Իշխանությունն օր օրի ավելի է կատարելագործում ու մշակում «գործ տալու» օրենսդրությունը: Կարծես քիչ էր նախագիծը, որով օրինազանց վարորդների խախտումները կարող են արձանագրվել շարքային մեկ այլ քաղաքացու կողմից, վարչապետի մակարդակով այժմ էլ խոսվում է մեքենայում դիմակ չկրող մարդկանց տուգանելու հնարավորության մասին: Կառավարության երեկվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ ֆիքսելու ավտոմեքենաներում առանց դիմակի գտնվող քաղաքացիներին, ինչը կարող է վերջիններիս տուգանելու համար հիմք հանդիսանալ: Չնայած կառավարության մյուս անդամների զգուշացմանը, թե այստեղ անձնական տվյալներ հրապարակելու խնդիր կարող է լինել, այնուամենայնիվ, Փաշինյանը հրահանգել է մտածել ու քայլեր ձեռնարկել իր ասածի շուրջ: Կառավարությունը, թաքցնելու համար համավարակի դեմ պայքարի ապիկարությունը, դիմակ կրելու մասին նախարարի իրարամերժ հայտարարությունները, հերթական անգամ հույսը մարդկանց քաղաքացիական բարձր գիտակցության ու պատասխանատվության վրա է դնում: Իսկ բարձր գիտակցությունը, ըստ նորօրյա տերմինաբանական բառարանի, դիմացինին գաղտագողի լուսանկարելը կամ տեսանկարահանելն ու «ավարը» իրավապահ մարմիններին ուղարկելն է: Հուսով եմ՝ ՀՀ իրապես արժանապատիվ քաղաքացիները բարձր իրավագիտակցություն կցուցաբերեն, կմերժեն բոլոր ժամանակների համար արատավոր այս երևույթն ու իրավապահներին կթողնեն մարդկանց պատասխանատվության կանչելու բուն գործընթացը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ