ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով իրեն վերապահել է սահմանադրի լիազորություններ

Վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով իրեն վերապահել է սահմանադրի լիազորություններ
21.12.2018 | 02:19

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) է ներկայացրել նաև իր այն փաստարկը, որը, պաշտպաններից Հայկ Ալումյանի տեղեկացմամբ, առաջացել է ՀՀ Վճռաբեկ դատարանի անհեթեթ որոշման արդյունքում: Ըստ այդ որոշման, անձի, տվյալ դեպքում՝ պաշտոնաթող նախագահի, տվյալ մեղադրանքի պայմաններում անձեռնմխելի լինել-չլինելը բխում է ոչ միայն նրանից՝ ինքը մեղսագրվող գործողությունը կատարել է որպես հանրապետության նախագա՞հ, թե՞ ոչ: ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ եթե նախագահի գործողությունները բխել են իր կարգավիճակից, ապա նա անձեռնմխելի է:


«Որպեսզի ընթերցողներն ավելի լավ պատկերացնեն, պարզեցնենք խնդիրը,- մեզ հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից ՀՀ փաստաբանների պալատի անդամ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԸ:- Մենք ունեցել ենք նախագահ, որն առնվազն երեք կարգավիճակ է ունեցել՝ որպես անհատ անձ, որպես հանրապետության նախագահ, և որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Այսինքն՝ եթե ինքը մեղադրվեր, ասենք, որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ այդ ֆեդերացիայի միջոցների յուրացման համար, ապա ինքը, անկախ նրանից, որ միաժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահն է եղել, անձեռնմխելի չէր լինի, որովհետև այդ գործողությունը չէր բխի որպես ՀՀ նախագահ իր կարգավիճակից: Եթե ինքը մեղադրվեր, օրինակ, նրա համար, որ իր ընտանիքի հետ ոչ աշխատանքային ժամերին ինչ-որ տեղ գնալիս, լինելով մեքենայի ղեկին, ինչ-որ մեկին վրաերթի է ենթարկել, այս առումով էլ ինքը չէր լինի անձեռնմխելի, որովհետև դա արած կլիներ որպես անձ, անձի կարգավիճակում: Սակայն, ցանկացած բան, որ արել է նախագահի կարգավիճակում, այդ բոլորի տեսանկյունից ինքն անձեռնմխելի է, ընդ որում, ՀՀ Սահմանադրությամբ: Սակայն, չնայած այս ամենին, Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ հետևյալ միտքն է արտահայտել, ընդ որում, հասկանալի չէ, թե ինչով է առաջնորդվել, բացի «բարի» ցանկություններից:


Ըստ հիշյալ պալատի որոշման, Ռոբերտ Քոչարյանն այն գործողությունների համար, որոնք կատարել է նախագահի իր կարգավիճակից ելնելով, այո, անձեռնմխելի է, բայց բացառությամբ այն դեպքերի, երբ իր լիազորություններն անցել է կամ գործել է իր սեփական, անձնական շահից ելնելով: Այսինքն՝ այդ դեպքերում նա անձեռնմխելի չէ: Վճռաբեկ դատարանը, սակայն, անտեսել է, որ այդ դեպքում կադաստրի կրտսեր աշխատողն էլ է անձեռնմխելի, եթե իր լիազորությունները չի գերազանցել և, միաժամանակ, չի գործել անձնական շահի համար: Հայաստանի և ոչ միայն Հայաստանի ցանկացած չինովնիկ ու նույնիսկ շարքային քաղաքացի անձեռնմխելի է, եթե իր լիազորությունները չի գերազանցում, եթե սեփական շահադիտական նպատակներով չի անում որևէ գործողություն:
Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞րն է ցանկացած չինովնիկից ու ցանկացած քաղաքացուց Հայաստանի նախագահի տարբերությունը, որի անձեռնմխելիությունը Հայաստանի Սահմանադրությամբ է ամրագրված կամ երաշխավորված: Ընդգծեմ, որ ՀՀ Սահմանադրությունը Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված վերապահումները, բացառությունները չի նախատեսում, հետևաբար ստացվում է, որ նշածս դատարանն իրեն, ըստ էության, վերապահել է սահմանադրի լիազորություններ՝ Սահմանադրության համապատասխան դրույթին նշածս բացառությունները հավելելով: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ, ըստ էության, իրավաստեղծ գործունեություն է իրականացրել, Սահմանադրության համապատասխան հոդվածի առնչությամբ այնպիսի բացառություններ է կատարել, այնպիսի վերապահումներ արել, որոնց մասին ոչ մի տեղ հնարավոր չէ կարդալ և ասել, որ, այո, ըստ այդ նորմի, նախագահն այդ դեպքում իրավունք չունի անձեռնմխելիությունից օգտվելու»:


Հայկ Ալումյանի հավաստմամբ, իրենք Վերաքննիչ դատարանում շատ լավ հասկացել են, որ եթե, ասենք, Վճռաբեկ դատարանը սխալ բան է արել, Վերաքննիչ դատարան դա ներկայացնես, թե չներկայացնես, միևնույն է, որովհետև Վերաքննիչ դատարանն իրավասու չէ, չի կարող իր որոշման մեջ գրել, որ Վճռաբեկ դատարանը սխալ է թույլ տվել՝ սահմանելով, թե որ դեպքերում նախագահը չի կարող օգտվել անձեռնմխելիությունից:
«Սակայն,- շարունակեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը,- մենք խնդիրը դրեցինք ուրիշ տեսանկյունից, մենք Վերաքննիչ դատարանին ասացինք հետևյալը՝ լավ, Վերաքննիչ դատարան, փաստորեն, ըստ Վճռաբեկ դատարանի, պետք է վերլուծես հետևյալ հարցը՝ արդյոք նախագահը դուրս չի՞ եկել իր լիազորությունների սահմաններից, ու եթե ասում ես, որ անձեռնմխելի չէ, որովհետև դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, փաստորեն իրականացնում ես ոչ թե կալանավորման հետ կապված դատավարություն, այլ արդեն գործն ըստ էության ես լուծում, որովհետև միայն գործն ըստ էության քննող դատարանը, ի վերջո, իր վերջնական դատական ակտով իրավունք ունի վճռելու՝ Ռոբերտ Քոչարյանն այդ հրամանագիրն արձակելիս դո՞ւրս է եկել իր իրավասությունների շրջանակներից, թե՞ ոչ, իր լիազորությունները գերազանցե՞լ է, թե՞ ոչ: Նշել էինք նաև, որ Վերաքննիչ դատարանը հիմա դրա իրավունքն ուղղակի չունի, քանի որ գործն ըստ էության քննելու խնդրով չի զբաղված, ընդամենը պետք է որոշի պարոն Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ թողնել-չթողնելու հարցը:
Վերաքննիչ դատարանին ժամանակին, ըստ էության, զգուշացրել էինք, որ եթե որոշելու է, թե պարոն Քոչարյանն անձեռնմխելի չէ, որովհետև իր լիազորությունների շրջանակը գերազանցել է, ապա ստացվելու է, որ ինքը՝ Վերաքննիչ դատարանը, համապատասխան դատարանի կողմից գործն առաջիկայում ըստ էության քննության առնվելու պարագայում, կանխորոշելու է այն քննող դատարանի կողմից կայացվելիք ապագա դատական ակտը, որի, ի դեպ, կայացման ոչ միայն ժամկետը, այլև նույնիսկ լինել-չլինելը դեռ հայտնի չէ: Վերաքննիչ դատարանին շատ պարզորոշ հասկացրել էինք, որ չի՛ կարելի այսպես վարվել, դա նաև անմեղության կանխավարկածի խախտում է լինելու, որովհետև կալանքի վերաբերյալ հարցը քննելիս, դատարաններն իրավունք չունեն տալու այնպիսի ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն մարդու անմեղությունը: Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, համարենք, թե դատարանն իրավունք ունի վճռելու, որ պարոն Քոչարյանն իրավունք չունի օգտվելու անձեռնմխելիությունից, որովհետև դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ապա դա վճռելու իրավունք ունի (ընդ որում, բոլոր ապացույցները հետազոտելուց հետո) միայն ա՛յն դատարանը, որը հետո գործն ըստ էության կքննի, բայց ոչ երբեք՝ անձի կալանավորման խնդիրը քննող դատարանը՝ կալանքի թույլատրելիության վերաբերյալ իր որոշմամբ:
Ընդգծեմ, որ մեր վերաքննիչ բողոքում բարձրացված այս հարցին նույնպես, ինչպես մյուս երեք հարցերին, որոնց արդեն անդրադարձել եմ, Վերաքննիչ դատարանն ընդհանրապես որևէ պատասխան չտվեց, չանդրադարձավ դրան, նախընտրեց չտեսնելու տալը և մեր վերաքննիչ բողոքով ներկայացված տվյալ փաստարկը շրջանցելը: Սա նույնպես վկայեց, որ Վերաքննիչ դատարանն ընկալել է այս հարցի կարևորությունը, չի ունեցել տվյալ հարցին պատասխան, և գերադասել է ընդհանրապես տպավորություն ստեղծել, որ այս խնդիրը չի էլ եղել: Սա ուղղակի բազմապատկում է կատարված խախտման էությունը, որովհետև մի բան է գրել դրա մասին և ապա օրենքից չբխող ինչ-որ մի հետևություն ներկայացնել դրա մասին (ինչն ընդամենը մեկ խախտում կլինի), և բոլորովին այլ բան է բերված այդ փաստարկը չընդունելով և այդպիսով մեկ խախտում թույլ տալով, միաժամանակ ձևացնելը, թե տվյալ փաստարկը չկա, ու դրան չանդրադառնալը: Դա արդեն բազմապատկում է դատարանի թույլ տված խախտումը:
Ես մի շատ կարևոր բան եմ տեսնում այստեղ, որ դատավորը ոչ միայն ուղիղ ցուցումով կամ վերևից ինչ-որ մեկի հոնքերի շարժման արդյունքում եզրակացրել է, որ ինքը հստակ պատվեր ունի պարոն Քոչարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ թողնելու, այլ նաև եզրակացրել է, որ ինքը հստակ պատվեր ունի, որ պարոն Քոչարյանը պետք է հայտնվի կալանքի տակ անպայման մինչև ընտրությունները: Տեսեք շատ հասարակ թվաբանական մի այսպիսի վերլուծություն. դատավորը դատավարությունն ավարտեց դեկտեմբերի 4-ին, թեև մենք դեռ ահագին ասելիքներ ունեինք: Ամսի 9-ին պետք է ընտրությունները լինեին և եղան: Դատավորը որոշման հրապարակումը նշանակեց ամսի 7-ին, ուրբաթ օրը, այդ օրն էլ հրապարակեց և ասաց, որ դատական ակտի գրավոր շարադրանքը պատրաստ կլինի ամսի 10-ին, բայց ամսի 10-ին դատական ակտը դեռ պատրաստ չէր, դեկտեմբերի 11-ին էլ պատրաստ չէր, միայն 12-ին պատրաստ եղավ, այդ դեպքում ո՞ւր էր շտապում դատավորը, ինչո՞ւ էր շտապում… Ամեն ինչ շատ պարզ է՝ շտապում էր, որպեսզի դատական ակտը հրապարակի նախքան ընտրությունները: Ես չգիտեմ՝ ինչ-որ մարդկանց հոնքերի շարժումի՞ց էր ինքն այդ եզրակացությանը հանգել, որ կա այդպիսի ցանկություն, և ինքն էլ ընդառաջ գնալով այդ ցանկությանը, այդ բանն արել էր, թե իրեն ուղիղ այդ մասին ասվել էր: Համենայն դեպս, այստեղ հստակ է, որ դատավորն ուզեցել է այդպես վարվել»:


Ըստ Հայկ Ալումյանի, իրենք բարձրացրել էին նաև հանրությանը հայտնի գաղտնալսումների, այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դատավորի կամ դատարանի որոշման վրա ներազդելու հարցը, սակայն Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ անդրադառնալով այդ հարցին, գրել է մի բան, որ ընթերցողը չի հասկանա, նույնիսկ ինքը մինչև հիմա չի հասկանում, թե ինչ է գրել, դա ուղղակի, մեղմ ասած, մի բառակույտ է, որը երևի պետք է նստեն ու վերլուծեն երկու մասնագետ՝ հոգեբան և լեզվաբան, որպեսզի հասկանան, նախ, ինչ է գրվել, և ինչ հոգեվիճակում է գրվել: Ահա այդ բառակույտը բառացի մեջբերմամբ.
«Այդուհանդերձ սույն որոշման 15-րդ, 18-19-րդ և 21-23-րդ կետերում արձանագրված դատողությունների ու եզրահանգումների լույսի ներքո վերստին անդրադառնալով սույն որոշման 13-րդ կետում նշված գաղտնալսման առնչությամբ պաշտպանության կողմի փաստարկներին՝ հարկ է հավելել, որ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափության վերաբերյալ վերոնշյալ կետերում արձանագրված հետևություններն իրենց հերթին վկայում են Առաջին ատյանի դատարանի վրա ենթադրյալ ազդեցության, ինչպես նաև կալանավորման ոչ իրավաչափ նպատակի վերաբերյալ փաստարկների՝ գործի լուծման վրա ազդեցություն ունենալու մասին ենթադրությունների և շահարկումների՝ Վերաքննիչ դատարանի կողմից քննության առարկայի մասով, հիմնազուրկ լինելու մասին»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ