Նարիշկինն ընդամենը հակառուսական սադրանքների մասին է խոսել, հակառուսական գլխավորի մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը
ՌԴ արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է ՈՒկրաինայում պարտությունների պատճառով Արևմուտքի նոր հակառուսական հավանական սադրանքների մասին: «ՌԻԱ Նովոստի»- ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ՈՒկրաինայում Արևմուտքի պարտությունների պատճառով նոր հակառուսական սադրանքների հավանականությունը շատ մեծ է:
«Այսօր, երբ Արևմուտքը պարտություն է կրում ՈՒկրաինայի տարածքում, ամենատարբեր սադրանքներ իրականացնելու հավանականությունը շատ մեծ է»,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ, ասել է Նարիշկինը:
Նրա հավաստմամբ, ՈՒկրաինայում արևմտյան բլոկի հրահրած ճգնաժամը «բազմաթիվ օրինակներ է տալիս, որ ԱՄՆ- ը, Մեծ Բրիտանիան և նրանց դաշնակիցները պատրաստ են գնալ ամենաստոր սադրանքների՝ հանուն այն բանի, որ փոխեն իրադարձությունների ընթացքն իրենց օգտին»։
«Հիշենք թեկուզ ուկրաինական զինված ուժերի կողմից խոցված մալազիական «Բոինգը» կամ Բուչայի նողկալի սադրանքը, որի համար փորձեցին մեղադրել Ռուսաստանին,- ասել է ԱՀԾ ղեկավարը։- Հիշենք նաև 2022 թվականի ապրիլը, երբ հրթիռային հարված հասցվեց Կրամատորսկի երկաթուղային կայարանին, և Արևմուտքը դրանում վայրկենապես մեղադրեց Ռուսաստանին, թեև շատ արագ պարզ դարձավ, որ այդ հրթիռը պատկանում է ՈՒկրաինայի զինված ուժերին։ Ես էլ չեմ խոսում Արևմուտքի կողմից ուկրաինական զինված կազմավորումներին մշտական աջակցության և հրահրման, Զապորոժիեի ատոմակայանի հրետակոծությունների մասին»։
Ավելի վաղ, 2023 թ. դեկտեմբերին Մինսկում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ Նարիշկինն ասել էր, որ հավաքական Արևմուտքը, կորցնելով իր հեգեմոնիան, ինչպես վիրավոր գազանը, կատաղության մեջ է՝ հարվածներ հասցնելով բոլոր ուղղություններով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստ են պատմության ձագարափոսի մեջ քաշել մնացած աշխարհը, եթե նրանց չկանգնեցնեն։
Բայց եթե Աստված չկանգնեցի, ո՞վ, ովքե՞ր կամ ո՞ր երկիրը և ինչպե՞ս կանգնեցնի…
ԱՀԾ տնօրենը «ՌԻԱ Նովոստի»- ին տված նույն հարցազրույցում պատմել է նաև Ռուսաստանում ատոմային էլեկտրակայանների դեմ ուկրաինական դիվերսիոն- հետախուզական խմբերի նախապատրաստման մասին: Նրա հավաստմամբ, Արևմուտքի հատուկ ծառայությունները, առաջին հերթին, բրիտանական M I6- ը պատրաստում են ուկրաինական դիվերսիոն- հետախուզական խմբեր՝ Ռուսաստանի ԱԷԿ- ներում սադրանքների համար:
«Ես կարող եմ օրինակներ բերել, երբ արևմտյան հատուկ ծառայությունները, առաջին հերթին, բրիտանական M I6-ը, իրականացնում են ուկրաինական դիվերսիոն- հետախուզական խմբերի նախապատրաստումը, որոնց պլանների մեջ մտնում են սադրանքները Ռուսաստանի Դաշնության ատոմակայաններում»,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ, ասել է Նարիշկինը:
2023 թ. հաղորդվել է Ռուսաստանում ուկրաինական դիվերսիոն- հետախուզական խմբերի վնասազերծման մասին, որոնց գործողություններն ուղղված են եղել որոշ ԱԷԿ-ների դեմ: 2023 թ. սեպտեմբերին Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է նման դիվերսիոն խմբերից մեկի ձերբակալված անդամների խոստովանության մասին, որ իրենց պատրաստել են բրիտանացի հրահանգիչների ղեկավարությամբ: Մոսկվայում հայտարարել են, որ Կիևի և նրա հետևում կանգնած Լոնդոնի պլանները՝ դիվերսիաներ իրականացնել ռուսական ԱԷԿ-ների դեմ, պետք է որակել որպես միջուկային ահաբեկչություն։
Բրիտանական M I6 հետախուզական ծառայությունը վաղուց է Ռուսաստանի դեմ դիվերսիաների պլաններ կազմում։ 2010- ական թվականներին Մեծ Բրիտանիայի ազգային արխիվը գաղտնազերծել էր փաստաթղթեր, որոնցից հետևում էր, որ 1948 թ. M I6-ի ղեկավարությունը լայնածավալ դիվերսիոն գործողություն էր ծրագրել Մոսկվայի դեմ։ Այն նախատեսում էր դիվերսիաներ իրականացնել ինչպես ԽՍՀՄ-ի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Հետախուզական ծառայության մտահղացումների մեջ, մասնավորապես, մտնում էր խորհրդային քաղաքներ պայթուցիկներով ծանրոցներ ուղարկելու գաղափարը՝ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար։ Ենթադրվում էր նաև դիվերսիաներ իրականացնել երկաթուղիներում և հրկիզումներ արդյունաբերական ձեռնարկություններում։
Այն ամենը, ինչ ասել է Նարիշկինը, կատարվածի առումով, իհարկե, ճիշտ է, իսկ մնացյալի մասով միանգամայն սպասելի, քանի որ անգլո- սաքսերի կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա սիամական երկվորյակի համար ռազմավարական նպատակ է Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելը: ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, սակայն, չի խոսել Ռուսաստանին սպառնացող գլխավոր վտանգի մասին, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Գալուզինի հավաստմամբ, ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատի» համար, ինչը հակասում է տարածաշրջանի ժողովուրդների շահերին։
«Վաշինգտոնում վաղուց չեն թաքցնում, որ Հարավային Կովկասը դիտարկում են որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար»,- ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր Գալուզինը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ