ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանում արձանագրվել է ազատազրկման վայրերում մահացության ամենաբարձր ցուցանիշը

Հայաստանում արձանագրվել է ազատազրկման վայրերում մահացության ամենաբարձր ցուցանիշը
25.03.2018 | 11:47

Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջինն է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով` վկայում է Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցը: Հայաստանի բանտերում 2015-ին 28 մարդ է մահացել, հինգը գտնվել են նախնական կալանքի տակ, երեքը դիմել են ինքնասպանության: Հայաստանում յուրաքանչյուր 10 հազար կալանավորից 70-ը մահանում է պատժաչափը չավարտած, որ երկու անգամ գերազանցում է մյուս երկրներում արձանագրված միջին ցուցանիշը:

Առաջինը լինելով մահացության թվով՝ Հայաստանը Եվրոպայում վերջիններից մեկն է կալանավորների վրա ծախսվող գումարի չափով: Զեկույցը փաստում է, որ միջինում Եվրախորհրդի անդամ երկրներում յուրաքանչյուր ազատազրկված քաղաքացու համար բյուջեից տրամադրվում է մոտ 50 եվրո, Հայաստանում՝ 5 անգամ քիչ՝ 11 եվրոյից մի փոքր ավելի: Այս ցուցանիշով Հայաստանից ավելի վատ արդյունք միայն Մոլդովան է արձանագրել: Ըստ զեկույցի, Հայաստանի բանտերը շարունակում են մնալ ծանրաբեռնված․ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է հասնում մոտ 130 կալանավոր, ինչը բարձր է եվրոպական մյուս երկրների միջին ցուցանիշից:
Զեկույցը փաստում է, որ չնայած եվրոպացի փորձագետների հորդորներին՝ Հայաստանում իրավապահները շարունակում են նախաքննության ընթացքում լայնորեն կիրառել կալանքը՝ խուսափելով խափանման այլ միջոցներից:


«Բանտերի ծանրաբեռնվածությունը հատուկ է նախկին Խորհրդային Միության ու Արևելյան Եվրոպայի երկրներին,- ասում է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Լոզանի համալսարանի պրոֆեսոր Մարսելո Աեբին:- Կալանավորների համամասնությամբ առաջատար երկրները հենց այդ տարածաշրջանում են, այդ՝ առավել պատժիչ մշակույթը եկել է անցյալից: Ի տարբերություն, ասենք, Արևելյան Եվրոպայի, այս երկրները դեռ պահպանում են քրեական քաղաքականությունը, որն առավել խիստ է, շատ դեպքերում սահմանվող պատժաչափերն էլ առավել երկար են»: Հայաստանում, ըստ զեկույցի, առավել ծանր պատժաչափի՝ հինգ և ավելի տարվա ազատազրկման է դատապարտված կալանավորների 40 տոկոսից ավելին, երկու անգամ գերազանցում է եվրոպական երկրներում արձանագրված միջին ցուցանիշը: Հայաստանի դատարանները խիստ հազվադեպ են կիրառում մինչև մեկ տարվա ազատազրկումը․ եթե եվրոպական մյուս երկրներում միջինում կալանավորների 13 տոկոսն է նմամ մեղմ պատճաչափի դատապարտվում, Հայաստանում այդ ցուցանիշը անգամ 2 տոկոսի չի հասնում: Հանցանքների շարքում ամենից հաճախ հանդիպում են գողությունը, ոտնձգությունը մարդու սեփականության նկատմամբ ու առողջությանը հասցված վնասը:
Զեկույցում առանձնանում են նաև տարածաշրջանի մյուս երկրները: Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը առաջատարներն են կալանավորների համամասնությամբ․ այստեղ յուրաքանչյուր հարյուր հազար բնակչին բաժին է ընկնում մոտ 240 կալանավոր, որ երկու անգամ գերազանցում է եվրոպական միջինը: Թուրքիան ռեկորդ է արձանագրել՝ 10 տարում 161 տոկոսով ավելացնելով ցուցանիշը:


Վրաստանը Եվրոպայի առաջատարն է գողության համար դատապարտվածների թվով` ցուցանիշը հինգ անգամ գերազանցում է եվրոպական մյուս երկրներում արձանագրված միջինը:

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ