Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը ուրբաթ վերսկսել է աշխատանքները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդմիջումից հետո՝ օրակարգում ներառելով օրինագիծ «Հոնկոնգի իրավական համակարգի և իրավակիրառ մեխանիզմի կատարելագործման մասին», որով պատասխանատվություն է նախատեսվում «ընդվզումի, անջատականության և դավաճանության» համար:
Հոնկոնգի Սահմանադրությունը՝ 1997-ին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից Չինաստանին փոխանցելու ժամանակ ընդունված Հիմնական օրենքի համարժեք, Պեկինին նման հնարավորություն տալիս է, սակայն մինչև հիմա Չինաստանի իշխանությունները ձեռնպահ էին մնում: Հոնկոնգի ժողովրդավարական արժեքների կողմնակիցները այդ քայլը համարում են Չինաստանի կոմունիստական ղեկավարության հերթական փորձը՝ համահարթելու և չեզոքացնելու տեղական ազատությունները:
2003-ին Հոնկոնգի օրենսդիր խորհրդում «ընդվզումի վերաբերյալ» օրենքի անցկացման փորձը ձախողվեց զանգվածային բողոքների պատճառով, որոնց մասնակցեց կես միլիոն մարդ: Անցյալ տարի միլիոնավոր մասնակիցներով ցույցերը վերաճեցին ոստիկանության հետ բախումների և տևեցին 7 ամիս: Պատրվակը արտահանձնման օրինագիծն էր, որ թույլ էր տալիս մայրցամաքին հանձնել չինական օրենքների խախտման մեջ կասկածվող անձանց: Իվերջո, Պեկինի իշխանության նկատմամն լոյալ քաղաքային իշխանությունը օրինագծից հրաժարվեց: Երկուշաբթի Հոնկոնգի օրենսդիր խորհրդում ծեծկռտուք եղավ Չինաստանի հիմնի նկատմամբ հարգանք չդրսևորելու համար պատիժ սահամանելու, ինչպես ամբողջ Չինաստանում է, օրինագծի քննարկման ժամանակ: Մայրցամաքի անանուն աղբյուրը Հոնկոնգի անգլիալեզու South China Morning Post թերթին ասել է, որ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը ստիպված էր նախաձեռնությունը ստանձնել, որովհետև Հոնկոնգի օրենսդիր խորհուրդն ի վիճակի չէր անվտանգության մասին օրենքն ընդունել: Հիմա ՉԺՀ կենտրոնական իշխանությունները ցանկանում են դա անել Հոնկոնգի Հիմնական օրենքի 3-րդ լրացման փոփոխությամբ, որտեղ թվարկվում են համազգային օրենքները, որ պարտադիր են Հոնկոնգում կատարման համար: Չինաստանի խորհրդարանի մամլո քարտուղարը հինգշաբթի հայտարարել է, որ նախաձեռնությունը ուղղված է «Մեկ երկիր-երկու համակարգ» սկզբունքի հետագա կատարելագործման համար: Նրա խոսքով՝ «ազգային անվտանգությունը կայունության անկյունաքարն է, և ապահովումը ծառայում է բոլոր չինացիների շահերին՝ ներառյալ մեր հոնկոնգցի համերկրացիների»:
Հոնկոնգի բրիտանացի վերջին նահանգապետ Քրիս Պատենը նախաձեռնությունն անվանել է «ճակատային գրոհ քաղաքի ինքնավարության վրա»: Հոնկոնգի դոլարի կուրսը հինգշաբթի կտրուկ ընկել է ընդվզումների սպասումից, որ եղան անցյալ տարի: Դիտորդների մեծ մասը բողոքների հավանականությունը շատ բարձր է համարում: Սեպտեմբերին Հոնկոնգի օրենսդիր խորհրդի ընտրություններ են: Եթե ժողովրդավարական ուժերը կրկնեն անցյալ տարվա իրենց հաջողությունը իշխանության շրջանային մարմիններում, կկարողանան արգելափակել չինամետ վարչակազմի օրինագծերը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ եթե Պեկինն իրոք Հոնկոնգի պետական անվտանգության մասին օրենսդրություն ընդունի, Վաշինգտոնը կոշտ կարձագանքի: ԱՄՆ-ում հիմա վճռում են՝ երկարաձգել, թե ոչ Հոնկոնգի համար առանձնահատուկ առավելությունների ռեժիմը առևտրի և ներդրումների ոլորտում:
Մինչև 1997-ը 150 տարի Հոնկոնգը բրիտանական գաղութ էր: Չինաստանի «ինքնիշխանության իրականացման վերականգնման» համաձայնագրով քաղաքը ստացավ «ինքնավարության բարձր աստիճան՝ բացառությամբ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության հարցերի»: Հատուկ կարգավիճակը պետք է գործի 50 տարի, իմա՝ մինչև 2047-ը: Հոնկոնգցիները մինչև հիմա ունեն անձնական ազատություններ, որ անպատկերացնելի են մայրցամաքային Չինաստանում, Հոնկոնգում հիմնականում պահպանվում է խոսքի ու հավաքների ազատությունը, չկա պետական գրաքննություն ինտերնետում ու ԶԼՄ-ներում, դատավորներն անկախ են կառավարությունից: Դա Չինաստանի միակ մասն է, որտեղ ամեն տարի հրապարակավ հարգում են 1989-ին Պեկինի Տյանանմին հրապարակում զանգվածային ցույցերի ճնշման ժամանակ զոհերի հիշատակը, մայրցամաքային Չինաստանում այդ իրադարձությունների նույնիսկ քողարկված հիշեցումը ինտերնետում անհապաղ հեռացնում են գրաքննիչները: Պեկինն ունի Հոնկոնգի քաղաքական իրավուքի փոփոխությունների վետոյի իրավունք և ժամանակ առ ժամանակ այդ իրավունքից օգտվում է, օրինակ, հրաժարվում է Հոնկոնգում վարչակազմի ղեկավարի ուղիղ ընտրություններ թույլ տալ:
BBC
Հ.Գ. Փաստացի՝ տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման իրավունքի դասական բախման օրինակ է՝ մի վերապահումով՝ բոլորը չինացի են: Բայց Հոնկոնգը Չինաստանի «արևմուտքն» է՝ տարածք, որտեղ կան ազատություններ ու իրավունքներ, որ չկան Չինաստանում, ուստի բնական է Պեկինի ձգտումը համահարթել համակարգերը և նույն օրենքներն ու կառավարումը հաստատել Հոնկոնգում, բայց նույնքան էլ բնական է Հոնկոնգի դիմադրությունը՝ չկորցնել ազատությունները՝ հակառակ Չինաստանի նշանակած ղեկավարության օրենքների: Այս դիմակայությունը եղել է 1997-ից, և փաստացի՝ Չինաստանի ևս մեկ աքիլեսյան գարշապարն է Արևմուտքի հետ հարաբերություններում: Բնական է, որ Թրամփը կշտապի օգտվել Պեկինին ևս մեկ ուղղությամբ հարվածելու հնարավորությունից: Այս դեպքում՝ իրավացի, հիմա դեռ 2020-ն է և մինչև 2047-ը, 27 տարի կա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ