Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները հայտնել են, թե ում են համարում Արցախյան երկրորդ պատերազմում պարտության մեղավոր: Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցման մասնակիցներին առաջարկվել է նշել առավելագույնը 2 տարբերակ: «Նախկին իշխանությունները» տարբերակն է նշել 32 տոկոսը, «Նիկոլ Փաշինյանը» և «Ներկայիս կառավարությունը» նշել է 28.8 տոկոսը, «Թուրքիան և նրա ռազմական աջակցությունն Ադրբեջանին» տարբերակն է նշել 16.1 տոկոսը, «Հայաստանը և Արցախը չեն պարտվել» նշել է 10.2 տոկոսը, «ՀՀ զինված ուժերի և Ղարաբաղի պաշտպանության բանակի առանձին սպաները»՝ 4.4 տոկոս, այլ պատասխաններ եղել են մոտ 19.2 տոկոս: Այս հարցին դժվարացել է պատասխանել 7.7 տոկոսը»,-ասաց Նավասարդյանը:
Քաղաքացիներին նաև հարցրել են, թե լսել կամ դիտել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ծավալուն հարցազրույցները, որոնցում մեկնաբանել են քաղաքական զարգացումները և Արցախյան պատերազմի արդյունքները: Նավասարդյանը նշեց. «Մեր նախատեսածից մի փոքր շեղում եղավ, մենք կարծում էինք, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը երկուշաբթի օրը լինելու և ավարտվելու է, սակայն երկու մասով տեղադրվեց: Այդ առումով մի փոքր շեղում կարող է լինել ցուցանիշի մասով: Բայց ներկայացնում ենք այն, ինչ ստացել ենք»: Հարցվածների 26 տոկոսն է նշել, որ դիտել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը, իսկ Ռոբերտ Քոչարյանինը դիտել է 35.1 տոկոսը: Նաև հարց է տրվել, թե ինչպես են գնահատում այդ հարցազրույցները: Սերժ Սարգսյանի հարցազրույցը դիտածների 15.9 տոկոսը լիովին դրական է վերաբերվում, ավելի շուտ դրական է վերաբերում 22.6 տոկոսը: «Ավելի շուտ բացասական» տարբերակը նշել է 15.4 տոկոսը, իսկ 40 տոկոսը նշել է, որ լիովին բացասական է վերաբերվում: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առնչությամբ՝ դիտածների 24.2 տոկոսը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում, 22.4 տոկոսը՝ ավելի շուտ դրական, «ավելի շուտ բացասական» տարբերակը նշել է 11 տոկոսը և 36.3 տոկոսը նշել է՝ «ընդհանրապես բացասական»:
Փետրվարի 20-ին ժամը 15:00-ին ընդդիմությունը հայտարարել է մեծ հանրահավաք: Ընդհանուր հարցված քաղաքացիների 9.4 տոկոսն է նշել, որ մասնակցելու է:
Հարցումն անցկացվել է 2021-ի փետրվարի 15-17-ը: