ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչու՞ է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը ձևավորվել ՀՀ կառավարության որոշման պահանջի խախտմամբ

Ինչու՞ է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը ձևավորվել ՀՀ կառավարության որոշման պահանջի խախտմամբ
10.07.2018 | 00:42

Վերջին շրջանում իրականացվել են ՀՀ-ում գործող տեսչական մարմինների կառավարման խորհուրդների համալրման, իսկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի պարագայում` այդ խորհրդի ձևավորման աշխատանքներ: Դրանց ոչ միայն լիազորությունները և գործառույթները, այլև հենց ձևավորման սկզբունքները և այդ սկզբունքներին փաստացի կատարված աշխատանքների համապատասխանությունը շատ կարևոր են, թե հետագայում ինչպես կգործեն տեսչական մարմինները, որոնց աշխատանքները նախկինում կապված են եղել կոռուպցիոն սկանդալների հետ կամ առնվազն պարունակել են կոռուպցիոն ռիսկ:


Ցավալի է, բայց արդեն իսկ կան բողոքներ և ահազանգեր, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը, ինչպես նաև այլ տեսչական մարմինների կառավարման խորհուրդներ ձևավորվել, համալրվել են անառողջ պայմաններում, ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ, հասարակական, գիտական և այլ կառույցների ներկայացուցիչները նրանցում ընդգրկվել են կամայականորեն, ենթադրաբար ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի ցանկությամբ:


Նկատի ունենալով հիշյալ բողոքները, ահազանգերը և նպատակ ունենալով պարզելու դրանց համապատասխանությունն իրականությանը, հարկ եղած դեպքում նաև նախաձեռնելու լրագրողական հետաքննություն, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանին ուղղում ենք հետևյալ հրապարակային հարցումը.


1. Ինչու՞ ՀՀ կառավարության 18.06.2015 թ. թիվ 677-Ն որոշմամբ հաստատված կարգով չի ձևավորվել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը, մասնավորապես` խորհրդի կազմում համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնողների իրավունքների պաշտպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, գործարար շահերը ներկայացնող միավորումների և գիտական կազմակերպության ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով, տեսչական մարմինն իր կամ լիազոր մարմնի պաշտոնական կայքում ինչու՞ չի հրապարակել հայտարարություն` խորհրդի կազմում ընդգրկվելու դիմում ներկայացնելու համար սահմանելով մեկամսյա ժամկետ, ինչպես դա նախատեսված է ՀՀ կառավարության հիշյալ որոշման թիվ 2 հավելվածի 3-րդ կետով:


2. Թիվ 2 հավելվածի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կազմակերպությունները, նույն հավելվածի 6-րդ կետի համաձայն, արդյոք ներկայացրե՞լ են իրենց կողմից հետապնդվող նպատակների և խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացված կամ իրականացվող ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամանակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություն, եթե այո, խնդրում ենք ներկայացնել խորհրդի անդամներից Հ. Ավագյանի և Ա. Առաքելյանի ներկայացրած ու վերոնշյալ տեղեկությունը ներառող փաստաթղթերի պատճենները:


3. Կառավարության հիշյալ որոշմամբ հաստատված կարգով, ըստ էության, սահմանված է մրցութային կարգ, ըստ որի, «Տեսչական մարմինը սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող կազմակերպությունների թվից ընտրում է խորհրդի անդամության թեկնածուներին»: Հասարակական, գործարար շահերը ներկայացնող ո՞ր միավորումները և գիտական ո՞ր կազմակերպություններն են իրենց ներկայացուցչին կառավարման խորհրդի կազմում ընդգրկելու դիմում ներկայացրել, և նրանցից ո՞ր կազմակերպությունները կամ կազմակերպությունների ներկայացուցիչներն են բավարարել թիվ 2 հավելվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները:


4. Թիվ 2 հավելվածի 8-րդ կետի համաձայն, «Խորհրդի անդամության թեկնածուներն ընտրվում են ներքին գնահատման համակարգի միջոցով: Ներքին գնահատման համակարգը բաղկացած է 10 սանդղակից՝ 1-ից մինչև 10 համարակալմամբ, որտեղ 1-ին սանդղակը համակարգի վերին շեմն է, իսկ 10-րդ սանդղակը՝ ստորին»: Պահպանվե՞լ է, արդյոք, այդ կարգը, և այն չի՞ դարձել ինքնանպատակ, եթե կառավարման խորհրդում ընդգրկված անձինք մրցակիցներ չեն ունեցել:


5. Ձեր ղեկավարած տեսչական բարեփոխումների աշխատանքային խումբը (այժմ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ) ստեղծման օրվանից առայսօր որքա՞ն գումար է ստացել ՀՀ պետական բյուջեից և միջազգային կառույցներից (խնդրում ենք նշել միջազգային որ կառույցներից, և եթե օգնել են նաև ոչ ֆինանսապես, ապա նշել նաև այլ կերպ ստացված օգնության բնույթը):


6. Ինչպե՞ս են ծախսվել վերը նշված միջոցներն ըստ տարիների:


7. Դուք ժամանակին Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համագործակցության ասոցիացիայի հիմնադիրներից մեկն եք եղել, կառավարման խորհրդի կազմում ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանի ընդգրկումը կոռուպցիոն ռիսկ չի՞ պարունակում:


8. Արդյոք Ձեր նպատակը կամ նպատակներից մեկը խորհուրդներում վերահսկելի, կառավարելի մարդիկ ունենալը չէ՞:


9. Ձեր ղեկավարած ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում (այժմ՝ գրասենյակ) չունե՞ք աշխատակիցներ, որոնք ձգտում են անցնել այս կամ այն տեսչական մարմին աշխատանքի՝ ղեկավարի կամ տեղակալի կարգավիճակով:


10. Որտեղ և ե՞րբ է հրապարակվել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի ընտրության համար մրցույթի հրավերի հայտարարությունը (խնդրում ենք տրամադրել համապատասխան աղբյուրի հղումը):


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ