Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետի վերահսկողությունից հանելու և սուպերվարչապետությունից հրաժարվելու հարցի մասին:
«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ միանաշնակ է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո: Բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է: Ի՞նչ է նշանակում նախարարություն ոստիկանության պարագայում, նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար: Սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակի կամ անուղղակի կուսակցականացվելու է: Այսօր կարգավորման արդյունքում ոստիկանության և իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է: Այսինքն՝ այնտեղ փոփոխությունները, այդ թվում՝ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված ու հանգիստ, որպեսզի բալանսը չխաթարվի և դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի: Իսկ նախարարի դեպքում հայեցողական պաշտոն է, կարելի է ցանկացած մեկին նշանակել այդ ուժային կառույցի ղեկավար»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ վերջն տարիների ընթացքում նախորդ տարի աննախադեպ դեպք է տեղի ունեցել, երբ ԱԱԾ տնօրենը գնացել է խորհրդարան ու անձամբ բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցել: «Սուպերվաչապետության մասին ես ասել եմ՝ այն, որ մենք սուպերվարչապետության համակարգից պետք է բալանսավորման գնանք, միանշանակ է: Բայց էլի եմ ասում՝ այդ պրոցեսը պետք է հասկանալ: Մարդիկ ուզում են, որ մի օրում դա արվի, այո, կարող ենք մեկ օրում անել, բայց կարող է պարզվել, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ, և երկրում անիշխանություն ստեղծվեց: Այսինքն՝ եկեք ասեք, էդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր Հայաստանում օրինականության, ժողովրդավարության, թափանցիկության համար: Այսօր ՀՀ պետական կառավարման համակարգը թափանցիկ է առավել, քան երբևէ»,- հավելեց նա:
Հարցին` հնարավոր է մեկ-երկու տարի՞ տևի այդ գործընթացը, Փաշինյանը պատասխանեց. «Կարող է պրոցես լինի, որ 3-4 տարվա ընթացքում տեղի ունենա: Ի՞նչ է տեղի ունեցել, վերջին 8-9 ամիսներին համոզվեցիք, որ Հայաստանում դիկտատուրա՞ է հաստատվել»: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը չի ուղարկվում խորհրդարան, վարչապետն ասաց՝ քանի որ նախարարությունները պետք է միավորվեն և 12 նախարարության մեջ տեղավորվեն, փորձում են գործընթացն իրականացնել անցնցում և սահուն: «Այս ողջ քննարկումը շատ լուրջ ճեղքում է կառավարության գործունեության և պետական համակարգի թախփանցիկության առումով, այս բողոքները, բացատրությունները: Կա խնդիր, որն արձանագրվել է, և այդ խնդիրն էլի պետք է հանրայնորեն քննարկենք, այդ խնդիրը հասկանանք ինչ խորության մեջ է և գանք համաձայնության, թե ինչպես պետք է խնդիրը լուծվի: Կառավարման համակարգն ունի առաձնահատկություն, խնդիրը պետք է լուծել այնպես, որ հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանենք», նշեց նա: