ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կյանքն ու վկայությունները

Կյանքն ու վկայությունները
16.02.2016 | 10:24

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՆՔ


ՍՈՒՆԴԱՐ ՍԻՆԳՀԸ ծնվել է 1889-ի սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Հնդկաստանի Փենջաբ (պարսկերեն փենջ-հինգ, և աբ-ջուր, գետ, բառերից, որ նշանակում է հինգ գետերի երկիր) նահանգի Ռամբուր քաղաքում, Սինգհերի (1) հայտնի տոհմի շառավիղ Սերդար Շեր Սինգհի ընտանիքում: Հայրը հարուստ և նշանավոր անձնավորություն էր. քաղաքապետ էր, խոշոր ագարակատեր: Հինգ որդի ուներ: Սունդարը նրա կրտսերն էր: Մայրը բարեպաշտ, կրոնասեր կին էր, որը տղային դաստիարակում էր բացառապես սինգհական ավանդույթներով:
Սունդարը միշտ ջերմ սիրով ու խորին հարգանքով էր հիշում ծնողներին, հատկապես մորը, որ հոգևոր մեծ ներդրում էր ունեցել նրա կյանքում:
Թեև Սունդարը դաստիարակվել-մեծացել էր հարուստ ընտանիքում, հարմարավետ և շքեղ պայմաններում, սակայն ամենևին էլ շփացած չէր: Ծնողները սովորեցրել էին հարմարվել հինդու և սինգհ կրոնների խիստ պայմաններին, ենթարկվել դրանց պահանջներին՝ ծոմին, մարմինը զսպվածությամբ չարչարելուն և այլն: Մանկուց ծնողների հետ հաճախում էր սինգհերի տաճարներ, անգիր էր անում կրոնական բարդ, խճճված կանոններն ու զրույցները: Մայրն ամեն շաբաթ նրան տանում էր ժամանակի հայտնի սանդուներից մեկի «ոտքերի մոտ» նստելու և նրա զրույցներն ունկնդրելու:
Ռաջպուրում գործող «Անգլիական քրիստոնեական առաքելություն»-ում աշխատող մի կնոջ օգնությամբ Սունդարը տասը տարեկանում ընդունվեց միսիոներների հիմնադրած դպրոց, որտեղ և փորձեց ծանոթանալ Աստվածաշնչին: Առաջին իսկ փորձից զգաց, որ քրիստոնյաների Սուրբ գիրքն այնքան էլ չի հետաքրքրում իրեն: Այդուհանդերձ, չլքեց քրիստոնեական դպրոցը, որովհետև միայն այդտեղ էին կրոնին զուգահեռ այլ առարկաներ ու գիտություններ սովորեցնում:
Տասնչորս տարեկանում Սուդարը կորցրեց մորը: Տևական ժամանակ հուսահատությունը չէր լքում նրան: Անընդհատ հիշում էր մոր խոսքը. «ՈՒշ թե շուտ դու սադհու ես դառնալու, ուստի փնտրիր ամենակարևորը՝ Աստծուն և հոգուդ խաղաղությունը»: ՈՒ որքան էլ չէր ցանկանում, այնուամենայնիվ, իրեն ստիպում էր դպրոց հաճախել:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ
Մոր մահից հետո Սունդարն ագրեսիվ դարձավ, բացահայտորեն սկսեց հակադրվել քրիստոնեությանը, Աստվածաշնչին: Մի անգամ, աշակերտների ներկայությամբ, նույնիսկ պատռեց Սուրբ գիրքն ու այրեց: Ապա հայտարարեց, թե այդ գրքում գրված ամեն բան սուտ է: Նա ընդգծված ատելությամբ էր վարվում նաև քրիստոնյաների՝ ուսուցիչների և միսիոներների հետ: Ծաղրում և անպատվում էր նրանց: Նման վարքագծին զուգահեռ ջանք չէր խնայում գտնելու հոգու խաղաղությունը:
Տասնհինգ տարեկանում նա ոչ միայն հիանալի տիրապետում էր «Բհագավադ Գիտային», հինդուիստական «Վեդաներին», այլև «Ղուրանին», բայց, միևնույն է, չէր կարողանում գտնել հոգու խաղաղությունը: Իսկ երբ կարդում էր Աստվածաշունչը, փոթորկվում էր նրա էությունը, իրեն կողոպտված էր զգում: Մի օր, հոգու հերթական ընդվզման պահին, հոր ներկայությամբ, պատառոտեց Աստվածաշունչը:
-Այս գիրքն ինձ խենթացնում է, պետք է ոչնչացնել Արևմուտքի կրոնը,- կանչեց նա ու հոշոտված Սուրբ գիրքը նետեց կրակը:
Հիշյալ դեպքից երեք օր անց նա նոր միտք հղացավ՝ վերջ տալ կյանքին: Հուսահատությունից ծվատվող հոգին հուշեց՝ վերջին անգամ աղոթել Աստծուն, ու եթե Բարձրյալը չհայտնվի տեսանելիորեն՝ ինքնասպան լինել ու խաղաղություն գտնել գնացքի անիվների տակ: «Եթե այստեղ չեմ գտնում խաղաղություն,- մտմտում էր նա,- թերևս գտնեմ այնտեղ՝ հանդերձյալ կյանքում»: Սունդարը համոզված էր, որ Քրիստոսը հաստատ չի հայտնվի: Եթե Ինքն Իրեն չկարողացավ փրկել մահից, ուրիշին ինչպե՞ս կարող է օգնել:
1904-ի դեկտեմբերի 18-ի երեկոյան նա հրաժեշտ տվեց հորը:
-Մնաս բարով, հա՛յր: Վաղն ինձ մեռած կգտնես:
-Ինչո՞ւ,- հարցրեց անակնկալից սարսափած հայրը:
-Որովհետև ոչ կրոններն ինձ հանգիստ բերեցին, ոչ հարստությունը կամ կրթությունը, ոչ էլ աշխարհական որևէ հաճույք:
Հայրը լուրջ չընդունեց որդու հայտարարությունը, համարելով այն փնտրտուքներում մոլորված էության ճգնաժամ, հուսահատ հոգու հերթական ընդվզում: Սունդարն անկողին մտավ առավոտ հինգին գնացքի տակ նետվելու մտադրությամբ: Սակայն երբ արթնացավ, դեռևս հինգը չկար: Հավատարիմ սինգհիզմի կանոններին, լոգանք ընդունեց, վերադարձավ սենյակ, իջավ աղոթքի: Լուրջ դեմքով աչքերը հառեց երկինք ու հատ-հատ շեշտելով բառերը, դանդաղ արտաբերեց.
-Ո՜վ Աստված, եթե Դու իսկապես գոյություն ունես, եթե ես Քեզ համար որևէ բան արժեմ, աղաչում եմ, անձնապես հայտնվիր ինձ, ցույց տուր Քեզ, որպեսզի ճանաչեմ, թե ով ես Դու: Քեզ մոտ գալու ճիշտ ճանապարհը ցույց տուր ինձ: Եթե չհայտնես Քո անձը, եթե չտեսնեմ Քեզ, ինքնասպան կլինեմ: Ես շատ եմ հոգնել: Եթե Դու կաս, ուրեմն տեսնում ես իմ վիճակը: Պատասխանի՛ր ինձ:
Սկզբում ոչինչ չկատարվեց: Խոր հուսահատությամբ նա խոնարհեց գլուխն անընդհատ նույն աղոթքը շշնջալով ու ավելի հաստատակամ արտահայտվելով իր ինքնասպանության մասին: Նայեց ժամացույցին: Մոտենում էր գնացքի անցնելու պահը: Գլխահակ վերջին անգամ մրմնջաց աղոթքն ու անասելի հուսահատված փորձեց վեր կենալ: Բարձրացրեց գլուխը, բացեց աչքերը և անակնկալից կարկամեց. սենյակի կենտրոնում ուղղաձիգ լույսի պայծառ շողք էր կանգնած: Նայեց պատուհանից: Խավար գիշեր էր: Համոզվելու նպատակով դուրս եկավ փողոց: Մթին գիշեր էր: Նորից ներս մտավ: Լույսն ավելի էր պայծառացել ու տարածվել ամբողջ սենյակում: Մի պահ վախեցավ: Մտածեց՝ հրդեհ է: Հաջորդ պահին հասկացավ՝ հրդեհի լույսն այդքան ճերմակ ու հաստատուն չի լինում: Հանկարծ սենյակն ամբողջովին լուսավորվեց: Սունդարն անսովոր լույսի մեջ կանգնած հանկարծ գիտակցեց՝ տեսիլն իր աղոթքի պատասխանն է: Փորձեց ավելի ուշադիր նայել լույսի կենտրոնին: Չկարողացավ: Նրա ուղեղում արագորեն հերթագայեցին իմացած կրոնների առաջնորդները: Վայրկյաններ անց, երբ ընտելացավ շլացուցիչ լույսին, ուղիղ կենտրոնում տեսավ... Հիսուս Քրիստոսին: Չկարողացավ զսպել զարմանքն ու բացականչեց.
-Ի՜նչ...
Սունդարը զարմացած էր՝ չտեսավ ավանդական աստվածներից մեկին: Պլշած նայեց Հիսուսի դեմքին, աչքերին: Քրիստոսից աննկարագրելի ուրախություն, խաղաղություն, սեր էր ճառագում: Նա անսահման սիրով նայում էր Սունդարին: Քիչ անց հնդկերենով հարցրեց.
-Ինչո՞ւ ես հալածում Ինձ: Չէ՞ որ ես մեռա ու հարություն առա քեզ համար:
Թեև Սունդարն անմիջապես չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը, բայց գիտակցեց, որ Քրիստոսը ողջ է: Նա կենդանի անձնավորություն է, խոսում է և հիմա իր առջև է: Զգում էր, որ Հիսուսի խոսքերի մեջ բարկության կամ մեղադրանքի նշույլ անգամ չկա: Սունդարը նկատեց Հիսուսի՝ իրեն պարզված ափերի սպիները: Նա երկյուղածությամբ ծնկի իջավ Քրիստոսի առջև: Զղջումով, բայց նաև ուրախության արցունքներով լցված աչքերը հառեց Հիսուսին ու մրմնջաց.
-Ների՜ր ինձ...
Նրա սիրտը լցվեց վերմարդկային այնպիսի սիրով, ջերմությամբ, խաղաղությամբ, ցնծությամբ, որպիսին մինչ այդ երբեք չէր զգացել: Գլուխը խոնարհեց մինչև հատակ ու բերանքսիվայր երկրպագեց Հիսուսին: Երբ Սունդարը գլուխը բարձրացրեց լույսը չկար՝ աներևութացել էր: Որքան էլ Քրիստոսը տեսանելիորեն չէր երևում, այնուամենայնիվ, Նրանից բխող ուրախությունն ու խաղաղությունը լցնում էին Սունդարի հոգին և մինչև կյանքի վերջը չլքեցին նրա սիրտը:
Նա ոտքի կանգնեց: Լսվեց դղրդոցով անցնող գնացքի սուլոցը: Հասկացավ՝ իր կյանքն անդառնալիորեն փոխված է, ինքն այժմ ուրիշ մարդ է: Անմիջապես վազեց հոր սենյակ: Արթնացրեց նրան և մեծ սիրով ու մեղմությամբ շշնջաց.
-Հայրի՜կ, ես տեսա կենդանի և միակ Աստծուն՝ Քրիստոսին: Նա ինձ տվեց իր խաղաղությունը: Հիմա ես շա՜տ երջանիկ եմ: Այսուհետ ես Նրան եմ հետևելու, ես քրիստոնյա եմ դարձել, հայրի՜կ...
Հայրն ամբողջովին չհասկանալով որդու խոսքերը, ընդհատեց նրան.
-Գնա քնիր, տղաս: Խելագարվե՞լ ես, ինչ է: Մի քանի օր առաջ Աստվածաշունչն այրեցիր... Հիմա քրիստոնյա՞ ես դարձել:
-Այդ ամենը ճիշտ է, հայրիկ, բայց Նա ներեց ինձ: Ես անձամբ տեսա Հիսուսին և նրան ծառայելու որոշում ընդունեցի:
-Բայց երեկ գիշեր դու մեռնել էիր ուզում,- ասես սթափվելով հարցրեց հայրը:
-Այո, ես մեռա... Ես մեռա մյուս բոլոր կրոնների, աշխարհի, հաճույքների, հարստության ու ցանկությունների համար,- խաղաղված ձայնով պատասխանեց Սունդարը:
-Կատարվածը հավանաբար երևակայությանդ արդյունքն է,- փորձեց բացատրել հայրը:
-Չէ՛, հայրիկ, ես Նրան չէի սպասում: Կատարվածը ո՛չ երևակայության արդյունք է, ո՛չ էլ երազ, որովհետև ամեն ինչ կատարվեց սառը լոգանքից հետո:
Հայրը, կարծես գիտակցելով տեղի ունեցածի իսկությունը, ասաց.
-Գնա՛ քնիր, վաղն ավելի մանրամասն կխոսենք, բայց ոչ մեկին չպատմես կատարվածի մասին: Լսո՞ւմ ես՝ ոչ մեկին:
1. Սինգհերը հնդիկ փիլիսոփա, ազնվական Նանակայի (1469-1538, Ռայափուր) ստեղծած միաստվածական (հունարեն՝ բ???? - միակ և ?e?? - Աստված բառերից. monos-միակ, Theos-Աստված) կրոնի՝ սինգհիզմի հետևորդներն են, որոնց նշանաբանն է. «Պաշտել միայն երկինք ու երկիր ստեղծող Արարիչ Աստծուն, վախենալ Նրանից և բարիք գործել»: Սինգհ ոչ միայն առյուծ է նշանակում, այլև աշակերտ: Ասել է՝ սինգհը որքան խիզախ է, նույնքան էլ խոնարհ:
Սինգհերը բարձրահասակ են, ամրակազմ, ավելի սպիտակամաշկ, քան հարավային հնդիկները: Նրանք ոչ միայն կրոնասեր են, այլև հայրենասեր ու ռազմատենչ: Նրանք այսօր էլ բնակվում են Փենջաբում և զինվորական բարձր պաշտոններ են զբաղեցնում:
Սինգհիզմը համարվում է Հնդկաստանի ամենաբարոյական կրոնը, որի ուսուցիչները կոչվում են գուրուներ, որոնք արժանանում են հատուկ հարգանքի և պատվի:
Սինգհերի սրբավայրը Տիբեթի Ամրիթսար լճի հարևանությամբ կառուցված Հարիմանտայի ոսկե տաճարն է, կրոնական գիրքը սանսկրիտով գրված Գրանթն է:
Հյուսիսային Հնդկաստանում (հիմնականում Փենջաբի նահանգում) այսօր բնակվում է շուրջ 8 մլն սինգհ:
Ի տարբերություն հինդուիզմի, սինգհիզմն արգելում է կռապաշտությունը, զոհաբերությունները, սեռական խառնակությունները: Սինգհիզմի և հինդուիզմի ընդհանրություններն են վերամարմնավորումը (ռեինկառնացիա), կարման (մեղքի և ժառանգական անեծքը), բարեգործությամբ փրկություն վաստակելու գաղափարը:
Սինգհերի նվիրյալ ուխտավորները՝ սադհուները (իմա՝ սրբերը), հագնում են գորշ դեղնավուն երկար հանդերձներ, մազերը չեն կտրում, չեն ամուսնանում, չունեն մշտական բնակության վայր, ապրում են բնության բարիքներով, ստացած ընծաներով և հյուրասիրությամբ:
Ճամփորդելիս սադհուներն իրենց հետ վերցնում են միայն երեք իր.
ա) կարպետանման ծածկոց՝ ցուրտ գիշերներին ծածկվելու համար,
բ) փոքրիկ դանակ՝ վայրի մրգեր ու արմատներ հայթայթելու և ուտելու նպատակով,
գ) սանր:
Ճանապարհորդությունների ընթացքում Սունդհար Սինգհից անբաժան էր նաև Աստվածաշունչը՝ գրված մայրենի ուրդու լեզվով:

Հրապարակման
պատրաստեց
Գայանե ԱԹԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 14352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ