է բացվում կարևորվելու, պտույտի մեջ դնելու իր հիվանդացող ու չմեռնող ճշմարտությունը: Ի դեպ, Հովհաննես Ա-ի «կալվածքներում»` Արարատի մարզում, ինչպես և Վարդանանց Գյումրիում, ԲՀԿ-ն նույնպես շռնդալից հաղթանակ էր տոնել խորհրդարանական ընտրություններում:
Հիմա կարող է, չէ՞, Վարդանիկն իսկապես վիրավորվել ոչ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն ոչ թե Սուքիաս Ավետիսյանի, այլ Գիզիրյանի խորհրդով (թե՞ Հովիկ Աբրահամյանի խորհրդով) Սահակ Մինասյանին Գյումրու տեղական կառույցի ղեկավար կարգեց, վիրավորվել, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ականին քաղաքապետի թեկնածու առաջադրեց, հետն էլ հարցնել, էդ ինչո՞ւ ընտրությունները «պրավալ» տված մնացածներին չեն տեսնում, չեն պատժում, ավելին` առաջ են քաշում, վերադաս են շինում, իսկ իրեն ահա այսպես` դիդակտիկ նյութ դարձրած` «գուդ բայ են» ասում:
Անշուշտ, կարող է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ