Աշխարհում քանի՞ հայ կա, որ երբ ընտանիքի հետ նստում է ընթրիքի, հանկարծ մեղքի զգացումը խեղդում է իրեն, իր դատած հացը դառնում է լեղի, կուլ չի գնում, ու զավակներից աննկատ դուրս է գալիս ծխելու ու ծխելու: Բայց մեղքի օձն ավելի ամեհի է դառնում, որովհետև Արցախում ոչ միայն ուտելու, այլև ծխելու բան էլ չի մնացել:
Վստահ եմ՝ շատ կան այդպիսի հայեր:
Իսկ հայանուն նախիրը ներում չունի: Այս օրերին թափ հավաքող համերգ-խրախճանքները դիվային ուղեղի արտաթորանք են: Դրանք հրահանգողը լավ գիտի՝ ինչ է անում:
Շատ տասնամյակներ առաջ Սասունում օրհասական գոյամարտ էր, իսկ Մշո դաշտի որոշ գյուղեր օգնության չէին հասել: Ճիշտ է, զուռնա-դհոլ չէին զլել, փողոցներում սանձարձակ կերուխում չէին կազմակերպել, այլ սոսկումով հետևում էին Սասնո գոյամարտին: Բայց, միևնույն է, օգնության չէին հասել, ու այսօր սասունցիների արդեն վեց թե յոթերորդ սերունդը հիշում է դա: Այդ դառը հիշողությունը նախնիներից է փոխանցվել:
Այսօրվա զանգվածային խրախճանքներն հրահանգողը թշնամանքի մեծամեծ ականներ է դնում վաղվա սերունդների տակ:
Մեկ է, Արցախն ինչ-որ հնարով հաղթահարելու է այս փորձությունը, բայց թրաշաբարոյի հրահրած լեղին ու դառնությունը սերնդեսերունդ կձգվի:
«Հասարակական պարսավանք» ասվածը վաղուց անէացել է: Փողոցներում բացված սեղանների մոտ կուշտուկուռ ուտողների երեսին էլ ոչ ոք չի թքելու:
ՈՒ պոետի մարգարեությունն էլ փուչ դուրս եկավ:
Ոգու սով չի լինելու, ու ոչ ոք չի քաղցելու ճոխ սեղանների մոտ:
Չի քաղցելու, որովհետև նախիրի ոգին սեղաններին փռված քաբաբի մեջ է:
Քաբաբով ներշնչվող ու քաբաբով ոգևորվող սերունդ:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ