Դեկտեմբերի 10-ից Ռուսաստանը պաշտոնապես դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը, որը վարձակալում էր 2002 թվականից: Ըստ տեղեկությունների` Մոսկվան Գաբալայի վարձակալության համար տարեկան 7 միլիոն դոլար էր վճարում Ադրբեջանին, պայմանագրի ժամկետի ավարտից հետո Բաքուն 300 միլիոն դոլար է պահանջել, ինչին Մոսկվան չի համաձայնել: Մոսկվան առաջարկում էր կայանի շահագործումը մինչև 2025 թվականը` նույն գնով, Բաքուն սկզբում պահանջել է 15 միլիոն դոլար, ապա` 150 միլիոն, իսկ «Կոմերսանտ» թերթը հրապարակել է 300 միլիոն դոլար գումարը: Սեպտեմբերի 4-ին ռուսական օդուժի ղեկավար, գեներալ-գմդապետ Օլեգ Օստապենկոն հայտարարել էր, որ 2013-ի առաջին եռամսյակում կգործարկվի «Վորոնեժ» ռադիոլոկացիոն կայանը Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում, որը ծածկում է նաև Գաբալայի հսկողության տարածքը:
Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին հայտարել է, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը ծրագրվում է վերածել գիտահետազոտական կենտրոնի. «Ադրբեջանի համապատասխան կառույցները, մասնագետները կհայտնեն իրենց կարծիքը և որոշում կընդունեն այդ հարցում»,-ասել է նա: Մուբարիզ Գուրբանլին չի բացառել նաև, որ կայանը կարող է շարունակել աշխատանքը որևէ այլ երկրի հետ համատեղ` դա կախված է կառավարության որոշումից: Նա գտնում է, որ ադրբեջանառուսական հարաբերություններում Գաբալայի պատճառով լարվածություն չի առաջանա. «Ռուսաստանը հաշվարկել է իր եկամուտները, ծախսերը և որոշում է ընդունել: Ադրբեջանական կողմը հարգանքով է վերաբերվում այդ որոշմանը: Այս հարցը ոչ մի դեպքում չի կարող և չի հանգեցնի Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման»: Մուբարիզ Գուրբանլին գտնում է նաև, որ Գաբալայից հեռացումը բացասական ազդեցություն չի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության և երկու երկրների ռազմական հարաբերությունների վրա: Նա գտնում է, որ Ռուսաստանն ինքն է ընդունել իր որոշումը, բացի այդ` երկու երկրների միջև տարբեր ոլորտներում լավ հարաբերություններ կան, այդ թվում` ռազմական ոլորտում: «Ռուսաստանն իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` հետայսու էլ իր ջանքերը գործի կդնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման համար»,-ասել է նա: