Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական զավեշտալի «փաստն» է հրապարակել, իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, և ասվածը հիմնավորելու համար թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել: Նկարից երևում է, որ դատարկ խողովակ հիշեցնող մետաղական առարկան, ամենայն հավանականությամբ, խնամքով տեղադրվել է բարեկարգ ասֆալտի վրա եղած անցքում:
Հաջիևի հրապարակմանը ՄԻՊ Արման Թաթոյանը արձագանքել է ֆեյսբուքում. «Ինչպիսի քաղաքակիրթ պահվածք «հայկական» հրթիռի կողմից: Այն այնքա՜ն նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Ահա այսպիսի ակնհայտ կեղծիք, ծիծաղելի է»: Թաթոյանը՝ հավելել է, որ յուրաքանչյուրը կարող է Արցախի և Հայաստանի մի շարք բնակավայրերում տեսնել Ադրբեջանի հարձակումների և արձակած կասետային հրիթռների պատճառած կորուստներն ու ավերածությունները: