Հնարավոր է, որ մեր տարածաշրջանում ու մեր ճակատագրում որևէ բան փոխվի, եթե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ուկրաինական կոնֆլիկտը հասնի իր հետապնդած նպատակներին ու, ըստ այդմ էլ, կամաց- կամաց մոտենա իր ավարտին։
Եթե այս կոնֆլիկտը դիտարկենք որպես յուրատեսակ նախագիծ և փորձենք դրա վրա տարածել որևէ նախագիծ իրականացնելու տակտիկան ու ստրատեգիան, ապա կտեսնենք հետևյալ պատկերը։
Կամայական որևէ նախագիծ ունենում է նպատակներ ու դրանք իրականացնելու համար ֆինանսական, մարդկային ու այլ տեսակի ռեսուրսներ։
Կամայական նախագիծը իր ավարտին է մոտենում, երբ նրա նպատակները կամաց-կամաց դառնում են իրականություն և, դրան զուգահեռ, սպառվում են նախագծի համար նախատեսված ռեսուրսները։
Մյուս կողմից էլ, եթե այս կոնֆլիկտը դիտարկում ենք որպես ապագա ԱՄՆ-Չինաստան գլոբալ կոնֆլիկտի նախերգանք, ապա տեսնում ենք, որ այս ուղղությամբ ԱՄՆ-ը հասել է զգալի հաղթանակների, որոնցից ամենահիմնականը ցամաքային ճանապարհով դեպի Եվրոպա Չինաստանի հզորացմանը հասցված զգալի հարվածն է՝ Եվրոպան տնտեսապես ու քաղաքականապես թուլացած է, իսկ Ուկրաինան՝ ավերակված և այլն։
Մյուս կողմից էլ, Ռուսաստանն է այս կենֆլիկտի միջոցով հասել շատ մեծ հաջողությունների՝ մեծ արժեք ունեցող տարածքային նվաճումների, միջազգային կտրուկ աճած հեղինակության և այլ տեսքերով։
Կոնֆլիկտի ավարտի համար շատ կարևոր հանգամանքներ են նաև արևմտյան կողմի ռեսուրսների սպառումը մարդկանց դժգոհության ֆոնի վրա և ուկրաինական հակահարձակման կատաստրոֆիկ անհաջողությունը։
Մի խոսքով, կոնֆլիկտի ավարտի համար ստեղծվել է դասական իրավիճակ՝ ուժեղները համեմատաբար թույլերի հաշվին հասել են իրենց նպատակների թեկուզև ոչ լրիվ, բայց տվալ պայմաններում բավարար իրականացմանը, իսկ կոնֆլիկտ/նախագծի համար նախատեսված բազմապլան ռեսուրսները սպառվել են, կամ մոտ են դրան։
Հերթը դիվանագետներինն է, որոնք կարող են հասնել հերթական ժամանակավոր զինադադարի, քանի որ գլոբալ կոնֆլիկտը դեռ շատ հեռու է իրեն սպառելուց։
Պավել Բարսեղյան