Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Իսկական հայկական հայրենասիրությունը ամենից առաջ տարածքային զգացողություն է

Իսկական հայկական հայրենասիրությունը ամենից առաջ տարածքային զգացողություն է
01.11.2023 | 06:54

Փաշինյանն արդեն որերորդ անգամ փորձում է մեզ համոզել, որ Հայոց հայրենիքը սահմանափակվում է ներկա ՀՀ-ի 29.800 քառ. մետր տարածքով։ Երեկ էլ կրկնեց այն օտարածին կեղծ թեզը, թե իբր հայրենիքն ընդամենն այն պետությունն է, որի քաղաքացին ես։

Ես էլ կվերահրապարակեմ այդ առումով իմ նախկինում արած ընդարձակ մեկնաբանությունը (11.01.2023):

Ի՞նչ բան է հայկական հայրենասիրությունը

Փաշինյանը երեկ ճամարտակում էր հայկական հայրենասիրության ավանդական պատկերացումներից հրաժարվելու «անհրաժեշտության» մասին. «Մենք պետք է մի բան հասկանանք, որ հայրենասիրության մեր մոդելը սովետական մոդել է, որն իր խորքում լուրջ հակասություն ունի Հայաստանի պետության և պետականության հետ» (https://168.am/2023/01/10/1817209.html

Ասածն այն է, որ հայը պետք է այլևս հայ չլինի և այսուհետև Արցախը, Նախիջևանը, Կարսը, Անին, Վանն ու Մուշը չընկալի որպես հայոց հայրենիք։ Ըստ այս օտարի դրածոյի, հայ մարդը պետք է իր հայրենիքը տեսնի միայն նախկին ՀՍՍՀ 29,800 ք/կմ-անոց տարածքում, քանի որ այդպես են պահանջում թուրքերն ու «միջազգային համայնքը»։ Ընդ որում, նրա ասածը նորություն չէ։ 2008 թ. ճիշտ նույն բանն էր քարոզում նորանշանակ (հետագայում՝ ՀՀԿ-ական) վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մտավորականների հետ իր մի քանի հանդիպումների ժամանակ, մասնավորապես՝ 2008թ. հունիսի 28-ին ՀՀ կառավարության շենքի գլխավոր դահլիճում 50-60 մտավորականների առջև ելույթ ունենալիս (որին էլ հենց տեղում կոշտ ու բավականին հանգամանալից պատասխան տվեցի՝ վաստակելով այս ապազգային գործչի և նրա արբանյակների սուր անբարյացակամությունը)։

Ըստ էության, թուրքական-գլոբալիստական այսպիսի պահանջը հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում՝ եթե հաջողվի հային ապամշակութացնել և վերածել ազգային հիշողությունից զուրկ էակի՝ մանկուրտի։ Սա նշանակում է, որ հայը և նրա զավակներն այլևս չպետք է, օրինակ, կարդան հայկական էպոսը, որովհետև այնտեղ ինչ-որ օտար Սասուն երկրամասի պատմությունն է շարադրված։

Հայը և նրա զավակները չպետք է այլևս սովորեն հայոց պատմություն, որովհետև այն նախատեսում է նաև պատմական աշխարհագրության իմացություն, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի և հայոց թագավորությունների սահմանների մասին գիտելիք։

Հայը և նրա զավակներն այլևս չպետք է լսեն հայկական ռազմահայրենասիրական երգեր և օպերաներ, որովհետև այնտեղ հիշատակվում են ՀՍՍՀ 29,800 ք/կմ-անոց տարածքից դուրս գտնվող ինչ-որ վայրեր։

Հայը և նրա զավակներն այլևս չպետք է ճանաչեն Հայկական բանակների տված հազարավոր ճակատամարտերի վայրերն ու դրանց անունները, որովհետև նրանք հանկարծ կարող է մտածեն, որ իրենց հայրենիքն իրենցից ցեղասպանության միջոցով խլվել է։

Կարճ ասած՝ ՀԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՅԱԶԵՐԾԵԼ և դարձնել մի խեղճ ու կրակ անհայրենիք էակ, որը ո՛չ պատմական հիշողություն ունի, ո՛չ էլ, բնականաբար, իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու որևէ ցանկություն։ Սա՛ է թուրքերի և «միջազգային համայնքի» ուզածը։

Բայց որքան էլ մանկուրտների թվաքանակն այժմ կտրուկ ավելացել է, հատկապես իշխանական լծակներին ու կերակրատաշտին մոտ գտնվողների միջավայրում, այդուամենայնիվ, հային հայազերծելու նպատակը, ըստ իս, սկզբունքորեն անիրագործելի է։ Հետևաբար, մնում է երկրորդ տարբերակը՝ հայերի ֆիզիկական բնաջնջումն ու հայրենազրկումը, որն էլ քայլ առ քայլ սկսել է իրագործվել 2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր։ Մենք այժմ ապրում ենք Հայոց ցեղասպանության հերթական փուլում։

Ինչ վերաբերում է իրական հայկական հայրենասիրությանը, ապա ժամանակին ես այն այսպես եմ բնորոշել.

«Հայկական հայրենասիրությունը քաղաքականորեն իրապաշտ նվիրվածության զգացում է հայոց ազգի և որոշակի տարածքի` Հայաստանի նկատմամբ ժամանակային երեք չափումներում` նրա պատմական, ներկա և ենթադրվող ապագա սահմաններում (առաջին և երրորդ չափումներում սահմաններն այդ համընկնում են Հայկական լեռնաշխարհին): Իսկական հայկական հայրենասիրությունը ամենից առաջ տարածքային զգացողություն է»:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2358

Մեկնաբանություններ