ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Նիկոլ Փաշինյանի կոչերն ամբոխավարության միտում ունեն»

«Նիկոլ Փաշինյանի կոչերն ամբոխավարության միտում ունեն»
24.05.2019 | 01:12

Սահմանադրագետ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ այն համոզմանն է, որ սահմանադրականության խոր ճգնաժամից են բխում այսօր երկրում տեղի ունեցող մի շարք գործընթացներ: Վստահ է՝ Սահմանադրությանը չի կարելի վերաբերվել որպես զուտ տեխնիկական փաստաթղթի` հաշվի չառնելով դրա պահանջները և այն գրելու հետ մեկտեղ չստանձնել դրա համար պատասխանատվություն: Ըստ նրա` պետության կառավարման երեք թևերը` գործադիրը, օրենսդիրն ու դատականը, մեկը մյուսից անջատ են, բայց պետք է դիտվեն մեկ ամբողջականության մեջ. «Այս պահին այդ ամբողջականությունն ապահովված չէ, և դրա բացակայության հետևանքով ունենք մի իրավիճակ, երբ չկան չափանիշային համակարգեր, որոնցով պետք է որոշվի այդ երեք թևերի որակը: Իսկ որակները հասկանալու համար անհրաժեշտ են որոշակի չափանիշներ, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշել՝ ինչ պատասխանատվություն է ենթադրվում այդ թևերի որակի բացակայության համար»:


Ասում է՝ Հայաստանում այսօր ամբոխավարության միտում է նկատվում. կառավարման մի թևը սեփականշնորհելով՝ իշխանության ներկայացուցիչներն օգտագործում են հասարակության զայրույթն ու փորձում իրենց ձեռքում կենտրոնացնել ամբողջ կառավարումը: Հստակեցնում է՝ այս պահին դրա հիմքերն առկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերում: «Նրա կոչով դատարանների աշխատանքներին խոչընդոտած քաղաքացիների իրականացրած ակցիան ու նման վերաբերմունքը դատարանի նկատմամբ անթույլատրելի են: Դատարանները պետք է ապաքաղաքական մարմին լինեն, իսկ այդ ակցիան քաղաքական բնույթի էր ու ոտնահարում էր Սահմանադրության նորմերը: Կարծում եմ` ինչպես ցանկացած քաղաքացու, այնպես էլ լրագրողներին պետք է հուզի խնդիրը` ինչպես դուրս գալ իրավիճակից, ինչ անել, որ հետագայում նման խնդիր չունենանք:

Խորհրդարանական կառավարման մոդելը նմանատիպ երևույթներից զերծ պահելու համար ամրագրում է նախագահի ինստիտուտը: Եթե իշխանության թևերն այնքան էլ ճիշտ չեն պատկերացնում իրենց դիրքն ու տեղը, նախագահը դրա համար է, որ տարանջատման սկզբունքները կիրառի: Նախագահին պետք է հորդորել, որ նմանատիպ խնդիրների դեպքում խոր ներգրավվածություն ունենա: Նա պետք է կարողանա կոնսոլիդացնել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերը և նրանց միասին բերել կլոր սեղանի շուրջը: Ժողովրդի լայն զանգվածներին որքան էլ հաճելի լինեն նմանատիպ ակցիաները, այնուամենայնիվ, տրամաբանական գործողություններով պետք է առաջնորդվել է: Իսկ դրանց համար անհրաժեշտ է կոնցեպտ մշակել, որը միտված կլինի օրենսդրական փոփոխություններ սահմանելուն և այդ փոփոխությունների հիման վրա դատական համակարգի լեգիտիմությունն ապահովելուն: Եթե օրենքները չենք փոխում, ապա նմանատիպ ցանկացած գործողություն օրենքի շրջանակներից դուրս կլինի: Դատարանի ելքերը փակելով` խնդիրներին չենք կարող լուծում տալ: Նման իրավիճակից դուրս գալու ուղին ոչ թե փոխադարձ անհանդուրժողականությունն է, այլ կարող ուժերը կոնսոլիդացնելը»:


Վարդան Այվազյանը Փաշինյանի՝ դատարանի ու դատավորների աշխատանքին խոչընդոտելու մասին հայտարարություն-կոչն ու դրան հաջորդած իրադաձությունները սահմանադրական կարգը տապալելու փորձ չի համարում: Իհարկե, հավելում է, նրա կոչը գործող Սահմանադրության ոտնահարում է, բայց ոչ ավելին: Բացատրում է՝ սահմանադրական կարգի տապալում նշանակում է զավթել ժողովրդին պատկանող իշխանությունը, իսկ մի քանի ժամանոց նմանատիպ ակցիան ընդամենը որոշ հոդվածների ոտնահարում է: ՈՒ թեև սահմանադրական կարգի յուրացման ու իշխանության տապալման միջև ընդհանրություններ կան, և իշխանության տապալման գործողությունները սկսվում են իշխանության յուրացմամբ, բայց ակցիան իշխանության յուրացման խնդիր չուներ:


«Սահմանադրական կարգի տապալման դեպքում պետք է դիտարկենք հանցակազմի սուբյեկտային մասը, իսկ շարքային քաղաքացին կամ ընդդիմադիրը չի կարող սուբյեկտ լինել: Սուբյեկտ կարող են լինել նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը: Եթե նման կոչ աներ ընդդիմադիր գործիչը, նրան ու ակցիայի մասնակիցներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկեին ընդամենը: Բայց այս դեպքում կոչ է արել վարչապետը, ու այդ իրավախախտմանն աջակցելուն օգնել են ոստիկանները, որ քաղաքացիները խաթարեն դատավորի աշխատանքը: Նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքը շրջափակելը նույնպես սահմանադրական կարգի տապալման փորձ չէր: Պատգամավորին «պատանդ պահելու» քաղաքական ակցիա էր սոսկ: Սահմանադրական կարգի տապալում կլինի, երբ, օրինակ, հանրապետության նախագահն ասի, որ այս պահից Սահմանադրությունը չի գործում, ամբողջ իշխանությունը ես եմ կոորդինացնում, ժամանակավոր ակտեր եմ ընդունում, որով պետք է առաջնորդվենք և այլն: Սահմանադրական կարգի տապալման փորձ է իշխանության յուրացումը պետական ցանկացած թևի կողմից»,- մանրամասնում է սահմանադրագետ Վարդան Այվազյանը:


Նա տարօրինակ է համարում ԱԺ «Իմ քայլը» խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցի մեղադրական հայտարարությունը, թե դատարաններն այս մեկ տարվա ընթացքում նախաձեռնությամբ հանդես չեն եկել, որ իրենք էլ այդ նախաձեռնությունը կյանքի կոչեն: Այվազյանն ընդգծում է՝ դատական իշխանությունն իրավակշիռ իշխանություն է, և ԱԺ-ի ընդունած օրենքներն են, որ դատական մարմինները պարտավոր են կյանքի կոչել: «Ինչ վերաբերում է «vetting»-ին ու դատական համակարգին գնահատական տալուն, դրա համար պետք է ուսումնասիրել դատավորների` հատորներով, տարիներով քննած գործերը, մանրակրկիտ ծանոթանալ դրանց, բայց ծանոթանալուց առաջ անհրաժեշտ գիտելիքներ ունենալ, որպեսզի վեր հանենք ու հասկանանք` քննված գործերն ապօրինի՞ են եղել, թե՞ ոչ: Եթե օդի մեջ, առանց հստակ չափանիշներ ունենալու, պետք է գործընթաց սկսենք, միանշանակ թացը չորի հետ խառնվելու է»,- բացատրում է Այվազյանը, շեշտելով, որ դատական համակարգում կան նաև պարկեշտ, առաքինի ու բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ, ու ճիշտ չէ, առանց չափանիշային հստակ համակարգ ունենալու, թացը չորի հետ խառնել:


Դառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և գործը ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկելու որոշմանը՝ նշում է՝ դա խորամանկ քայլ չէ, իսկ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին, գոյություն չի ունեցել 2008-ին և լղոզված շարադրանք ունի այժմ: «Իսկ լղոզվածությունը տարընթերցումների առիթ կարող է տալ, այն չի համապատասխանում իրավական որոշակիության չափանիշներին. Եթե ՍԴ-ն այդ հոդվածը ճանաչի հակասահմանադրական, ապա ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի վրայից կհանվի: Իսկ եթե չճանաչի, մեղադրող կողմի և դատարանի համար պարզ կլինի գործի հետագա ընթացքը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ