Տարին սկսվեց առցանց համերգներով, տեսագրությունների հեռարձակմամբ։ Երբ աշնան սկզբին թույլատրվեցին բացօթյա համերգները, երաժշտական շատ փառատոներ մեկնարկեցին սահմանամերձ շրջաններից։ «Jazz Fest»-ի ժամանակ ջազի հնչյունները տարածվում էին նաև սահմանից այն կողմ»,- մեզ հետ զրույցում ասաց թմբկահար ՀԱԿՈԲ ՕՐԴԱԿՅԱՆԸ, փորձելով պատասխանել մի շարք հարցերի՝ փոխվելու՞ են այսուհետ ջազի հնչյուններն ու ասելիքը, պատերազմն ի՞նչ հետք է թողել երաժշտական խմբերի վրա ու երաժիշտների։ Հակոբ Օրդակյանը աշխատում է Հայաստանի պետական ջազային նվագախումբում, համագործակցում նաև «Գոհար», «Շարակ» խմբերի, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ։ ՈՒշագրավ մի փաստ էլ արձանագրեցինք՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը հիմնադրվել է 1938 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նվագախումբը ելույթներ է ունեցել ռազմաճակատի ողջ երկայնքով։
-Չորս տարեկանից սկսել եք նվագել հարվածային գործիքներ։ Երաժշտական ուղին ու հենց հարվածային գործիքների ընտրությունը Ձե՞րն էր, թե՞ ծնողներն են դեր խաղացել։
-Հայրս ու հորեղբայրս երաժիշտ են, հայրս նվագել է հարվածային գործիքներ, հավանաբար գենետիկ գործոնն է դեր խաղացել։ Երկու տարի սովորել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի բաժնում, հետո հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ են հարվածային գործիքները, 11 տարեկանից ընտրեցի այդ ուղին ու զարգացրի։
-Ինչո՞վ է առանձնանում հարվածային գործիքը։ Պարզ սահմանմամբ՝ այդ գործիքից ձայն ստանալու համար պետք է դրանց հարվածել, և յուրաքանչյուր հարվածային գործիք ունի իր նվագելու ձևը։ Ի՞նչ կհավելեիք տեխնիկական կողմից զատ։
-Կարևոր է, որ կատարումը ներսիցդ բխի, որ կարողանաս այդ գործիքից դուրս եկող էներգետիկան փոխանցել։ Հակառակ դեպքում՝ նվագածդ ոչինչ չի ասի։
-Նաև ուղղորդո՞ղ նշանակություն ունի հարվածային գործիքը։
-Նվագախմբում դիրիժորից հետո առաջին պլանում հարվածայինն է, որովհետև նվագախումբը, մանավանդ ջազային նվագախումբը, առանց հարվածային գործիքի չի կարող ներկայանալ, հնչողությունը լիակատար չի լինի։ Բացի այդ, ջազային նվագախմբերի ստեղծման հիմքում եղել են հարվածային գործիքները, դրանց վրա կառուցվել է մնացածը։
-Համավարակ, պատերազմ... Ի՞նչ էր տեղի ունենում երաժիշտների կյանքում այս ողջ ընթացքում։
-Համավարակը երաժիշտներին հանգստանալու, վերապատրաստվելու, մտքերն ի մի բերելու հնարավորություն տվեց։ Ծնվեցին նոր գաղափարներ, նոր նախագծեր։ Սակայն այդ ամենը պետք էր ներկայացնել, և երաժիշտները սկսեցին հոգնել տանը մնալուց։ Սեպտեմբերից թույլատրվեցին բացօթյա համերգները, աստիճանաբար համերգասրահները բացում էին իրենց դռները։ Բայց հանկարծահաս պատերազմը նոր ընթացք թելադրեց։ Այլևս ոչ ոք չէր մտածում նվագելու մասին, երաժիշտներից շատերն էլ կամավորագրվեցին ու մեկնեցին առաջնագիծ։
-Jazz Fest -2020-ի մեկնարկը տրվեց Տավուշի սահմանամերձ Բերդ քաղաքում։ Սա զուգադիպությու՞ն էր, թե՞ որդեգրած քաղաքականություն։
-Քաղաքականություն։ Խորագիրն ամեն ինչ ասում է ՝«Թիկունքը՝ մշակույթ, անսահման ջազ սահմանում»։ Ջազը սահմաններ չի ճանաչում, ավելին՝ ամենատարբեր իմպրովիզացիաներով է դառնում ամբողջական։ Մենք նպատակ ունեինք ջազի հնչյունները հասցնելու հակառակորդին։ Մոտ վեց ժամ սահմանամերձ բնակավայրում հնչում էր ջազը՝ սահման չճանաչող իմպրովիզացիաներով, հայկական մոտիվներով։
-Ե՞րբ են վերսկսվելու ջազ-համերգները։
-Շատ դժվար է ասել, երաժիշտները չեն պատկերացնում այսքան կորուստներից հետո ինչպե՞ս է հնարավոր համերգով հանդես գալ։ Միաժամանակ հասկանում ենք, որ պետք է շարունակել ապրել, ստեղծագործել։ Ի վերջո, արվեստն է, որ ուժ է տալիս և իմաստավորում կյանքը։
-Պատերազմն արտացոլվելու՞ է ստեղծվելիք ջազ-գործերում։
-Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը։ Պատերազմ ես ապրել, թե խաղաղ կյանք, դա միանշանակ արտացոլվելու է ստեղծվելիք երաժշտության մեջ։
-Ինչպիսի՞ն է հայ հանրության վերաբերմունքը ջազին։
-Մարդիկ սկսել են գնահատել ոչ միայն ջազը, առհասարակ, մաքուր, արժեքավոր երաժշտությունը։ Կարելի է միայն ուրախ լինել այս փաստից։
-Դրսի հանդիսատեսին ի՞նչն է հետաքրքրում հայաստանյան ջազ-նվագախմբին ունկնդրելիս։
-Նվագախումբը սկզբում միշտ ներկայացնում է ջազային ստանդարտներ, հետո արդեն հայկական ջազային ստեղծագործություններ՝ գրված նվագախմբի համար։ Նրանց հետաքրքիր է՝ հայկական ջազային նվագախումբը, որ հրաշալի կատարում է համաշխարհային ճանաչում ունեցող գործերը, ի՞նչ նորություններ կարող է հրամցնել։
-Միջազգային փառատոներում այլազգի երաժիշտների հետ հարաբերվելիս՝ քաղաքական հարցեր, քննարկումներ, գուցե նաև անհամաձայնություններ ծագու՞մ են։
-Երաժիշտներն ուրիշ ձևով են տրամադրված, մանավանդ, ջազային փառատոների ժամանակ։ Բոլորի նպատակը նոր ծանոթություններն են, նոր ընկերներ ու գործընկերներ ունենալը, նոր երաժշտական միջավայրում հանդես գալը, ինչու ոչ, նոր երաժշտական գործիքներին ծանոթանալը։ Ջազային փառատոների ժամանակ հիմնականում մեր նվագախմբում լինում են ժողովրդական գործիքներ (դուդուկ, զուռնա և այլն)՝ հայկական ջազային գույները ներկայացնելու համար։
-Ի՞նչ խնդիրներ ունեն երաժիշտներն առհասարակ։
-Գործին նվիրված, երաժշտական կյանքում մեծ ներդրում ունեցող երաժիշտները ունեն խնդիրներ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ճանաչելի ու գնահատված լինելու առումով։ Դա է ցավալին։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Թեև, ինչպես վերևում նշեցի, նկատվում են դրական փոփոխություններ այդ առումով։
-Ջազային երկացանկը համալրվու՞մ է ժամանակակից ջազ կոմպոզիտորների գործերով, ուշագրավ մեկնաբանություններով։
-Երկիր մոլորակում այսօր ժամ առ ժամ մեկը մյուսից լավ երաժիշտներ են ի հայտ գալիս, մեկը մյուսից լավ կատարողներ, որ բոլորին շատ հայտնի ստեղծագործություններն այնպես են մեկնաբանում՝ անկախ քեզնից ուզում ես լսել։ Ինչ վերաբերում է երկացանկի համալրմանը, իհարկե, թարմացվում են, համալրվում ջազային նոր ստեղծագործություններով։
-Ի՞նչ կասեք ձեր առաջիկա ծրագրերի մասին։
-Ծրագրեր դեռ չեն ուրվագծվում։ Նախ՝ համավարակը չի նահանջել։ Ամենակարևորը՝ թարմ են պատերազմի վերքերը, վիրավորները պետք է ապաքինվեն, գերիները վերադարձվեն, ի վերջո, դեռ պետք է հաղթահարենք մեր զոհերի կորուստը։ 2021-ի հունվարի կեսերից նոր միայն կսկսենք մտածել ստեղծագործական կյանքի մասին։ Համավարակի պատճառով շատ շրջագայություններ չեն կայացել, հետաձգվել է հրավիրյալ երաժիշտների ժամանումը մեր երկիր։ Բաց թողածը կփորձենք լրացնել նոր տարում։ Առցանց և տեսագրված համերգների պակաս չենք ունեցել այս տարի, բայց դրանք, իհարկե, չեն կարող փոխարինել կենդանի համերգներին։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ