Մենք ապրում ենք աբսուրդի իրականությունում։ Այն, ինչ այս օրերին ենք լսում ու տեսնում, դժվար է առողջ դատողության պրիզմայով բեկել։ Անունը քարոզարշավ է, բայց միմյանց հանդեպ ատելություն է հորդում։ Քարոզարշավային աբսուրդներին դեռ մի կերպ կարելի է դիմանալ, գիտակցելով, որ ընդամենն օրերի հարց է (չնայած, ուր էր, թե անմտություններն այս մի քանի օրով ավարտվեին), սակայն նախընտրական գզվռտոցը ոչինչ է Հայաստանի իրավական ոլորտի ղեկավարների անհասկանալի հայտարարությունների կողքին։
Այս «թատրոնում» անսպասելի հայտնվեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը՝ էլ ավելի խճճելով ներքաղաքական մղձավանջը։ Իսկ ի՞նչ է ասում հայտնի գաղտնալսման մասին գաղտնալսված ԱԱԾ ղեկավարը. «Հայտնի է իրականացնողների մոտավոր շրջանակը, բայց չկան փաստական հանգամանքներ: Կան մարդիկ, ովքեր իրենց դիրքով, տեղով տեղեկացված են լինում: Սեպտեմբերի 6-ից այդ տեսանյութը եղել է համացանցում և սեպտեմբերի 11-ին է դարձել հանրության լայն շերտերին հասանելի: Տեղեկատվությունը տարածելու և հետքեր չթողնելու համար իրենք պետք է գործեին շատ զգույշ: Եթե մենք կարողանայինք ֆիքսել տեսանյութի տարածման սկզբնաղբյուրը, հասկանալի է, որ կծիկը կկարողանայինք քանդել: Մենք չենք կարողանում գտնել սկզբնաղբյուրը»։ Այնուհետև Հայաստանի անվտանգության թիվ մեկ պատասխանատուն հայտարարում է, թե մարդիկ, որոնք իրականացրել են գաղտնալսումը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն ու ողջ իրավական համակարգը ջանք ու եռանդ չեն խնայելու գործը բացահայտելու համար, նրանք շատ լավ են պատրաստված եղել, հետքեր չեն թողել, որով հնարավոր լինի մեղադրանք առաջադրել տարբեր մարդկանց։
Առավել աբսուրդային բան հնարավոր չէ պատկերացնել. փաստորեն, երկրի անվտանգային համակարգն այնքան խոցելի է, որ եթե մեկը որոշի խարխլել դրա հիմքերն ու երկրի մասին ցանկացած տեղեկություն ստանալ, կարող է պրոֆեսիոնալ գործել ու, այսպես ասած, ջրից չոր դուրս գալ։ Ի՞նչ է նշանակում «շատ զգույշ են գործել», ստացվում է` ԱԱԾ-ն ի վիճակի է բացահայտելու միայն անզգու՞յշ գործողներին։ Բայց այս ամենում մի հետաքրքիր դրվագ կա. որոշ ժամանակ առաջ Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե գաղտնալսումը կատարել է բոլորին հայտնի անձ, մինչդեռ այսօր անգամ սկզբնաղբյուրը չեն կարողանում բացահայտել, էլ ուր մնաց կոնկրետ անձի։ ՈՒրեմն ջուրը չտեսած ինչու էր «բոբիկանում» ԱԱԾ ղեկավարը, երբ այսօր ոչ սկզբնաղբյուրն է կարողանում բացահայտել, ոչ փաստական հանգամանքները։ Սա ոչ միայն այս ոլորտի մեծ խնդիրների մասին է վկայում, այլև բուն գործառույթներից գլուխ չհանելու։ Ի վերջո, մի քանի օլիգարխի ու կաշառակերի ԱԱԾ-ով բացահայտելը մեծ բան չէ, տեղեկացված ցանկացած անձի էլ հարցնեիր, նրանց տեղն ու ունեցվածքի մոտավոր չափը կասեր։
Հետաքրքիր է` այսպիսի ԱԱԾ-ով ի՞նչ արտաքին վտանգների առաջ կարող ենք կանգնել, եթե Արթուր Վանեցյանը խոստովանում է, թե «ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են դիմել նման քայլի և գաղտնալսել երկրի ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին ու այդ խոսակցությունները հրապարակել»։ Իսկ Արթուր Վանեցյանը գիտի՞, թե թշնամու մտքով ի՜նչ մտքեր կարող են անցնել, որ իրենց մտքի ծայրով անգամ չի անցնի։ Հետո էլ ԱԱԾ պետն առանց վարանելու ասում է, թե չի վախենում, որ իրեն կձայնագրեն, կարող են անգամ հեռարձակել ուղիղ եթերով։ Փաստորեն, այս պաշտոնյան դեռ չի հասկացել, որ կարևորն այն չէ, թե ինքն ինչ է խոսում, այլ այն խայտառակ փաստը, որ Հայաստանի ազգային անտանգության պետին կարող են հեշտորեն գաղտնալսել ու չբացահայտվել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ