Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը
(սկիզբը՝ այստեղ)
Միջուկային մարտագլխիկներով «Կինժալներն» արդեն երկնքում են՝ պատրաստ ցանկացած պահի հարվածելու Միջերկրական ծովում ամերիկյան երկու ավիակրային խմբավորումներին, եթե նրանք փորձեն Իսրայելի կողմից մասնակցել Իրանի և Սիրիայի դեմ հնարավոր պատերազմին:
Այն վտանգը, որի մասին նշել ենք դեռ իսրայելա- պաղեստինյան պատերազմի բռնկման օրը հրապարակված «Իսրայելը բոցերի մեջ է, Մերձավոր Արևելքում այսօր վաղ առավոտվանից կատարյալ պատերազմ է սկսվել» հոդվածում , ավաղ, իրականության վերածվելու առումով գնալով ավելի սպառնալից է դառնում…
Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն առավել քան լարված է, տագնապալի ու պայթյունավտանգ՝ կապված ոչ միայն Արևմուտքի կողմից ՈՒկրաինայի միջոցով հատուկ ռազմական գործողության գոտում ու բուն ՌԴ տարածքում Ռուսաստանի դեմ ծավալվող պատերազմի հետ, այլև, առաջին հերթին և առավելապես, Մերձավոր Արևելքում օրեցօր սրվող իրավիճակի:
Պատահական չէր իսրայելա- պաղեստինյան հակամարտությունից դեռ 2 օր հետո՝ հոկտեմբերի 9- ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը՝ Կրեմլը մեծ տագնապով հետևում է Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կապված դրա ծավալման ռիսկի հետ: Մոսկվայի խորը մտահոգության մասին դեռ այն ժամանակ հայտարարել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով հանդիպել էր արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման համաձայն ՝ մերձավորարևելյան ճգնաժամի կարգավորումը հնարավոր է բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված «երկպետական» բանաձևի հիման վրա, որը նախատեսում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում
1967 թ. սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Ռուսաստանը ոչ միայն մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ, այլև իսրայելական և պաղեստինյան կողմերին քանիցս կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն Իսրայելը, ԱՄՆ- ի հովանավորությամբ, հետևողականորեն մերժել է Ռուսաստանի բոլոր կոչերը, խաղաղության հասնելու առաջարկները և նախաձեռնությունները:
Պաղեստինցիները փորձում են հասնել նրան, որ երկու երկրների միջև ապագա սահմաններն անցնեն այն գծերով, որոնք գոյություն ունեին մինչև 1967թ. վեցօրյա պատերազմը՝ տարածքների հնարավոր փոխանակմամբ: Պաղեստինը ցանկանում է իր պետությունը ստեղծել Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմը դարձնել մայրաքաղաք: Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967 թ. սահմաններին և բաժանել Երուսաղեմը:
Ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի, Մերձավորարևելյան խնդիրը ընդմիշտ վերացնել կարող է միայն լիարժեք պաղեստինյան պետության ստեղծումը, և թեև առայժմ հետապնդվում են ընթացիկ ռազմական նպատակներ, և քչերն են շահագրգռված, որ խնդրի նմանաբնույթ լուծումը հաջողություն ունենա, քչերն են ընդհանրապես դրանով հետաքրքրված, սակայն տարածաշրջանի համար ամենավատ այլընտրանքը կարող է դառնալ միջուկային զենքի կիրառմամբ հակամարտությունը:
Նշենք, որ բացի Պաղեստինյան ինքնավարությունից, Պաղեստինյան հիմնախնդրի արդարացի և արմատական լուծման դիրքերում են արաբական գրեթե ողջ կամ ողջ աշխարհը, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Լատինական Ամերիկայի որոշ պետություններ, նաև, անկեղծորեն կամ կեղծավորաբար, Թուրքիան:
«Խնդիրը մեկընդմիշտ վերացնելու միակ միջոցը լիարժեք պաղեստինյան պետության ստեղծումն է, 1947 թվականից ի վեր ընդունված բոլոր հիմնարար քաղաքական որոշումների իրականացումը,- «РИАНовости»– ի փոխանցմամբ, գրել է Մեդվեդևն «Известия»- ում երեկ հրապարակված հոդվածում:- ՈՒղղակի ասենք՝ հաջողության հույսը ուրվական է»:
Ընդ որում, դրա այլընտրանքը, ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի, էապես վատ է. «պատերազմ, որը կտևի ևս հարյուր տարի»:
«Կամ ավելի վատ վատագույնից՝ միջուկային զենքի կիրառմամբ տարածաշրջանային տերությունների կարճատև հակամարտություն՝ մեծ միջուկային տերությունների միջամտության հեռանկարով»,- հավելել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Ռուսաստանը Մեդվեդևի միջոցով սրանից պարզ էլ ինչ ասի և ինչպես ասի: Նախ նշենք, որ հաշվի առնելով ու վերլուծելով միանգամայն վճռականորեն տրամադրված բոլոր հակամարտ կողմերի ու նրանց հետևում կանգնած տերությունների և ուժերի դիրքորոշումները, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի նշած առաջին տարբերակը, այսինքն՝ հիմնախնդրի չլուծում և «պատերազմ, որը կտևի ևս հարյուր տարի», քիչ հավանական է թվում:
Ինչ վերաբերում է երկրորդ տարբերակի վերաբերյալ Մեդվեդևի գրածին՝ «միջուկային զենքի կիրառմամբ տարածաշրջանային տերությունների կարճատև հակամարտություն», ապա կասկածից դուրս է, որ նա նկատի ունի Իսրայելի կողմից հակամարտության մեջ Իրանին ներքաշելը կամ դրանում Իրանի ներգրավումը, միջուկային զենքի կիրառմամբ կարճատև պատերազմն Իսրայելի և Իրանի միջև, որին արդեն կմիջամտեն միջուկային մեծ տերությունները՝ Իսրայելի կողմից ԱՄՆ- ը, Իրանի կողմից Ռուսաստանը, հնարավոր է նաև՝ Չինաստանը:
Այսպես կարող է սկսվել միջուկային զենքի կիրառմամբ մոլորակը մոխրացնող Երրորդ և վերջին համաշխարհային պատերազմը, որում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից կարող են ընդգրկվել նաև միջուկային զենք ունեցող Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ընդհանրապես, ՆԱՏՕ- ն, ՆԱՏՕ- ի անդամ այլ պետություններ, որոնց մի մասին տարածքում իսկ մյուս կողմից՝ Հնդկաստանը և Պակիստանը:
Ինչպես անցած շաբաթավերջին տեղեկացրեց «Известия»- ն, ԱՄՆ ռազմածովային ուժերը հոկտեմբերի 14-ին հայտնել են, որ սկսվել է «USS Eisenhower» ատոմային ավիակրի գլխավորությամբ ամերիկյան երկրորդ ավիակիր հարվածային նավախմբի Միջերկրական ծովի շրջան նավարկումը: Հավելենք, որ այն արդեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում է:
Բացի վերոնշյալից, «The Washington Post»- ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պենտագոնը նախատեսում է Իսրայելի ափեր ուղարկել դեսանտային խումբ 4 հազար ծովային հետևակայինների կազմում և նավաստիներ երեք նավերով: Ավելի վաղ տեղեկացրել ենք արդեն, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հրամանով ամերիկյան «USS Gerald R. Ford» ատոմային ավիակրի գլխավորությամբ Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկվել ավիակիր հարվածային նավախումբը:
Գազայի հատվածում (հնարավոր է նույնիսկ՝ Պաղեստինյան ինքնավարության ողջ տարածքում) Իսրայելի ցամաքային ռազմագործողության մեկնարկից հետո, որը շատ մոտ է, կարելի է սպասել, որ Լիբանանի և Սիրիայի տարածքներից շիաական իրանամետ «Հըզբոլահ» զինյալ շարժման, ինչպես նաև դիմադրության շարժման մյուս խմբավորումները զանգվածային և հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ- ի հարվածից շատ ավելի հզոր հրթիռային և այլաբնույթ հարվածներ կհասցնեն Իսրայելին, ինչին կհաջորդեն Իսրայելի նույնաբնույթ պատասխան հարվածները ոչ միայն նշված խմբավորումներին, այլև Սիրիային, Լիբանանին, հնարավոր է նաև՝ Իրանին:
Միջերկրական ծովի արևելյան հատված ամերիկյան հարվածային երկու նավախմբեր ուղարկելու նպատակն էլ նույնն է՝ Իսրայել- Իրան հնարավոր պատերազմի դեպքում դրանք Իրանի դեմ գործադրելը, հնարավոր է նաև՝ Սիրիայի դեմ գործադրելը, եթե Սիրիային Իսրայելի հարվածներից հետո լայնածավալ պատերազմ բռնկվի Սիրիայի և Իսրայելի միջև:
Իսկ գիտե՞ք ինչ արեց Պուտինն այս իրավիճակում… Որպես ամերիկյան ավիակիր հարվածային նավախմբերի գլխին մահակ, Սև ծովի վրա գտնվող չեզոք գոտու օդային տարածքում արդեն պարեկում են «Кинжал» հիպերձայնային հրթիռային համալիրներով (https://www.youtube.com/watch?v=uqfIZxu2urM&t=38s ) զինված МиГ-31 կործանիչները:
«Ահա նրանք (ԱՄՆ) վերցրին, Միջերկրական ծով ներքաշեցին երկու ավիացիոն խմբավորում։ ՈՒզում եմ ասել, որ դա սպառնալիք չէ… բայց իմ հանձնարարությամբ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մշտական հիմունքներով սկսում են պարեկել Սև ծովի վրայի օդային տարածքում։ Մեր МиГ-31 ինքնաթիռները զինված են «Кинжал» համալիրներով»,- երեկ Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այսպիսով, ՄիԳ-31-ը կհետևի Միջերկրական ծովում ամերիկյան ավիակիրներին, պարզաբանել է ռազմական փորձագետ, «Հայրենիքի զինանոց» ամսագրի խմբագիր Ալեքսեյ Լեոնկովը։
«Միջերկրական ծովի արևելյան մասի ջրային տարածքը գտնվում է մեր հիպերձայնային հրթիռների հասանելիության գոտում»,- հավելել է փորձագետը ։
«Кинжал» համալիրի հրթիռը մանևրում է հետագծի բոլոր հատվածներում, ինչը թույլ է տալիս նրան հաղթահարել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության գոյություն ունեցող բոլոր համակարգերը։ Հրթիռը կարող է ունենալ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկ: Կասկած չկա, որ Սև ծովի վրա չեզոք կամ միջազգային օդային տարածքում պարեկող МиГ-31 կործանիչները զինված են «Кинжал»-ի միջուկային մարտագլխիկ ունեցող հրթիռներով, ինչը շատ լավ հասկանում են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրանք քաջատեղյակ են նաև, որ այդպիսի յուրաքանչյուր հրթիռ ունակ է երաշխավորված կերպով և ամբողջությամբ վերացնել ցանկացած ավիակիր խմբավորում:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ