Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Գաղտնազերծում -2

Գաղտնազերծում -2
08.08.2024 | 21:47

Հատվածներ Սարգսյան-Օբամա բանակցություններից, 2010 թ․ ապրիլի 12, Վաշինգտոն:

- Դա հին խնդիր է, սակայն կա հնարավորություն՝ առաջ գնալու համար։ Կան քաղաքական ծախսեր, որ մենք՝ առաջնորդներս, երբեմն վճարում ենք, երբ համարում ենք ճիշտ՝ առաջ գնալու համար, ու միշտ չէ, որ ժողովուրդը համաձայն է այդ որոշումների հետ: Թուրքիան դրական ազդակ է ուզում, ինչը կարող է քաղաքական տանիք դառնալ արձանագրությունների վավերացման հարցում առաջ գնալու համար։ Խնդրում եմ ազդակ ուղարկել, թե Դուք համարու՞մ եք, որ կա նման հնարավորություն՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ առաջ գնալու համար: Խնդրում եմ անկեղծ ասել՝ նման հնարավորություն կա՞, թե՞ չկա, - Օբամա։

- Պարո՛ն նախագահ, երբ թուրքական կողմն ասում է ազդակ, նկատի ունի մեր կողմից միակողմանի զիջում: Ձեզ անկեղծորեն ասում եմ, որ նման հնարավորություն չունենք՝ Լեռնային Ղարաբաղի հարցում գնալու միակողմանի զիջումների: Մենք ուզում ենք, որ այդ հակամարտությունը լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հակամարտության լուծման հարցում ամենաշահագրգիռը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, հետո՝ Հայաստանի Հանրապետությունը, հետո նոր՝ Ադրբեջանը և ապա միայն՝ Թուրքիան: Արդեն 20 տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատերազմի մշտական վտանգի տակ է, ինչը նրան թույլ չի տալիս զարգանալ ու ապրել բնականոն կյանքով: Մենք իսկապես պատրաստ չենք Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին: Դա կնշանակի, որ այդ տարածքում մեկ հայ չի մնա,–Սարգսյան։

- Որևէ մեկը չի ենթադրում Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, և, իհարկե, սա էլ այն ձևաչափը չէ, որ պետք է քննարկել ու լուծել 20 տարվա խնդիրը: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանը մեծ օգուտ կստանա սահմանի բացումից, ինչը շատ կարևոր է նաև Թուրքիայի համար՝ կարգավորելու իր հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք պատրաստ ենք շարունակել ճնշումը թուրքական կողմի վրա։ Պատրաստ ենք հայկական կողմի հետ շարունակական ներգրավվածության, որպեսզի գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։ Կարծում եմ, որ գործընթացից դուրս գալը մեծ սխալ կլինի: Եթե Հայաստանը հրաժարվի արձանագրություններից, ենթադրում եմ, որ Թուրքիան ուրախությամբ կընդունի և ուրախությամբ կապահովի այսօրվա ստատուս-քվոն: Այդ դեպքում Հայաստանը վնասներ կկրի, իսկ Թուրքիան՝ ոչ: Դրա համար կշարունակենք մեր ներգրավվածությունը Հայաստանի հետ ու զուգահեռ կաշխատենք Լեռնային Ղարաբաղի հարցով: Մեր կողմից կարող ենք երաշխավորել, որ ճնշում կգործադրենք Ադրբեջանի նկատմամբ, որ այս փուլում բարձրացնենք հարցի կարևորությունը,– Օբամա։

- Եթե մի օր Լեռնային Ղարաբաղը, պարո՛ն նախագահ, որևէ հրաշքով հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ մեկ հայ չի մնա: 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո մենք կորցրինք մեր պատմական հայրենիքի մեծ մասը: Այնուհետև՝ արդեն խորհրդային կարգերի հաստատման շրջանում, կորցրել ենք Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը: Տեսե՛ք, թե ինչ եղավ Նախիջևանի հետ. այնտեղ հիմա նույնիսկ մեկ հայ չկա: Հիմա Ղարաբա՞ղն էլ տանք։ ․․․ Ավելի լավ է այսպես։ Ավելի լավ է ստատուս-քվոն, քան այնպիսի արհեստական լուծումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կբերի նոր ողբերգություն։ ․․․ Լա՛վ, մենք այս արևի տակ ապրելու իրավունք չունե՞նք։ Մի՞թե դա արդար է, - Սարգսյան։

- Գիտեք, պարո՛ն նախագահ, այս տարիների ընթացքում սովորել եմ, որ միշտ չէ, որ հարցերն արդար են լուծվում։ Միշտ չէ, որ աշխարհն արդար է, - Օբամա։

(շարունակելի)

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հ.Գ.

Հատված իմ հեղինակած «Միայնակ ընդդեմ ճակատագրի․ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» հուշագրությունից։

Դիտվել է՝ 3891

Մեկնաբանություններ