Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Փաշինյանի «պատերազմի խաչմերուկը» և մեր անելիքը

Փաշինյանի «պատերազմի խաչմերուկը» և մեր անելիքը
12.07.2024 | 16:29

Նիկոլ Փաշինյանը «խաղաղության խաչմերուկի» մասին խոսում է ճիշտ այնպես, ինչպես 2020-ի պատերազմից առաջ Ալիևի հետ խոսում էր «մինի, մեգա հեղափոխություններից», որոնք, իբր, լուծելու էին Արցախի խնդիրը (այդ փուլում Փաշինյան Նիկոլի համար «Արցախը Հայաստան էր, և վե՛րջ»)։

Նա «խաղաղության խաչմերուկից» խոսում է ճիշտ այնպես, ինչպես 2021-2023-ին խոսում էր «խաղաղության դարաշրջանից» (արդյունքերը՝ Արցախի կորուստ, արցախահայության էթնիկ զտում․ Նիկոլի կարգախոսը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»)։

Հիմա Նիկոլը խոսում է «խաղաղության խաչմերուկից», և մենք կորցնում ենք Հայաստանի տարածքները։ Կիրանցի ճանապարհն այլևս պատմություն է դառնում, ինչին կհաջորդի Կիրանցի պատմություն դառնալը։ Հայաստանից օկուպացված է ավելի քան 200 քառ. կմ տարածք։ Միակողմանի զիջումների վերջը չի երևում։

Իրականությունն այն է, որ Նիկոլը ո՛չ խաղաղություն կարող է բերել Հայաստան, ո՛չ էլ կոմունիկացիոն խաչմերուկ կարող է դարձնել Հայաստանը։ Ու քանի դեռ նրա որոշ ընդդիմախոսներ, այդ թվում՝ խորհրդարանում ու փողոցում գտնվող որոշ շրջանակները, ոտանավորներ են արտասանում «տրեխավոր հայրենասիրության», ռազմատենչության կամ նմանատիպ այլ թեմաներով, Նիկոլին հաջողվելու է մտնել «խաղաղության աղավնու» կեղծ կերպարի մեջ ու դեպի ոչնչացում տանել Հայաստանը։

Այո՛, Հայաստանին պետք է խաղաղություն, ինչի ապահովման գլխավոր երաշխիքներից մեկը կոմունիկացիոն խաչմերուկ դառնալն է, բայց երբ օրվա իշխանությունը Արևմուտքի ձեռքում գործիք է դառնում Ռուսաստանի ու Իրանի դեմ, ապա դրանով իսկ բացահայտում է, որ «խաղաղության խաչմերուկ» կոչվածը քարոզչական բլեֆ է։ Չես կարող Ռուսաստանի ու Իրանի հետ թշնամանալ ու խոսել խաչմերուկից։ Այդ խաչմերուկի ուղղություններից երկուսի հետ թշնամանալով՝ ինչպե՞ս կարող ես խաչմերուկ կառուցել։ Եթե թշնամանում ես, ուրեմն իրական նպատակդ այլ է։

Մեր տարածաշրջանում խաղաղություն և Հայաստանի համար անվտանգություն ապահովելու համար պետք են հետևյալ նախապայմանները.

1․ Ամբողջական իշխանափոխություն (լրացուցիչ բացատրության կարիք չկա)։

2․ Հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ–երաշխավոր պետք է լինի Ռուսաստանը, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պետք է վերականգնվեն։

3. Ռուսաստանն ու Իրանը չպետք է համարեն, որ Հայաստանը գործիք է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ձեռքում՝ հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարելու համար․ Իրանի հետ անհրաժեշտ է նոր որակի հարաբերություն։

4․Հայաստանը պետք է ակտիվ մաս կազմի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան կոմունիկացիոն շղթայում, ակտիվորեն նպաստի այդ շղթայի կայացմանը՝ ներառյալ աբխազական երկաթգծի գործարկումը (Վրաստանի իշխանությունների պայքարը հանուն իրենց երկրի ինքնիշխանության՝ ընդօրինակման ու հարգանքի առարկա է)։

5․Հայաստանը, իր սուվերենությունը պահպանելով, պետք է մաս կազմի Չինաստանից մինչև Արևմուտք կոմունիկացիոն գծին, ինչը Ռուսաստանն ու Իրանը չպետք է գնահատեն որպես իրենց՝ տարածաշրջանից դուրս թողնելու և թուրանական միջանցք ստեղծելու քաղաքականություն․ Ռուսաստանի ներկայությունն այդ ուղում կայունացնող դերակատարում կունենա։

6․Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, բայց դա չի նշանակում Հայոց ցեղասպանության հարցի մոռացություն։ Ինչպես հետնացիստական Գերմանիայի իշխանություններն են ընդունել հրեաների ցեղասպանությունը, այնպես էլ հետերիտթուրքական Թուրքիայի իշխանությունները պետք է ընդունեն Հայոց ցեղասպանության փաստը։

7.Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հնարավորինս տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից։

8. Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների միջոցով. «3+3» ձևաչափը դրան է միտված։ Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը (Նիկոլ Փաշինյանը դրանով է զբաղված, ինչի արդյունքում Հայաստանը դրվել է աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին) լրջագույն սպառնալիք է և պատերազմի խաչմերուկ է դարձնում Հայաստանը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5817

Մեկնաբանություններ