Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Մերձավոր Արևելքում իրադարձությունները կարող են զարգանալ մեր և աշխարհի համար վտանգավոր սցենարով

Մերձավոր Արևելքում իրադարձությունները կարող են զարգանալ մեր և աշխարհի համար վտանգավոր սցենարով
09.10.2023 | 14:15

Պաղեստինա- իսրայելական պատերազմը, կատաղի մարտերը Գազայի և հարակից հատվածներում (Իսրայելի հարավ) շարունակվում են, և իրադարձությունները, ցավոք, կարծես զարգանում են մեր և աշխարհի համար վտանգավոր սցենարով: Նկատի ունենք, նախ և առաջ, Իսրայելի հարվածները Լիբանանում գտնվող թիրախներին և պատերազմում Իրանին ներքաշելը:

Այս ամենին դեռ կանդրադառնանք, բայց նախ, որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի հոկտեմբերի 7- ի վաղ առավոտվանից սկսված մարտերի մասշտաբայնության, ինտենսիվության, պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման՝ վերջին տարիներին մեծացած ռազմական կարողությունների, ինչպես նաև նրա մարտիկների ոգու արիության, խիզախության մասին, ընդգծենք, որ ՀԱՄԱՍ- ին, որը պետություն չէ, այլ ընդամենը կազմակերպություն (հայտնի է նաև որպես շարժում), հաջողվել է աշխարհի հզոր բանակի համարումն ունեցող Իսրայելին պատճառել մարդկային լուրջ կորուստներ:

Ինչպես РБК- ն տեղեկացրեց այսօր (08.10.2023-irates.am) Մոսկվայի ժամանակով 14:55- ին, «Վերջին տվյալներով՝ Իսրայելում ռազմական գործողությունների զոհ է դարձել ավելի քան 600 մարդ, վիրավորվել է գրեթե 2 հազար մարդ, Գազայի հատվածում՝ ավելի քան 300 զոհ և մոտ 2 հազար տուժած» (այլ տեղեկությունների համաձայն՝ վիրավորների քանակը 2000-ը գերազանցում է): Այսինքն՝ մոտ մեկուկես օրվա ընթացքում ՀԱՄԱՍ- ն այն աշխարհ է ճանապարհել 900 իսրայելացու:

Ընդ որում, վերոնշյալ տեղեկությունները դեռ նախնական են և ոչ սպառիչ: Այս առումով նշենք, որ Գազայի հատվածի սահմանից ոչ հեռու գտնվող Իսրայելի Օֆակիմ քաղաքում «Nature Party» երաժշտական փառատոնի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների մուտք գործելուց հետո միայն այնտեղ շուրջ 300 դիակ է հայտնաբերվել, իսկ փառատոնի մասնակիցներից մոտ 600- ն անհետացած են, ՀԱՄԱՍ-ի մարտիկները նրանց պատանդ են վերցրել: Ժամեր առաջ ՑԱՀԱԼ-ի կայքում հրապարակված այն տեղեկությունը, թե ՀԱՄԱՍ-ի երեկվա հարձակման սկզբից ի վեր զոհված Իսրայելի զինծառայողների թիվը հասել է 57-ի, նույնպես, կարծում ենք, իրականությունը չի արտահայտում:

Համեմատության համար նշենք, որ ռուս- ուկրաինական հակամարտության գոտում ուկրաինական կողմի զոհերի թիվն օրական միջինը 600- 700- ի սահմաններում է: Իսրայելի բանակի զոհված զինծառայողների թվում կան նաև ավագ սպայական կազմի ներկայացուցիչներ՝ մայոր, փոխգնդապետ, գնդապետ:

Նույն աղբյուրի համաձայն՝ «Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հոկտեմբերի 8-ի առավոտյան հայտնել Է ՀԱՄԱՍ-ի մոտ 400 զինյալների ոչնչացման մասին, տասնյակ մարդիկ ձերբակալվել են»:

Երկու կողմերի վիրավորների թվում էլ կան ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ: Պաղեստինցի վիրավորների քանակը նույնպես 2000- ը գերազանցում է: Հոկտեմբերի 7-ի երեկոյան Թել Ավիվի շրջանում և Իսրայելի կենտրոնում ընդմիջումից հետո կրկին հնչել են օդային տագնապի ազդանշաններ: «Al Hadath» հեռուստաալիքը հաղորդել է, որ Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումները կրկին հրթիռներ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ (150 հրթիռ): Մինչ այդ, ՀԱՄԱՍ- ը հաղորդել էր, որ Իսրայելի տարածքի վրա արդեն 5 հազար հրթիռ է արձակել (այլ տեղեկությունների համաձայն՝ 5000 հրթիռ և արկ)։ Իսրայելը երեկ հաղորդում էր ՀԱՄԱՍ- ի կողմից 2200 հրթիռի արձակման մասին, իսկ այսօր առավոտյան արդեն՝ 3000:

Ինչպես նշել է ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆիտինը, Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ներկայիս էսկալացիայի մասշտաբները գերազանցում են նախորդներին, դա լայնամասշտաբ սրացում է:

Իսրայելը երեկվանից սկսել է պահեստազորայինների զորակոչը բանակ, երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կարգադրել է «հատուկ դրություն մտցնել թիկունքում» Գազայի հատվածից 80 կմ շառավղով, որը ներառում է նաև Թել Ավիվի տարածքն արվարձաններով: Երկրի հարավային և կենտրոնական շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել մոտ լինել ապաստարաններին և հետևել զինվորականների ցուցումներին: Մարտերի ընթացքում ՀԱՄԱՍ-ի ուժերը մասնակիորեն անցել են Իսրայելի տարածք, նրանք ներկա են երկրի հարավում: Թել Ավիվն այնտեղ բնակչության տարհանում Է հայտարարել։

Իսրայելի բանակն, իր հերթին, հայտնել է, որ վերսկսել է հարվածները Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ: Գազայում Իսրայելի բանակի գործողությունը ստացել է «Երկաթե թրեր» անվանումը։ Իսրայելի կառավարության որոշմամբ երկիրը պաշտոնապես անցել է պատերազմական վիճակի, երկրի ռազմա- քաղաքական կաբինետը (անվտանգության կաբինետ) երեկ քվեարկել է Իսրայելում պատերազմ հայտարարելու օգտին: Ի թիվս այլ միջոցառումների, բժիշկներին արգելել են արձակուրդ գնալ կամ արտերկիր մեկնել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ երկրի բանակը «օգտագործում է իր ողջ հզորությունը» ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու համար։ Անցած գիշեր նա հայտնել Է պաղեստինյան շարժման դեմ գործողության առաջին փուլի ավարտի և ուժերի մեծ մասի ոչնչացման մասին: Միաժամանակ Իսրայելը սկսել է «հարձակողական փուլը» Գազայի հատվածում, որը, նրա հավաստմամբ, «շարունակվելու է անվերապահորեն և առանց դադարի այնքան ժամանակ, քանի դեռ նպատակները չեն իրագործվել»: Նաթանյահուն նշել է, որ երկիրը երկար և հզոր արշավ կանցկացնի՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի գործողությունների:

«Բոլոր այն վայրերը, որտեղ գտնվում է ՀԱՄԱՍ- ը չարիքի այս քաղաքում, բոլոր այն վայրերը, որտեղ ՀԱՄԱՍ-ը թաքնվում և գործում է, մենք կվերածենք ավերակների»,- X (Twitter) սոցիալական ցանցում հրապարակված իր ուղերձում սպառնացել է Իսրայելի վարչապետը:

Նա Իսրայելի վրա հարձակումն աննախադեպ է անվանել և հավաստիացրել է, որ այն «այլևս չի կրկնվի»: Կառավարության ղեկավարը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը «դաժան և չար պատերազմ է սկսել՝ ուղղված խաղաղ բնակիչների դեմ», և հավելել՝ «Հաղթելու ենք, բայց գինը բարձր է լինելու»:

Իսրայելի պաշտպանության բանակը, իր հերթին, հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը շատ բարձր գին կվճարի»: Գազայի հատվածի հետ սահմանին կենտրոնացած է իսրայելական 4 դիվիզիա և 31 գումարտակ։ Գազայի հատվածում, ինչպես հայտնել են ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության հաշվետվությունում, շուրջ 20 000 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները և թաքնվել ապաստարաններում Իսրայելի բանակի հարվածների պատճառով:

Թեև Իսրայելը ՀԱՄԱՍ- ի դեմ կիրառում է կործանիչ- ռմբակոծիչներ, ուղղաթիռներ, ԱԹՍ- ներ, ծանր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, այնուհանդերձ, ինչպես նշել է «Times Israel»- ը, ՀԱՄԱՍ-ի հարձակումից գրեթե 30 ժամ անց ՑԱՀԱԼ-ի ուժերը շարունակում են Գազայի հատվածին սահմանակից շրջանների նկատմամբ վերահսկողությունըվերականգնելուփորձերը:

Ավելի վաղ այն մասին, որ ՀԱՄԱՍ- ի զինյալները շարունակում են մարտերը Իսրայելի հարավային շրջաններում՝ Օֆակիմում, Յադ Մորդեխայում, Քֆար Ազայում, Բեերիում, Յաթեդայում, Կիսուֆիմում և Սդերոտում, հաղորդել էր CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը: Իսրայելական բանակը նշված բնակավայրերից վերջինն արդեն ազատագրել է:

ՀԱՄԱՍ-ն իր «Ալ-Աքսայի փոթորիկ» ռազմագործողությունը բացատրել է պաղեստինյան տարածքների «օկուպացիայի հանցագործություններին» պատասխանով, իսկ Պաղեստինն իրավիճակի սրման պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա։ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Մոհամմեդ Դեյֆը Իսրայելի վրա հարձակումն անվանել է «մեծ հեղափոխության օր»: Նրա խոսքով՝ դա պատասխան էր Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի պղծմանը։

Թեմային անդրադարձել ենք նաև մեր երեկվա «Իսրայելը բոցերի մեջ է, Մերձավոր Արևելքում այսօր վաղ առավոտվանից կատարյալ պատերազմ է սկսվել» հրապարակմամբ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ