Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Նիկոլի ոհմակը թափով «ռասկրուտկա» է անում ԱԺԲ- ին իբրև ընդդիմադիրների

Նիկոլի ոհմակը թափով «ռասկրուտկա» է անում ԱԺԲ- ին իբրև ընդդիմադիրների
02.05.2024 | 14:30

Հիմնական գաղափարը յուրային «ընդդիմադիրներով» փողոցը լցնելն է

«Կանչ» տելեգրամյան ալիքն օրերս հրապարակեց մի ուշագրավ ու կարևոր տեղեկատվություն հայադավի կողմից յուրային ընդդիմադիրների, այսինքն՝ կեղծ ընդդիմադիրների օգտագործման մարտավարության վերաբերյալ: Կարծում ենք, հարկ է մտապահել այս տեղեկատվությունը, և այն նկատի ունենալով, զգուշանալ կեղծ ընդդիմադիրներից, չմոլորվել ու չգնալ նրանց հետևից: Այս դեպքում վստահաբար կարելի է ասել, որ բոլոր ճանապարհները չէ, որ տանում են Հռոմ:
«Մեր տեղեկություններով ազգադավի իշխանությունը երկրում սկիզբ առնող բողոքի ալիքը կառավարելու մարտավարություն է մշակել,- գրել է «Կանչ»- ը:- Հիմնական գաղափարը յուրային «ընդդիմադիրներով» փողոցը լցնելն է: Այս թեմայի շուրջ ազգադավի թիմակիցներն արդեն հանդիպումներ են ունեցել տարբեր ուժերի, այդ թվում նաև ԱԺԲ ներկայացուցիչների հետ:
Ազգադավը խնդիր է դրել ընդդիմադիրներին մարզերում պահել, իսկ Երևանի բողոքները պատվիրակել ծռերին և այլ վստահելի «ընդդիմադիրների»:
Դրան զուգահեռ իշխանական քարոզչամեքենային հանձնարարվել է պառակտումներ մտցնել եկեղեցականների մեջ: Այս պահին հիմնական շեշտը դրվում է այն սուտ թեզի վրա, իբր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը իրականում ոչ թե սահմանների անվտանգության, այլ իր կաթողիկոս դառնալու խնդիր է լուծում»:
Վերը մեջբերվածը կարդալուց հետո հիշեցի դեռ 2019 թ.
սեպտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կամ պաշտոնապես որպես պատվավոր ներկայացուցիչ հանդես եկող Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը՝ քանի դեռ նախկին իշխանությունները փորձում են գլուխ բարձրացնել ու ռևանշի մասին երազել, մենք Նիկոլ Փաշինյանի թիկունքին ենք կանգնելու, և թույլ չենք տա նախկին իշխանություններին որևէ հաջողության հասնել։
«Հայաստանը կանգնած է ինքնիշխան պետության ձևավորման կարևոր փուլում, մասնավորապես՝ բարեփոխումների փուլում, որից երեք տասնամյակ շարունակ նախկին իշխանություններն ամեն կերպ խուսափել են,- նույն ասուլիսում ասել է Սեֆիլյանը:- Ցավոք, այս ծանր բեռը դրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսերին, բայց, բարեբախտաբար, նա միայնակ չէ»:
Դե, Նիկոլի և իր ոհմակի «բարեփոխումները» բոլոր հայերս տեսանք, ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, ապա երբ Սեֆիլյանը, նրա կուսակիցները և այլ «ընդդիմադիրներ» խոսում են Հայաստանի ինքնիշխանության ձևավորման կամ վերականգնման, ինքնիշխան դառնալու կարևորության և անհրաժեշտության մասին, պետք է հասկանալ, որ դրանով նկատի ունեն Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների խզումը և նույնիսկ մեր երկրի թշնամացումը և, միաժամանակ, Հայաստանն ԱՄՆ- ի, նրա գլխավորած հավաքական Արևմուտքի վասալի վերածելն ավելի մեծ չափով ու խորքային կերպով, քան այդ վիճակում է գտնվում Հայաստանն այժմ:
«Կրեմլում օրեցօր սպասում են Փաշինյանի վարկանիշի անկմանը՝ գործող իշխանությունը փոխելու նպատակով,- նույն ասուլիսում ասել է Սեֆիլյանը և հավելել.- Քանի Փաշինյանի վարկանիշը ընկած չէ, նրա մազին անգամ կպնել չեն կարող`ոչ Ռուսաստանը, ոչ ռևանշիստները: Կրեմլը ցանկանում է, որ այս իշխանությունը ձախողվի»:
Վերոնշյալ ասուլիսից 22 օր առաջ՝ սեպտեմբերի 5- ին, կառավարությունում Նիկոլը հանդիպել էր Ժիրայր Սեֆիլյանի և հիշյալ կուսակցության քաղաքական խորհրդի (քարտուղարության) անդամ Գարեգին Չուգասզյանի հետ, միասին քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական: «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը չի թաքցրել, որ իրենք Նիկոլի հետ պարբերաբար հանդիպելու ցանկություն են հայտնել:
Կարծում ենք, բավական հատկանշական և ինքնին շատ խոսուն փաստ է «ընդդիմադիր» Սեֆիլյանի նկատմամբ Նիկոլի իշխանության վերաբերմունքը. դեռ նախկին իշխանության օրոք, 2018 թ. մարտին 10,5 տարվա ազատազրկման դատապարտված Սեֆիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն իշխանափոխությունից հետո փոխվել է, և նա հունիսին ազատ է արձակվել: Այնուհետ Վերաքննիչ դատարանը նրա ազատազրկման ժամկետը կրճատել է 5,5 տարվա, իսկ 2019 թ. վերջին Վճռաբեկ դատարանը համաներման կիրառմամբ Սեֆիլյանի գործն ամբողջությամբ կարճել է, և նա դարձել է ազատ քաղաքացի: Նույն թվականին, երբ Սեֆիլյանի դատվածությունը դեռ չէր մարել, նա ստացել է իր համար այնքան բաղձալի Հայաստանի քաղաքացիություն, որին ձգտում էր վաղուցվանից, բայց նախկին իշխանությունների կողմից մերժվում էր:
Մեր ժողովուրդը սիրում է իր իրավունքների, շահերի համար մարտիրոսվածներին, նույնիսկ՝ վիրավորվածներին, ծեծվածներին, բանտարկվածներին, կալանավորվածներին, այս կամ այն կերպ տուժածներին: Այդպիսի «թուլություն» ունի…
Հիշում եք չէ՞, թե ինչպես Նիկոլի հեղինակությունը միանգամից աճեց 2018- ի գարնանը, երբ ոստիկանները, իրավապահները նրան բռնեցին ու հետո բաց թողեցին…
Աճեց նաև այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում Նիկոլն ելավ փշալարերի վրա, ձեռքի ափը միտումնավոր վնասեց, արյունոտեց, հետո ի տես հանրության ցուցադրեց կամ ցուցադրեցին ժողովրդի համար արյուն տված Նիկոլի «բնտավատ» արած ձեռքը: Այսպես բեմադրվեց քաղաքական թատրոնը միամիտ ժողովրդի համար:
Հիմա հերթը «Սասնա ծռեր», «Ազգային ժողովրդավարական բևեռ» (ԱԺԲ) կոչվածներինն է: Նրանք մտել են ակտիվ ընդդիմադրի դերի մեջ, իսկ նրանց հետ միասին քաղաքական տրագիկոմեդիայի համահեղինակները Նիկոլը և իր իշխանությունն են: Երևանում ապրիլի 24- ի երեկոյան Ազատության հրապարակից ԱԺԲ- ի կազմակերպած երթի ժամանակ ոստիկանությունը երթի մասնակիցներից ոմանց նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել, 96 հոգու բերման ենթարկել, նրանց թվում՝ ԱԺԲ- ի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին, հետո, իհարկե, բոլորին ազատ են արձակել: Ազատության հրապարակում ԱԺԲ- ի հրավիրած հանրահավաքը եղել է Նիկոլի հեռացման կոչով, ինչն առնվազն ծիծաղելի է (Նիկոլն էլ լսեց, ճամպրուկները հավաքեց ու գնաց…):
Երեկ էլ Երևանում Նիկոլի հրաժարականի և Տավուշում անցկացվող սահմանազատումը դադարեցնելու պահանջով անցկացված բողոքի միջոցառման ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, ԱԺԲ- ի տասնյակ անդամների և աջակիցների, ընդհանուր առմամբ, 64 հոգու, հետո դարձյալ ազատ արձակել… Երբ հայտնի ընդդիմադիր ուժերը հրապարակներում ու փողոցներում չեն, նրանց տեղը զբաղեցրել է կեղծ ընդդիմությունը, որին հասարակության գիտակցության մեջ իբրև իրական և արմատական ընդդիմություն ամրագրելու գործընթացն այժմ թափով շարունակվում է:
Գոյություն ունի մի յուրօրինակ «լակմուսի թուղթ»՝ կեղծ ընդդիմությանը հայտնաբերելու, բացահայտելու, իրականից տարբերելու համար: ՈՒշադրություն դարձրեք տվյալ կուսակցության կամ քաղաքացիական նախաձեռնության աշխարհաքաղաքական կողմնորոշմանը: Եթե նրանք նախկինում կամ հիմա հանդես են եկել կամ հանդես են գալիս Ռուսաստանի կամ, թեկուզ, ՀԱՊԿ- ի դեմ և արևմտամետներ են, կողմնորոշված են դեպի Նիկոլին իշխանության բերած Արևմուտք, ապա իմացեք, որ գործ ունեք կեղծ ընդդիմության հետ:
ՈՒշադրություն դարձրեք նաև այլ կողմնորոշիչների՝ տվյալ կուսակցությունը, նախաձեռնությունը կամ, եթե նորաստեղծ է, ապա նրա ղեկավար կազմի անդամները նախկինում պայքարե՞լ են, երբ Հայաստանում հանրությանը պարտադրվում էին սոցիալական քարտերը, ընդունվում էին գենդերի օրենքը, ընտանեկան բռնության մասին օրենքը, երբ ասպարեզում էր հաց հանապազօրյան ֆոլաթթվով ու ցինկով «հարստացնելու» և առողջության համար վտանգավոր դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը, երբ Նիկոլը և իր ոհմակը փորձում էր վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան ու վավերացրեց Լանզարոտի կոնվենցիան, երբ ուզուրպացնում էր Հայաստանի դատական իշխանությունը, երբ բնակչությանը պարտադրվում էին կորոնավիրուսի դեմ վտանգավոր, անարդյունավետ ու խայտառակ պատվաստումները: Այս թվարկումը դեռ էլի կարելի է շարունակել, մասնավորապես, Արցախի մասով…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ