Մի հարցապնդման, թե մի սինդրոմի պատմություն
26.06.2020 | 00:14
Երեկ արտահերթ նստաշրջանում ԱԺ-ն քննարկում էր Հաշվեքննիչ պալատի 2019-ի գործունեությունը, ի թիվս այլ կառույցների՝ ԿԲ-ի, ԿԸՀ-ի: Ի տարբերություն այլ օրերի՝ համարյա սովորական օր էր խորհրդարանում՝ չհաշված մի քանի ելույթներ: Եվ այդ մի քանիսից մեկը անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն էր՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության քննարկման ժամանակ: Չխորանալով անկախ պատգամավորի ելույթի դրդապատճառների մեջ` ակնհայտ է, որ իր պատասխան խոսքում Լևոն Յոլյանը բացահայտորեն սխալվում էր՝ խնդիրը տեսակի տարբերություն չէ, խնդիրը հոգեվիճակի տարբերություն է, սինդրոմ, որ կոչվում է՝ «Նստածն ուզում է նստացնել»: Բոլորին: Կարևոր չէ՝ ինչի համար: Ամեն ինչի, որ արել են ու չեն արել: Եվ այդ հոգեվիճակը ունի մեկ բացատրություն՝ ով էլ լինի, դիմացինը գող է, կաշառակեր է, աննամուս է, սրիկա ու պարտավոր է նստել, որովհետև երբ ինքը ժամանակին նստած էր, նա իր համար ապրում ու աշխատում էր: Ժանրի կանոններով՝ Արման Բաբաջանյանը հիշեց և ազգականներին ու, իհարկե, վարորդին, որ նույնպես գող է, ավազակ ու սրիկա: 2019-ին Հաշվեքննիչ պալատի գործունեության հաշվետվությունը նա որակեց անբովանդակ մի պարզ պատճառով՝ «Մենք չենք տեսնում որևէ ցնցող բացահայտում», և, ուրեմն, եթե չկա սկանդալ, պետական գումարները մսխվել են ու չեն բացահայտվել շուրջբոլորը վխտացող մյուս գողերը, կաշառակերներն ու սրիկաները: Սա մտագարություն է, որ դառնում է հասարակության համար ռեալ սպառնալիք, որովհետև սկզբունքը ոչ թե անմեղության, այլ ի սկզբանե մեղավորության կանխավարկածով գնահատականներ տալն է: Պատահական չէ, որ ԿԸՀ նախագահից էլ Արման Բաբաջանյանը պահանջում էր, որ հայտարարի՝ ԿԸՀ-ն տասնամյակներով եղել է ընտրակեղծիքների հիմնական վայրը՝ կեղծել ենք, ու էլի կեղծելու ենք: ՈՒ հաստատ շատ դժգոհ էր, որ Մուկուչյանից չլսեց հենց այդ պատասխանը: Ի տարբերություն նրա՝ «Իմ քայլի» պատգամավորներին հետաքրքրում էին շատ ավելի կարևոր հարցեր: Ինչպես Լևոն Յոլյանի դեպքում: Արման Բաբաջանյանն այնքան է տարված բացահայտումի, մերկացումի ու դատապարտումի իր մոլուցքով, որ մի փոքրիկ իշխանություն ունենար, ՀՀ բնակչության կեսի համար կկառուցեր նոր բանտեր ու ցմահ կազատազրկեր, որովհետև ապրել, աշխատել են մինչև 2018-ի Հայաստանում ու չեն ապաշխարել անցյալ դարում ծնված լինելու համար: Մինչդեռ ինքը՝ Արման Բաբաջանյանը ևս, Ահեղ դատաստանի առաջ սուրբ չէ ու հաստատ Տիրոջ աջ կողմում չի հայտնվելու:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ