Կոռուպցիան ամբողջովին տեղափոխել են իշխանության վերին՝ հասարակության կողմից չնկատվող և չվերահսկվող ատյաններ
06.12.2019 | 00:24
Վաղուց գաղտնիք չէ, որ հայաստանյան գործող վարչախմբի և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեպերտուարի առանցքում, այսպես կոչված, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի թեման է: Անցած ամիսների ընթացքում տարբեր ամբիոններից անգամ վարչապետի մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան այլևս անցյալում է: Հատկանշական է, որ գործող իշխանության զինանոցում հակակոռուպցիոն ուղղությունը մենաշնորհների դեմ պայքարի հետ մեկտեղ այսօրվա իշխանությունների լավ աշխատանքի ու համակարգը փոխելուն ուղղված քայլերի հիմնական փաստարկն է, այն դեպքում, երբ ընդդիմախոսները մատնացույց էին անում նոր իշխանության բազմաթիվ բացթողումներն ու թերությունները:
Սովորաբար հանրային բանավեճերն ավարտվում էին «այո, մենք անփորձ ենք և թերություններ ունենք, բայց, ի տարբերություն նախորդների, համակարգային կոռուպցիայի մեջ թաթախված չենք» արտահայտությամբ: Դրան անմիջապես հետևում էր այն, թե իբր յուրաքանչյուր քննադատության հետևում պետք է որոնել «լափամաններից զրկված կոռուպցիոներներին»: Պետք է նկատել, որ այդ փաստարկները մինչ վերջերս բավականին անխափան էին ներգործում հանրային տրամադրությունների վրա՝ համապատասխան հանրային կարծիք ձևավորելով և փաստացի զինաթափելով այսօրվա իշխանությունների ընդդիմախոսներին: Այս պարագայում վարչախումբն առավել քան ցավագին է ընկալում վերջին օրերին ի հայտ եկող կոռուպցիոն բացահայտ դրսևորումների դեպքերը, որոնք առնչվում են անմիջականորեն իշխանության վերնախավի ներկայացուցիչների կամ նրանց մտերիմների հետ:
Առհասարակ, եթե վերլուծում ենք կոռուպցիոն հնարավորությունները, ապա պետք է առանձնացնենք երեք հիմնական ուղղություն`
1. ֆինանսական միջոցների շարժ ներքևից վերև, որին կարող են ներգրավված լինել նաև երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները‚
2. պետական գնումների համակարգում փողերի լվացում, «ատկատներ» կամ հովանավորչություն‚
3. միջազգային, պետական և վարկատու տարաբնույթ դրամաշնորհներ‚ որոնք ուղղվում են փաստացի իշխանության ենթակայության տակ գտնվող հասարակական կազմակերպություններին:
Առաջին ուղղությունը, այն է՝ կենցաղային տեսանելի կոռուպցիոն դրսևորումներ, որ շորթվող գումարն ամենացածր օղակներից պետք է հասցվի բուրգի գագաթին, առայժմ Հայաստանում սառեցված է և ընդամենը արտահայտվում է, այսպես կոչված, «մանր փախցնոցիի» տեսքով: Միևնույն ժամանակ արդեն անժխտելի փաստ է, որ իշխանության վերին օղակներում կոռուպցիայի այս տեսակը փորձում են փոխհատուցել գաղտնի և բացահայտ պարգևատրումներով, պետական միջոցներից օգտվելու արտոնություններով: Վարչապետի և նրա ընտանիքի պարագայում խոսքն անգամ ցպահանջ ռեժիմի մասին է: Ավելի ցածր տրամաչափի պաշտոնյաները, թեպետ ավելի համեստ են իրենց ցանկությունների մեջ, սակայն նույնպես չեն խորշում օգտվել ընձեռված, համեմատաբար օրինական հնարավորություններից: Այնուամենայնիվ, կենցաղային մակարդակից կոռուպցիոն երևույթների իսպառ բացակայությունը և նախկին իշխանությունների ժամանակաշրջանի համեմատ ակնհայտ դրական պատկերը թույլ են տալիս գործող իշխանություններին ամենուրեք‚ այդ թվում նաև միջազգային ատյաններում թմբկահարել Հայաստանում համակարգված կոռուպցիայի իբր հաղթահարման մասին:
Երկրորդ ուղղությունը, որը կապվում է պետական գնումների համակարգի հետ, վերջին ամիսներին գրեթե բացահայտ վերածվել է համակարգային կոռուպցիայի և հովանավորչության հարթակի: Թեպետ երկար ժամանակ երևույթը քողարկված էր, այնուհանդերձ, աստիճանաբար սկսեց սիստեմատիկ բնույթ կրել, խոսքը‚ այսպես կոչված, «մեկ անձից» իրականացվող գնումների մասին է: Սովորաբար այդ գնումները բավականին պատկառելի ծավալի են և իրականացվում են իշխանության ներկայացուցիչների հետ փոխկապակցված կազմակերպություններից: Այժմ կարելի է փաստել, որ նման երևույթները կրում են համատարած բնույթ: Ընդ որում, բավականին մանրամասն ինֆորմացիաներ են հայտնվում նաև մամուլում՝ հենց իշխանության մեջ եղած անձանց շահերի բախումների պատճառով: Ի լրումն այս ամենի, լրջագույն կոռուպցիոն ռիսկեր են առկա նաև նախկին իշխանության հետ փոխկապակցված գործարարների, օլիգարխների և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ կնքվող գործարքների շուրջ: Այն գործարքները‚ որոնք իրականացվում են «ազատություն վճարումների դիմաց» սխեմայով‚ բացարձակապես ստվերային են, չեն կարգավորվում որևէ օրենքով և բնականաբար ամբողջովին կոռուպցիոն բնույթ են կրում: Ըստ էության, երկրորդ ուղղությունը թույլ է տվել կոռուպցիան ամբողջովին տեղափոխել իշխանության վերին՝ հասարակության կողմից չնկատվող և չվերահսկվող ատյաններ: Փորձագետների դիտարկմամբ, ընդհանուր առմամբ, «Նոր Հայաստանը» լիովին տեղայնացրել է զարգացած երկրների համակարգային կոռուպցիայի բազմամյա չափանիշներն ու փորձը:
Երրորդ ուղղությունը, որն առնչվում է դրամաշնորհների օգտագործմանը, նույնպես բավականին համակարգված կոռուպցիոն բաղադրիչ է ներառում այսօրվա իշխանական համակարգում: Այն բավականին ակտիվ կիրառվում է հատկապես իշխանության այն թևի մոտ, որն ունի հասարակական-քաղաքացիական ծագումնաբանություն: Այսինքն, պետության խողովակով ստացվող դրամաշնորհները սովորաբար ուղղվում են այն հասարակական կազմակերպություններին, որոնք անմիջականորեն կապված են այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Ընդ որում, խոսքը ոչ միայն միջազգային գրանտների, այլև բյուջեից և տեղական հիմնադրամներից ստացվող դրամաշնորհների, այդ թվում նաև Աննա Հակոբյանի վերահսկողության տակ գտնվող հիմնադրամների մասին է: Այս առումով, պետք է արձանագրել, որ ներկա իշխանություններն ամբողջովին կրկնում են նախկինների գործելաոճը‚ և թերևս ժամանակի հարց է, որ այս ամենի մասին տեղեկությունը հասու լինի հասարակության լայն զանգվածներին: Փորձագետների կարծիքով, վարչապետի վարկանիշի անկման և, դրան զուգահեռ, ներիշխանական միջխմբային պայքարի սրման վերաբերյալ բացահայտումները կկրեն ավելի զանգվածային և հաճախակի բնույթ:
Բացի կոռուպցիոն վերոնշյալ երեք ուղղություններից, այսօրվա իշխանությունների օրոք նկատելի դերակատարում ունեն տարբեր տնտեսական խմբավորումների շահերի լոբբինգն ու առաջխաղացումը: Այս առումով առավել ակտիվ են բուքմեյքերական, բանկային, շինարարական, դեղագործական և հանքարդյունաբերական ոլորտները: Ըստ փորձագետների դիտարկման, բավականին լուրջ գումարներ են ծախսվում իշխանական պատգամավորների և կառավարության անդամների միջոցով բիզնես շահերը լոբբինգ անելու համար:
Ինչպես արդեն նշել էինք‚ վերջին շրջանի իրադարձությունները իրոք մատնանշում են‚ որ նոր իշխանությունը նույնպես բավական արագ հարմարվեց «լավ ապրելու» ստանդարտներին‚ և եթե նախկիններին տարիներ էին պետք‚ որպեսզի գտնեին այդ լավ ապրելու համար անհրաժեշտ ուղիներն ու մեթոդները‚ ապա նորերից ոմանց ընդամենը մեկ-մեկուկես տարի պահանջվեց։ Կամազների շուրջ առաջացած սկանդալները‚ փոխնախարարների կոռուպցիոն հետաքրքրությունները‚ պոտենցիալ ներդրողների նկատմամբ ընտրողական մոտեցումներն ակնհայտորեն վկայում են‚ որ սկսում է գործել համակարգ։ Կամ արդյո՞ք կոռուպցիոն առնվազն լոբբիստական ռիսկեր չի պարունակում 10 միլիոն դրամով բանակից ազատվելու պատգամավորական նախաձեռնությունը։ Իհարկե‚ դա միայն ենթադրությունների ոլորտից է‚ սակայն այնուամենայնիվ դժվար է պատկերացնել‚ որ ասենք ինչ-որ փոխնախարար կարող է կաշառք վերցնել համակարգում ինչ-ինչ հարցեր լուծելու դիմաց և դրանում ներգրավված չլինի առնվազն իմացության մակարդակով վերջինիս նախարարը կամ ավելի վերին օղակի պաշտոնյա։ Ինչպես իմքայլական կարկառուն դեմքերից մեկը՝ Ալեն Սիմոնյանն է ասում՝ «էդ քանի՞ գլխանի են»։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ